Երեկ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտից շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան:
Երիտասարդները «Պատժել Մարտի 1-ի ոճրագործներին» ցուցապաստառը բռնած՝ շարժվել են Աբովյան փողոցով, անցել Հանրապետության հրապարակով, ՀՀ Արտաքին գործերի նախարարության եւ Գլխավոր դատախազության շենքերի մոտով` հասնելով Մյասնիկյանի արձանի մոտ:
Երեկվա ակցիան նվիրված է եղել Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Անցնելով ՀՀ Գլխավոր դատախազության եւ ԱԳՆ շենքերի մոտով, երթի մասնակիցները սկսել են սուլել եւ էլ ավելի բարձր ու միահամուռ գոռալ` ամոթ: Իսկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ կանգնած զբոսաշրջիկները սկսել են հետեւել երթի մասնակիցներին, իսկ ոմանք էլ տեսանկարահանել կամ լուսանկարել են:
Մյասնիկյանի արձանի մոտ հասնելիս երթի մասնակիցները սկսել են լուռ, բռունցքները վեր բարձրացրած քայլել փողոցի մի հատվածով: Դա դուր չի եկել Ոստիկանության աշխատակիցներին, որոնք մեքենայով հետեւելով երթին` կոչ են արել փողոցից դուրս գալ: Մյասնիկյանի արձանի մոտ երթի մասնակիցները մեխակներ են դրել, մի պահ լուռ կանգնել, իսկ ապա` երթով շարժվել են ՀԱԿ գրասենյակ: