– Ձեր կարծիքով՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման նկատմամբ Թուրքիայի արձագանքը մեր իշխանությունների համար անսպասելի՞ էր: Ճիշտ չէ՞ր լինի, որ ՍԴ-ն բավարարվեր միայն արձանագրությունների համապատասխանության մասին նախադասությունով եւ ավելորդ մեկնաբանություններ չաներ Սահմանադրության առանձին կետերի շուրջ:
– Չեմ կարծում, որ ՍԴ որոշումը պատահականություն էր, կամ էլ անպատրաստվածության ու հիմարության արդյունք: Կարծում եմ` ՍԴ որոշման այդ ձեւը նպատակ ուներ առաջ մղելու Թուրքիային, որպեսզի նա խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնի: Ես այս որոշումը դիտարկում եմ Սերժ Սարգսյանի այն հայտարարության կոնտեքստում, թե՝ եթե արձանագրությունները խելամիտ ժամկետներում չստորագրվեն, մենք հետ կվերցնենք ստորագրությունը: Այսինքն` սա հայկական կողմից կոշտության ցուցադրում էր: Տղերք, մենք ամեն ինչ անում ենք, իսկ դուք հա ձգձգում եք, չեք պատասխանում, ահա մենք էլ ենք սկսում ինչ-որ պայմաններ դնել: Իրավական առումով, իհարկե, ՍԴ-ի որոշումը թուրքերի համար ոչ մի նշանակություն չպետք է ունենա: Նրանք վավերացնելու են արձանագրությունները, ոչ թե մեր ՍԴ-ի որոշումը: Եվ երբ նրանք դա անեն, պետք է հետեւեն արձանագրությունների իրավական տեքստին եւ ոչ այն բանին, թե այլ երկրում ով ինչ ասեց կամ ինչպես մեկնաբանեց: Եթե ես Ձեզ իմ համակարգչից Ձեր համակարգիչ հաղորդագրություն եմ ուղարկում, Ձեզ պետք է հետաքրքրի այդ հաղորդագրության բովանդակությունը: Թե էլ ինչ է գրված իմ համակարգչի մեջ այդ հաղորդագրության մասին, դա Ձեզ չի հետաքրքրում: Քաղաքական առումով, իհարկե, ՍԴ-ն տվեց թուրքերին հնարավորություն, առիթ, որից կարելի էր կառչել, դանդաղեցնելու համար կարգավորման գործընթացը: Բայց այս դեպքում էլ կարծում եմ, որ Թուրքիայի քաղաքական գործիչների արձագանքը մեր ՍԴ որոշմանը ավելի շատ հենց Թուրքիայի քաղաքական ուժերի` իրար դեմ պայքարի համատեքստում պետք է դիտարկել: Շատ թուրք մեկնաբաններ, օրինակ, որոնց հետ ես կապեր ունեմ, համարում են, որ սա Թուրքիայի նախագահի ու վարչապետի միջեւ պայքարի արտացոլում է: Այսինքն` այն, ինչ հայտարարում է, օրինակ, Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հայտարարում է ոչ թե հայերի համար, այլ Աբդուլլահ Գյուլի դեմ պայքարի տրամաբանությունից ելնելով: Պրոցեսի շարունակականության իմաստով, իհարկե, այնքան էլ լավ չէր, որ մեր ՍԴ որոշումով նման հնարավորություն տրվեց թուրքերին: Բայց մյուս կողմից էլ, եթե նրանք առիթ են փնտրում` ասելու համար, թե դա խանգարում է գործընթացին, միշտ էլ կգտնեն: Այս պահի դրությամբ, կարծում եմ, որ կարգավորման գործընթացը փոքր-ինչ դանդաղելու տենդենց ունի: Թուրքիայից տարբեր ազդակներ են գալիս: Ես հենց նոր եմ վերադարձել Բեռլինից, կոնֆերանս էր, Սեւծովյան տարածաշրջանի երկրներից ներկայացուցիչներ կային, նաեւ` թուրքեր: Եվ երբ ես թուրքերին հարցնում էի, թե իրենց կարծիքով՝ պրոցեսը սառեցվա՞ծ է, թե՞ ոչ, նրանք ասում էին` իհարկե ոչ: Նրանք գործընթացի շարունակությունը իրական են համարում, այլ հարց է, որ կարծում են, թե Թուրքիայի ներսում ինչ-որ խոչընդոտներ կան, որ դանդաղեցնում են գործընթացը:
– Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ կլինի, եթե Հայաստանն ավելի շուտ վավերացնի արձանագրությունները:
– Ո՛չ: Կա որոշված ստրատեգիա, որի համաձայն՝ մենք գնդակը նրանց կողմն ենք ուղարկել եւ պատասխանի ենք սպասում: Մենք ասում ենք` մեզ մոտ վավերացումը խնդիր չէ, առաջինը դուք պետք է վավերացնեք: Անցնում է ժամանակ, թուրքերը ոչինչ չեն անում, մեր կողմից ՍԴ որոշումն է լինում` արագացրեք, տղաներ, ահա մենք սա էլ արեցինք, ու արեցինք հենց այս ձեւով, քանի որ դուք ուշացնում եք: Այսպիսի ստրատեգիան է հիմա ընդունված, եւ դրա շրջանակներում չարժե սպասել, որ հայկական կողմը առաջինը կվավերացնի: Լավն է այդ ստրատեգիան, թե վատը` կտեսնենք: Ես կարող եմ հիմա ասել եւ՛ այս ստրատեգիայի դրական ու բացասական կողմերը, եւ՛ այն ստրատեգիայի դրական ու բացասական կողմերը, որ դուք նշեցիք, այսինքն` որ ոչ մի առիթ չտրվի թուրքերին ձգձգելու վավերացումը: Բայց կրկնում եմ` հնարավոր չէ իդեալական ձեւով այնպես անել, որ թուրքերը ցանկության դեպքում առիթ չգտնեն. ձգձգելու առիթ միշտ էլ կգտնվի:
– Հայտարարվել է, որ Սոչիում համաձայնեցվել է ԼՂ հարցի կարգավորման համաձայնագրի նախաբանը, որ կողմերին 2 շաբաթ ժամանակ է տրված` վիճելի հարցերի մասին առաջարկություններ ներկայացնելու համար: Այս ամենը չի՞ վկայում ԼՂ հարցի կարգավորման արագացված զարգացումների մասին:
– ԼՂ հարցում ակտիվությունը ծառայողական բնույթ ունի հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ: Այն, ինչ կատարվեց Սոչիում, նպատակ ուներ Թուրքիայում արձանագրությունների վավերացնելուն կողմ հանդես եկող ուժերին տալ հնարավորություն` մատնանշելու ինչ-որ առաջընթաց ԼՂ հարցում: Թուրքերը, իհարկե, պետք է ուզենան վերցնել այն, ինչ նրանց տալիս են, այսինքն` այդ առիթը` ցույց տալու համար, թե ԼՂ հարցում ինչ-որ առաջընթաց կա: Կօգտագործեն թուրքերն այդ հնարավորությունը, թե ոչ` դա ուրիշ հարց է: Համենայնդեպս, այդ հնարավորությունը Սոչիում նրանց տրվեց: Եվ այս ամենը ԼՂ հարցը ինքնին լուծելու հետ գրեթե ոչ մի կապ չունի: