Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 92 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան գրականության վերջին դասական Ջերոմ Սելինջերը, ով երկար տարիներ լուռ ու միայնակ ապրում էր Նյու Հեմփշիրում գտնվող իր պարսպապատ տանն ու հրաժարվում էր հարցազրույցներից ու ելույթներից։
Նման որոշումը գրողը ընդունել էր վաղուց, դեռ 1965 թվականին, երբ լույս աշխարհ եկան նրա ամենավառ ու խելահեղ հաջողություն ունեցող «Տարեկանի արտում» վեպն ու Սիմոր Գրասսի ինտելեկտուալ ընտանիքի մասին պատմող պատմվածքները։ Հրապարակային ելույթներից խուսափելուց բացի, Սելինջերը նաեւ ակտիվորեն պայքարում էր իր ստեղծագործությունների վերատպման դեմ։ Մի քանի անգամ նա կանխել է իր ձեռագրերի ու անձնական նամակների տպագրումը։ Իսկ անցյալ տարի նա իրավաբանների օգնությամբ դիմեց դատարան ու արգելեց իր ստեղծագործությունների երկրպագուի կողմից գրված «60 տարի տարեկանի արտում» վեպի շարունակության տպագրությունը՝ ապացուցելով, որ դա խախտում է իր հեղինակային իրավունքները եւ պետք է որպես պլագիատ որակավորվի։ Իր կյանքի օրոք ոչ ոք իրավունք չուներ ոչ միայն օգտագործել իր ստեղծագործությունները, այլեւ նույնիսկ ցիտել դրանք։ Սելինջերը վետո էր դրել իր արածի վրա։ Հրեական արմատներ ունեցող հարուստ պանրավաճառի ընտանիքում ծնված գրողը դեռ պատանի հասակում ծայրաստիճան ինքնուրույն ու ըմբոստ է եղել։ Հայտնի է, որ նա մի քանի համալսարաններում է սովորել, սակայն ոչ մեկն էլ չի ավարտել, մեկնել է Եվրոպա՝ երշիկների արտադրության գաղտնիքները ուսումնասիրելու նպատակով, սակայն շատ արագ հրաժարվել է այդ գործը շարունակելուց։ Իսկ 1942 թվականին ամերիկյան բանակի կազմում Սելինջերը հայտնվել է Նորմանդիայում՝ մասնակցելով ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը… Իր առաջին ռազմական պատմվածքները գրողը չի հավանել՝ համարելով դրանք իմիջիայլոց արված աշխատանք։ Փառք բերեց Սելինջերին վարանող ու դեպրեսիվ տրամադրություններ ունեցող 16-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի որոնումների մասին պատմող «Տարեկանի արտում» վեպը, որը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ ու միանգամից անցավ դասական ստեղծագործությունների շարքը։ Նորություն էին եւ՛ վեպի հերոսի կերպարը, եւ՛ վեպի հայհոյախառն բառապաշարը, եւ՛ վերջիվերջո՝ հարցադրումները։ Մինչ Սելինջերը ոչ մի ամերիկյան գրող չէր համարձակվել այդքան սուր, ցավագին ու կարեւորը՝ հասկանալի ցուցադրել այն պատանիներին, որոնք փորձում են իրենց տեղը զբաղեցնել պոստմոդեռնիստական աշխարհում։ Սելինջերի հերոսները մարդիկ էին, որոնք հոգեւոր փնտրտուքի մեջ էին։ Եվ նրա բոլոր ստեղծագործություններում իրականության նշաններից բացի՝ կարելի էր նկատել նաեւ հեղինակի կրոնական որոնումները, որոնք գտնվում էին բուդդիզմի ու քրիստոնեության փիլիսոփայության հատման կետում։
Սելինջերը դասական էր համարվում կյանքի օրոք, թեեւ նրա իրական կենսագրությունն ու գրական ժառանգությունը մինչ այսօր կիսով չափ են հայտնի։ Եվ աշխարհը դեռ նոր պետք է բացահայտի իրական Սելինջերին։ Նա կարծես զուրկ է եղել եւ՛ կարիերա կառուցելու, եւ՛ գումար վաստակելու, եւ՛ հաջողակ դառնալու մղումներից։ Եվ թերեւս այդ պատճառով էլ խզել է իր հարաբերությունները ոչ միայն իր հոր, այլեւ՝ ողջ աշխարհի հետ։ Կես դար շարունակ նա ինքնակամ «փակվել» է իր առանձնատանն ու կարծես աշխարհում կատարվածին ուշադիր հետեւել՝ փոքր մի պատուհանի փեղկից։ Եվ երբեք չի դադարել գրել։ Գրողի դուստրը` Մարգարեթ Սելինջերը պնդում է, որ իր հայրիկի տունը ուղղակի «խեղդվում» է տարիների ընթացքում ստեղծած ձեռագրերից, որոնց բացահայտումը դեռ առջեւում է։ Պետք է սպասել, որ շուտով նա կսկսի իր հայտնի հոր ձեռագրերի հավաքագրումն ու տպագրումը։ Այնպես որ, աշխարհը նոր բեստսելերներ կստանա, որոնց հեղինակը համաշխարհային գրականության ամենաառեղծվածային դասականներից մեկն է։
Եվ որի ստեղծածի մեջ դեռ շատ «բաց» էջեր կան։