Երեկ Իրանում նշվում էր Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի վերադարձի 31-րդ տարեդարձը: Աքսորի մեջ անցկացնելով 14 տարի, Խոմեյնին 1979 թվականի փետրվարի 1-ին Փարիզից վերադարձավ Թեհրան, որտեղ նրան միլիոնավոր մարդիկ գրկաբաց ընդունեցին: Խոմեյնիի վերադարձից ծայր առավ Իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում Իրանում տապալվեց ամերիկյան աջակցությունը վայելող շահի իշխանությունը: Խոմեյնին ստանձնեց Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնը մինչեւ իր մահը` 1989 թվականը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ երեկ առավոտյան այցելել են հանգուցյալ առաջնորդի դամբարանը Թեհրանում: Փետրվարի 1-ից սկսած 10 օր շարունակ Իսլամական Հանրապետությունում հանդիսավոր արարողություններ եւ հրապարակային միջոցառումներ են նախատեսված, որոնք նվիրված են 1979 թվականի հեղափոխությանը, մինչդեռ իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ: 2009 թվականի հունիսի 12-ի ընտրություններից հետո, որի արդյունքում նախագահ վերընտրվեց Մահմուդ Ահմադինեջադը, Իրանում պարբերաբար արյունալի բախումներ են տեղի ունենում ընդդիմության համակիրների եւ անվտանգության ծառայությունների միջեւ: