Լոս Անջելեսում գործող «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը իր վրդովմունքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «ապօրինի դատավճիռ կայացնելու առիթով»: Ընկերակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից՝ hանուն Հայաստանի դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու հաշվեհարդարը, իրավական խնդիրների կարգավորման հարցերում չմիջամտել դատական ատյանների գործունեությանը, որի ապացույցը կարող է լինել քաղաքական հետապնդումների դադարեցումն ու քաղաքական հաշվեհարդարներից հրաժարվելը: Ընկերակցությունը դիմում է «Նիկոլ Փաշինյանի գործի օրինականությունը քննող վերադաս դատական ատյաններին` խնդրանքով եւ պահանջով՝ չենթարկվել Հայաստանի քաղաքական իշխանությունների հրահանգներին եւ զերծ մնալ օրինախախտումներից, կայացնել օրենքին համապատասխան որոշումներ, նպաստել ՀՀ-ում Սահմանադրական կարգի վերականգնմանը, դատական իշխանությունների կայացմանը»: Ընկերակցությունը պահանջում է ԱՄՆ Պետական դեպարտամենտից եւ ԵԽ բոլոր երկրների կառավարություններից՝ ձեռնպահ մնալ ՀՀ կառավարության հետ բոլոր տեսակի հարաբերություններից, քանի դեռ Հայաստանում չեն դադարեցվել քաղաքական հետապնդումներն ու քաղաքական հալածանքներն, ակնհայտ եւ ապօրինի դատավճիռների կայացումը ոչ թե դատական ատյանների, այլ երկրի քաղաքական ղեկավարության կողմից: Ընկերակցությունն ակնկալում է վերոնշված երկրների միջամտությունը Ն. Փաշինյանի շուտափույթ ազատ արձակելու խնդրում: Ընկերակցությունը դիմում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական միավորներին, հասարակական կազմակերպություններին, համասփյուռ Հայությանը՝ կոչով` պայքարել Ն.Փաշինյանի նկատմամբ կատարված «անարդար դատավճռի բեկանման եւ նրա ազատման բոլոր գործընթացներին՝ հանուն մեր բոլորիս ազատության եւ ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության»: Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն. Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: