Հակամարտությունը կտեղափոխվի՞ Երեւան

30/01/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» ու «Դաշնակցության» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանի ու Արմեն Ռուստամյանի հակամարտությունը սպառնում է տեղափոխվել միջկուսակցական արենա:

Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գործուն միջամտությամբ պատվիրակությունում ընդդիմության տեղը զբաղեցրեց Արմեն Ռուստամյանը: Իսկ Զ.Փոստանջյանին պատվիրակության հիմնական կազմից տեղափոխեցին փոխարինող կազմ: Եվ հիմա Ստրասբուրգում պատվիրակության բոլոր անդամներն ամեն ինչ անում են, որ Զ.Փոստանջյանին հեռու պահեն Հայաստանի հարցի քննարկումներին մասնակցելուց: Պատվիրակության անդամները, հատկապես Ա.Ռուստամյանը եւ Զ.Փոստանջյանը, միմյանց նկատմամբ հեգնական արտահայտություններ են անում: Դաշնակցական գործիչն, օրինակ, հեգնել էր, թե «30 րոպե է տեւել Զ.Փոստանջյանին դուրս հանելը, շուրջ 10 րոպե` ՀՀ հարցի քննարկումը»: Փոխարենը Զ.Փոստանջյանը հայտարարել էր, թե «Ա.Ռուստամյանը փորձում է սվաղել, լղոզել մեր երկրում առկա իրականությունը», եւ այլն: Ու որքան էլ կողմերը, հատկապես՝ Զ.Փոստանջյանը, ճիշտ է իր բնութագրումների մեջ, միեւնույն է, այդ երկու կուսակցություններն արդեն իրար հետ չհամագործակցելու պատճառ ունեն: Արդյոք պատվիրակության վերադարձից հետո այս կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները քննարկելո՞ւ են Ստրասբուրգում տեղի ունեցածը, եւ դա անդրադառնալո՞ւ է նրանց հետագա գործունեության վրա: Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանն այս երկու կուսակցությունները սկսել էին համագործակցել, նույնիսկ միավորվեցին հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարելու նպատակով:

«Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանել այս հարցերը. նա ճիշտ համարեց սպասել իր գործընկերոջ վերադարձին, որպեսզի կատարվածին ավելի մանրամասն տեղեկանա: Ոչ միայն Ա.Ռուստամյանին, այլ նաեւ «Ժառանգության» տեսակետին է սպասում ՀՅԴ-ն: «Կարծում եմ, որ կանդրադառնանք այդ հարցին: Այստեղ ճշտելու հարց կա` այն, ինչ ասում է Զ.Փոստանջյանը, զուտ ի՞ր տեսակետն է, թե՞ դա նաեւ իր խմբակցության տեսակետն է: Եթե խմբակցության տեսակետն է, իհարկե, այդ դեպքում դժվար կլինի միասին ճանապարհ գնալը: Մենք այս հարցերը պիտի հստակեցնենք»,- պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի ասելով էլ՝ իրենք ՀՅԴ-ի հետ համագործակցել են միայն հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարի շրջանակներում: Շատ հարցերի առնչությամբ` Հայաստանում ժողովրդավարության, քաղբանտարկյալների, Մարտի 1-ի հետեւանքների վերացման, քաղաքական համակարգի բարեփոխումներ իրականացնելու, անգամ ԼՂՀ հարցում ունեցել են տարբեր տեսակետներ: «Անգամ պայքարի ձեւերն ու եղանակները մեզ մոտ տարբեր են, որքան էլ որ մենք ընդհանուր մասնակցություն ենք ունեցել «ՈՉ»-ի ակցիաներին: ՀՅԴ-ի պայքարը մեզ չի բավարարել: Մենք ահավոր զայրացած ենք ՍԴ որոշման համար, իրենք դա գովաբանեցին: Անգամ հայ-թուրքական հարաբերությունների մասով մենք բազմաթիվ տակտիկական բնույթի տարաձայնություններ ունենք: Իրենք, օրինակ, ողջունել են Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն պետք է դուրս գա պրոցեսից, մենք դա վտանգավոր ենք համարում: Մենք, հակառակը, հայտարարել ենք, թե ՀՀ-ն պետք է համարձակ Թուրքիայի սեղանին դնի իր պայմանները»,- ասում է Ս.Սաֆարյանը:

Իսկ ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում կատարված իրադարձություններին անդրադառնալով, պարոն Սաֆարյանն ասում է` իրենք ուզում են, որ պատվիրակության հիմնական կազմում լինեն եւ՛ ՀՅԴ-ի, եւ՛ իրենց ներկայացուցիչները: «Շատ վատ է, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իշխանության հետ համագործակցելը նախընտրում են ընդդիմության հետ համագործակցելուց: Վատ է, որ որպես ընդհանուր ճակատ, չենք կարող կանգնել մի շարք խնդիրներում, որ մեր աշխատանքն ավելի էֆեկտիվ լինի:

ՀՅԴ-ն պիտի հասկանար, որ «Ժառանգությանը» մեկուսացնելու խնդիր կա, եւ որպես ընդդիմադիր գործընկեր, դա չպետք է թույլ տար: Մենք ընդդիմադիր դաշտում շահագրգռված ենք, որ մեր բոլոր գործընկերներն ուժեղ լինեն, որովհետեւ նրանց ուժը մեր ուժն է, մեր ուժը` նրանցը»,- շարունակում է Ս.Սաֆարյանը:

Իսկ հնարավո՞ր է, որ պատվիրակության` Հայաստան վերադառնալուց հետո այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ դադարեցնեն սկսած համագործակցությունը: «Ժառանգությունը» չի առաջնորդվում էմոցիաներով: Մենք, եթե որեւէ մեկի հետ հարաբերվում ենք, ապա դա անում ենք այն եզրով, որ հնարավոր է: Ցանկալի կլինի, որ այդ եզրը շատ մեծ լինի: ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցում Կոնգրեսի հետ մենք ունենք տարաձայնություններ, բայց նույն ԵԽ ԽՎ-ում, Մարտի 1-ի, քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ այլ հարցերում նույն դիրքորոշումներն ունենք ու համագործակցում ենք»,- եզրափակեց Սաֆարյանը:

Մարտի 1-ին ու դրան հաջորդած ողջ գործընթացների առնչությամբ իշխանություններին որեւէ կերպ չհակադրված ՀՅԴ-ն, փաստորեն, հիմա ԵԽ ԽՎ-ում էլ համագործակցում է նույն իշխանության եւ ոչ թե ընդդիմության հետ: Ո՞րն է ՀՅԴ-ի նման գործելաոճի նպատակը, միջազգային կառույցներում Հայաստանի ընդդիմության կոչումը նվաճելո՞ւ, թե՞, ինչպես միշտ, ՀՅԴ-ին ձեռնտու է իշխանությունների հետ համագործակցել: «Մենք ընդդիմության դաշտում համագործակցում ենք մի շարք ուժերի հետ: Իսկ եթե մեկը լավ բան է ասում, ազգաշատ, պետականությանն օգտակար, մենք չենք նայում, թե դա որ ճամբարից է: Պատվիրակությունը չի գնում Ստրասբուրգ, որ ներքին կռիվ սարքի: Գնում է պաշտպանելու համար ՀՀ-ի շահերը: Իսկ դուք գիտեք, որ մենք ունեցել ենք մեր վերապահումը Մարտի 1-ի զեկույցի վերաբերյալ: Եվ Ռուստամյանն էլ պիտի դա ներկայացներ ԵԽ ԽՎ-ին: Մենք հանձնաժողովում եղել ենք, փորձել ենք օբյեկտիվ լինել, եւ կարծեմ՝ այդպես ընկալվել ենք շատերի կողմից: Ընդդիմադիր շատ գործիչներ են այդպես ասել, եւ նույնիսկ շատերը մեզանից շնորհակալ են եղել: Մենք շատ կարեւորել ենք զեկույցը, որտեղ եղել են շատ առաջարկներ: Զեկույցը, կարծում եմ, բավականին հավասարակշռված էր»,- պատասխանեց Ա.Շահբազյանը: