Բաբուխանյանը մեղսունա՞կ է

30/01/2010

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը երեկ հայտարարել է, թե «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը հակապետական է: «Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին, քանի որ այդ գործունեությունը հակապետական է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հ.Բաբուխանյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Բաբուխանյանի ասածները համարում է զառանցանք եւ իր հերթին հիշեցնում է այդ գործչի անցյալը` հատկապես Հոկտեմբերի 27-ի հետ կապված: «Սույն պարոնը պիտի ազատության մեջ չլիներ Հոկտեմբերի 27-ի գործով եւ նման հայտարարություններ չաներ: Նա լավ կաներ, որ հասարակությանը պարզաբաներ, թե ինչ դեր ուներ այդ զազրելի ոճրագործության մեջ: Կասկածներն ամենեւին փարատված չեն, որ ինքը մասնակցություն չի ունեցել: Իր հայտարարություններում ԱԺ նախագահին, Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին անդրադառնալով` հրաշալի հասկացրել է, թե ում նկատմամբ ջերմ վերաբերմունք ունի եւ ում պատվերն է կատարում»,- հակադարձել է Ս.Սաֆարյանը: Պատգամավորը նաեւ պահանջել է, որ իրավապահ մարմինները նախ պարզեն` Հայկ Բաբուխանյանը մեղսունա՞կ է, թե՞ ոչ: «Եթե մեղսունակ է, եւ քաղաքականությամբ զբաղվելու համար նրան ամբիոն է տրամադրվել, ապա թող հրավիրեն, եւ նա էլ ներկայացնի, թե ինչ փաստերի է տնօրինում «Ժառանգության» հակապետական գործունեության մասին: Իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել այդ հայտարարությանը եւ պարտավոր են իմ հայտարարությունը դիտարկել որպես «Ժառանգության» կողմից հաղորդագրություն հանցագործության մասին: Պարոն Բաբուխանյանի հայտարարության մեջ կա սահմանադրական կարգի դեմ ուղղված հայտարարություններ: Նա մեղադրանք է ուղղում ժողովրդավարության համար պայքարող կուսակցություններին դրա համար: «Սերժիկ, հեռացիր» կոչերն արժանացել են սահմանադրական կարգը բռնի տապալելու որակմանը, այնպես որ, իշխանությունները պարտավոր են ընթացք տալ նաեւ այս հայտարարությանը: Հ.Բաբուխանյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի այն բանի համար, որ նա իր թերթերով ըստ էության կոչ է անում քրեական մեղադրանքներ ներկայացնել պատգամավորներին իրենց կարգավիճակից բխող գործունեության համար: Սա պատգամավորի անձեռնմխելիության խախտման ուղղակի կոչ է, որի համար նա պետք է ՔՕ հոդված ունենա»,- ասում է Ս.Սաֆարյանը: