Տուգանվել են

05/02/2010

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երեւան» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500.000-ական դրամով` Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար: Առաջին երեքը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին: Նրանց տրամադրած տեղեկատվությունն այժմ ուսումնասիրության ընթացքում է եւ հակամրցակցային համաձայնությանը մասնակից լինելու հանգամանքը պարզվում է: Վերջին ընկերությունը` չնայած լայն սպառման շուկաներում գործող ընկերություններին նախաամանորյա շրջանում տրված հանձնարարությանը, որ գների ցանկացած բարձրացման դեպքում երկօրյա ժամկետում Հանձնաժողովին հիմնավորումներ ներկայացնեն, սահմանված ժամկետում տեղեկատվություն չի ներկայացրել: Ավելի ուշ Հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգն է պարզել, որ նորզելանդական կարագի գինը բարձրացել է: Անհրաժեշտ հիմնավորումները ներկայացված են: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ` դեղորայքի շուկայում գործող «Ֆետիդա Ֆարմ» ընկերությունում ստուգումներ են նշանակվել` հակամրցակցային համաձայնության կայացման կասկածանքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ներկայացված տեղեկատվության հավաստիությունը պարզելու նպատակով: