Լուժկովը` Նորագյուղում

30/01/2010

Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան է ժամանել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Երեւանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մոսկվայի եւ Երեւանի 2008-2011թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Այնուհետեւ քաղաքապետարանի ճեմասրահում նախ համագործակցության ծրագրեր են ստորագրվել Երեւանի Կենտրոն եւ Մոսկվայի Կենտրոնական, ինչպես նաեւ` Ավան եւ Հյուսիսային վարչական շրջանների միջեւ` կրթության, մշակույթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Գագիկ Բեգլարյանն ու Յուրի Լուժկովը ստորագրել են «Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Ավելի ուշ Լուժկովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երեւանի Նորագյուղ թաղամաս, որտեղ նախատեսվում է նոր «էլիտար» թաղամաս կառուցել: Լուժկովն ասել է, թե իր կարծիքով՝ ռուս ներդրողներին կհետաքրքրի Նորագյուղը գործարար թաղամաս դարձնելու Երեւանի քաղաքապետարանի ծրագիրը: Նորագյուղը Երեւանի Կենտրոն համայնքի թաղամաս է, որտեղ ապրում է շուրջ 1500 ընտանիք: Տարածքն ազատելու եւ բնակիչներին տեղափոխելու համար կպահանջվի ավելի քան 100 միլիոն դոլար: Կկառուցվի 50-ից ավելի էլիտար շինություն` յուրաքանչյուրը 40-60 միլիոն դոլար արժողությամբ: