Ինչպես են լսում հայերը

07/09/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

«Աստված էլ բեթարից ազատի, երբ մուղամից միանգամից անցնում են ջազին»:
Ավետիս Հարությունյան

Ընդամենը մի քանի օր առաջ մեր սիրելի քաղաքի իշխանությունները
(պատկերացնո՞ւմ եք, որքան ծիծաղելի կլինեի, եթե գրեի՝ «մեր քաղաքի սիրելի
իշխանությունները») որոշում կայացրին, որ ժամը 24.00-ից հետո քաղաքի
«օբեկտների» երաժշտությունը ցածր հնչի: Վերջին տարիների փորձը ցույց է
տալիս, որ «օբեկտների» տերերը, մեղմ ասած՝ «թքած ունեն» նման որոշումների
վրա: Եթե որոշում կայացնողները կասկածում են, թող այսօրեւեթ գիշերը 12-ից
հետո «առանց համարները հանելու իջնեն ձոր»: Սակայն, կարծում եմ, որ այսօր
ավելի կարեւոր է, թե ի՞նչ ենք մենք լսում, քան այն, թե ինչպե՞ս ենք մենք
այդ երաժշտությունը լսում:

Իրոք, մենք՝ հայերս, աշխարհի ամենահակասական ազգն ենք: Որովհետեւ չկա մեկ
այլ ազգ, որ կարողացել է ծնել եւ Արամ Խաչատրյան եւ Արամ Ասատրյան, եւ
Կոմիտաս եւ սպիտակցի Հայկո, եւ Առնո եւ Բղդո: Այնպես է ստացվել, որ
երաժշտության այն ուղղությունը, որը կոչվում է «ռաբիս», Հայաստանում
դոմինանտ է դարձել ոչ միայն երաժշտական ասպարեզում, այլեւ մեր կյանքի
բոլոր ոլորտներում: Երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը նկատած կլինեն,
որ արդեն մեկ ամիս է, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում փակցված է
Արմենչիկի նոր ձայնասկավառակի գովազդային պաստառը: Հետաքրքիր նկատառում.
մեր ժողովրդի «ռաբիս» հատվածը լսում է Արմենչիկի երգերը, իսկ «էլիտար
ռաբիսները»՝ «էլիտար Արմենչիկի երգերը»:

Իմիջիայլոց, հայերի բջջային հեռախոսներից, որոնք վերջին շրջանում ավելի
շատ օգտագործվում են որպես ժամացույց, մուրճ, կամ «թիթիզանալու» առարկա,
կարելի է կարծիք կազմել տիրոջ երաժշտական նախասիրությունների մասին:
Օրինակ, եթե հայի բջջային հեռախոսի զանգը Հայաստանի հիմներգն է, ապա կամ
նա ազգայնական է ձեւանում՝ «պոնտ» անում, կամ նա այն պետականամետներից է,
ովքեր առայժմ պաշտոն չունեն, բայց նրանց պաշտոն են խոստացել: Եթե «ճպՐվօռ
ոցՎպՐ»՝ ապա «պապային նամյոկ» է անում, եթե ջազային երաժշտություն է՝ ապա
նա իշխանավորների հետ հաճախակի է շփվում եւ ուզում է նրանց ցույց տալ, որ
ինքն էլ է ջազից բան հասկանում: Իհարկե, այս ամենը կարող էին դիտարկվել
որպես Երրորդ Հանրապետության անցումային շրջանի անցողիկ երեւույթներ, եթե
չլիներ մեր ազգի գլուխգործոց ԱԼՄ-ն, որի համեմատությամբ Թաթուլի «սրտի
բանալին» դառնում է Բեթհովենի «Լուսնի սոնատից» ավելի բարձր արժեք, իսկ
հայկական էստրադայի փոփ «աստղերը»՝ համաստեղություններ:

Մի հետաքրքիր նկատառում եւս՝ մեր երգիչները ոչ մի մանկական երգ չեն
երգում, բացի «Երեկոյան հեքիաթի» երգից, որը վերջին 4 սերնդի հայ
երեխաները անգիր գիտեն (չգիտեմ ինչ պատճառով՝ Ռուբեն Հախվերդյանի մանկական
երգերը չեն մասսայականացվում): Եվ քանի որ, անկախ ազգությունից, բոլոր
երեխաները սիրում են երգել եւ պարել, հայ երեխաները ստիպված երգում են այն
երգերը, որոնք նրանց են հրամցնում մեր հեռուստաալիքները: Եվ եթե
չմոռանանք, որ երեխաները մեր ապագան են (իսկ ես համոզված եմ, որ այդ
ապագան պայծառ է լինելու), մեզ անհրաժեշտ է սթափվել եւ, ԱԺ-ում անիմաստ
վեճերից բացի, մտածել նաեւ առաջին հայացքից՝ փոքր, բայց իրականում՝ շատ
ավելի մեծ պրոբլեմների մասին:

Ոչ միայն երաժշտություն, այլեւ՝ ուրիշի կարծիք լսող հայ՝ Ա.Ք.