Ազատ է արձակվել

30/01/2010

Երեկ դատապարտյալների հիվանդանոցից երկու տարվա պատժաժամկետը կրելուց հետո ազատ արձակվեց քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանը: Նրան դիմավորելու էին եկել ընկերները, Կոնգրեսի ներկայացուցիչներ եւ նախկին քաղբանտարկյալներ:

Հիշեցնենք, որ 2008թ. հունվարի 27-ին Թալինում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանրահավաքի ժամանակ Սարգիս Կարապետյան անունով մի մարդ փորձել էր կռիվ հրահրել եւ խոչընդոտել հանրահավաքի անցկացումը, որից հետո հանրահավաքի մասնակիցները վռնդել էին նրան: Ավելի ուշ` այդ դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել Մկրտիչ եւ Ժորա Սափեյանների, ինչպես նաեւ նրանց քրոջ որդու` Հայկ Գեւորգյանի նկատմամբ 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով, այնուհետեւ հոդվածը փոխվեց, եւ նրանց դատեցին 258 հոդվածով (խուլիգանություն): Մկրտիչ Սափեյանի եղբայր Ժորա Սափեյանը դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման: Դատապարտյալների հիվանդանոցից դուրս գալուց հետո Մկրտիչ Սափեյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր ընկերների ազատության համար պիտի պայքարի մինչեւ վերջ: Իսկ իր ընկերներին բանտում պահելը նա համարեց ստորություն:

Ըստ «Ա1+»-ի` նա նաեւ տեղեկացրեց, որ դատապարտյալների հիվանդանոցում ամեն օր տեսել է Սասուն Միքայելյանին, որի վիճակը, Սափեյանի խոսքով, բավականին վատ է. սրտի պրոբլեմ ունի, եւ նրան ամեն օր երեկոյան քնաբեր են ներարկում: Սափեյանը նաեւ տեղեկացրեց, որ Ս. Միքայելյանին երեկ պետք է տեղափոխեին հիվանդանոց:

Մինչ դատապարտյալների հիվանդանոցի բակում Մկրտիչ Սափեյանը շփվում էր ընկերների հետ, Սասուն Միքայելյանին դուրս բերեցին հիվանդանոցից: Ներկաները ողջունում էին նրան` վանկարկելով նրա անունը: Նշենք նաեւ, որ մինչ Մկրտիչ Սափեյանին բաց կթողնեին, դատապարտյալների հիվանդանոցի բակում հայտնվեցին կարմիր բերետավորները եւ դրոշակակիր երիտասարդներին հրահանգեցին երթ չանել: ՊՊԾ գնդի ներկայացուցիչ Վարդան Գեւորգյանն ասաց. «Զգուշացնում ենք, որ երթ չանեք, դիմավորում եք, ինչ եք անում, պրոբլեմ չկա, բայց երթն արգելվում է»: Երիտասարդները պատասխանեցին, որ որեւէ երթ ծրագրված չէր: