Պատային բախում

30/01/2010

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ 2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրվեցին, իսկ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների կարգավորում նախատեսող հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա մեկնաբանություններով սկսված լարումը գործընթացը մեծ արագությամբ տանում է պատի հետ բախման»,- գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթի հոդվածագիր, հայտնի վերլուծաբան Էրդալ Շաֆաքը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվող լարվածությունը: Նա հերթականությամբ թվարկում եւ ուշադրություն է հրավիրում վերջին օրերի մի քանի զարգացումների վրա` ընդգծելով, որ այդ ամենը վկայում է արձանագրային գործընթացի սառեցման մասին: «Երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը պատասխանեց Ադրբեջանի բողոքի նոտային: Ադրբեջանական կողմի բողոքի պատճառն ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վարչակազմին տրամադրված նյութական աջակցությունն էր… Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Լոնդոնում գտնվելու ժամանակ Ուելսի վարչապետը 1915թ. իրադարձությունները ճանաչում է որպես «ցեղասպանություն»: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը «Wall Street Journal» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, թե «պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք Սերժ Սարգսյանին թույլ կտան չեղյալ համարել համաձայնագրերի տակ դրած իր ստորագրությունները…»: Եվ վերջապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դարձյալ «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում իր հայտարարություններով իջեցրեց վարագույրը. «Ես վստահ եմ, որ քանի դեռ Հայաստանը չի վերադարձրել ադրբեջանական տարածքները, Թուրքիան Արձանագրությունները չի վավերացնի… Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնախնդրի միմյանցից տարանջատումը կարգելափակի Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացը»: Էրդալ Շաֆաքն այս թվարկումներից հետո նշում է, որ գործընթացը հայտնվել է փակուղային իրավիճակում, եւ փորձում ուղիներ փնտրել դրա հաղթահարման համար: «Մեկ-երկու օրվա ընթացքում տեղի ունեցած այդ զարգացումները վկայում են, որ արձանագրային գործընթացը սառում է: Նույնիսկ, եթե Հայաստանի խորհրդարանը վավերացնի այդ Արձանագրությունները, միեւնույն է` թուրքական խորհրդարանը տեղից չի շարժվելու: Հայաստանն ապրիլի 24-ին ընդառաջ՝ սփյուռքի ջանքերով եւ աջակցությամբ, անցնելու է դիվանագիտական գրոհի՝ «ցեղասպանությունը» ճանաչող պետությունների (ներառյալ` ամերիկյան Կոնգրեսը) թիվն ավելացնելու համար»,- գրում է թուրք վերլուծաբանը` պատային իրավիճակից դուրս գալու ուղիների փնտրտուքի ճանապարհին ակնարկելով Հայաստանի դեմ տնտեսական ճնշումները: «Մի՞թե ոչ մի հույս չկա: Կա՛: Ինչպես եւ շեշտադրում է Ալիեւը` «Հայաստանի դեմ տնտեսական ճնշում գործադրել»: Իսկ այդ ճնշումները կհասնե՞ն իրենց նպատակին. որպես այս հարցադրման պատասխան` թուրք հոդվածագիրը մեջբերում է Հայաստանի խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքերը. «Մի մոռացեք, թե ինչ լուրջ տնտեսական խնդիրների առջեւ էինք կանգնել, երբ Հարավային Օսիայում հակամարտության պատճառով մի քանի օր շարունակ փակ էր աշխարհի հետ մեզ կապող Վրաստանի միջանցքը: Իսկ եթե այդ միջանցքը մի քանի ամիս փակ մնար, ի՞նչ էինք անելու: Այդ պատճառով Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը ռազմավարական նշանակություն ունի»: