«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացը չպետք է վնասվի»,- երեկ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն` շեշտելով, որ Թուրքիայի համար կարեւոր է շարունակել գործընթացը: «Այդ պատճառով մենք կանենք հնարավոր ամեն ինչ: Մենք ուշադրություն չենք դարձնի այն քննադատություններին, քանի որ, մեր կարծիքով, մենք ճիշտ ենք վարվում»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Դավութօղլուն տեղեկացրել է, որ նախորդ օրը ՀՀ արտգործնախարարի հետ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում իրենք փոխանակել են կարծիքներ: «Նալբանդյանն ու ես կիսվել ենք մեր մտահոգություններով»,- նշել է Դավութօղլուն: Պատասխանելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մասին հարցին` Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Թուրքիան հավատացած է` հայ-թուրքական գործընթացը ճիշտ ուղղությամբ չի ընթանա` հաշվի առնելով դիտարկումները, որոնք հակասում են Արձանագրությունների տառին եւ ոգուն: «Մենք հարգում ենք ցանկացած երկրի ներքին համակարգը: Այն, որ Արձանագրությունները ներկայացվել են ՀՀ Սահմանադրական դատարան, Հայաստանի ներքին գործն է: Մեզ հետաքրքրում է այն, որ ստորագրված Արձանագրությունները չփոխվեն»,- ասել է Դավութօղլուն` ավելացնելով, որ «հայ-թուրքական հարաբերությունները շատ ծանր փուլեր են ապրել, եւ այսօր մենք ինչ-որ կետի ենք հասել»: «Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը դժվարին ուղի անցնելուց հետո չպետք է վնասներ կրի: Ամեն դեպքում, որպեսզի կարգավորումը տեղի ունենա, հարկավոր է դրսեւորել փոխադարձ բարի եւ քաղաքական կամք: Հինգշաբթի մենք շատ անկեղծ հանդիպում ենք ունեցել պրն Նալբանդյանի հետ: Հայկական կողմը տեղյակ է մեր տեսակետի մասին»,- հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն: