Կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովը, իր վերջին «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմն անվանում է «հոգու պահանջ»։ Երկար տարիների ընթացքում նա ստեղծել է այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային կինոյում հիթային են դարձել՝ «Մենք ջազից ենք», «Ձմեռային երեկո՝ Գագրայում», «Կուրիեր» եւ ոչ միայն մրցանակների են արժանացել, այլեւ սիրվել են հանդիսատեսի կողմից։ «Հավատացեք, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես պետք է ֆիլմ անեմ, որպեսզի դուր գամ հանդիսատեսին։ Սակայն իմ վերջին ֆիլմում ես նման նպատակ չեմ դրել։ Ստացվել է այն, ինչ ստացվել է։ Կուզեք՝ կնայեք, չեք ուզի՝ չեք նայի»,- ասում է նա։ Չեխովի համանուն պատմվածքի վրա ստեղծած «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմը իրենից ժանրային խառնուրդ է ներկայացնում։ Ֆիլմը նկարահանված է վավերագրական կինոյին հատուկ ոճով, իսկ ֆիլմի դերասաններ են դարձել ոչ միայն պրոֆեսիոնալները, այլեւ հոգեբուժարանի իրական հիվանդները։ Եվ եթե Շեքսպիրը պնդում էր, որ աշխարհը թատրոն է, իսկ մարդիկ՝ դերասաններ, ապա Կ.Շահնազարովը ցուցադրում է, որ աշխարհը հոգեբուժարան է, իսկ մարդիկ, որոնք այսօր որոշումներ են կայացնում, վաղը կարող են հայտնվել այդ որոշման զոհերի կարգավիճակում (հիվանդանոցի ճաղավանդակի ետեւում)… Այս ֆիլմի մեջ հայտնվել են դրվագներ, որոնք բնավ էլ ռեժիսորի կողմից բեմադրված չեն եղել, այդ կադրերը նկարահանման հրապարակում ինքնաբուխ են ծնվել եւ մտել են ֆիլմ՝ որպես ժամանակակից չեխովյան մոտիվներ։ «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմը դիտելը հեշտ գործ չէ, սակայն այդ ֆիլմը ակնհայտ ցուցադրում է, որ խաղարկային կինոն ձեռք է բերում նոր որակ, այն փորձում է նմանվել իրական կյանքին ոչ միայն փիլիսոփայությամբ, այլեւ՝ արտահայտչամիջոցներով։ «Ոսկե արծիվ» կինոփառատոնում ֆիլմը վերջերս մրցանակի է արժանացել՝ համարվելով լավագույն ռեժիսորական աշխատանք։