Նվաել է նաեւ բանկերի շահույթը

30/01/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մինչ Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտի պատասխանատուները ամեն հարմար առիթով պարծենում են մեր բանկային համակարգով, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները վկայում են հակառակ պատկերի մասին։

Ամենակարեւոր տվյալն այն է, որ Հայաստանի տարածքում գործող 22 առեւտրային բանկերը՝ իրենց 391 մասնաճյուղերով հանդերձ, 2009 թվականին 3 անգամ ավելի քիչ շահույթ են ունեցել, քան նախորդ տարի։ ԿԲ-ի հրապարակած «ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագրի» տվյալներով, 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ բանկերի ընդհանուր զուտ շահույթը հարկումից հետո կազմել է 8 միլիարդ 576 միլիոն դրամ։ Սա 68%-ով պակաս է 2008թվականի նույն ցուցանիշից, երբ շահույթը կազմել էր 26 միլիարդ 868 միլիոն դրամ։

Ընդ որում, դոլարային արտահայտությամբ շահույթի նվազումն ավելի մեծ է՝ 4 անգամ, քանի որ 2008 թվականի վերջին մեկ դոլարն արժեր 305 դրամ, իսկ 2009-ի վերջին՝ 377 դրամ։ Ստացվում է, որ 2009 թվականին բանկերի շահույթը կազմել է 22 միլիոն դոլար, 2008 թվականի 88 միլիոն դոլարի համեմատ։

Իրավաբանական անձանց տրված վարկերի ծավալը 2009թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 395.9 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 36.7%-ով։ Փոխարենը՝ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը նվազել են ավելի քան 7%-ով՝ 308.3 միլիարդից հասնելով 285.9 միլիարդ դրամի։ Ընդ որում, սպառողական վարկերի ծավալը նվազել է ավելի մեծ չափով` 21.8%-ով։

Մենք բազմիցս անդրադարձել ենք սպառողական վարկավորման պայմանների խստացման թեմային։ Մինչեւ ֆինանսական ճգնաժամը առեւտրային բանկերը հնարավորություն էին տալիս երկարացնել վարկային գիծը։ Օրինակ՝ եթե հաճախորդը ապառիկ եղանակով գնել էր սառնարան, ապա վարկի գումարը մարելուց հետո, նույն վարկային գործարքը շարունակելով՝ կարող էր ձեռք բերել, ասենք, հեռուստացույց՝ առանց ավելորդ թղթաբանության։ Ներկայումս նման հնարավորություն չկա. անհրաժեշտ է կրկին հազար ու մի տեղեկանք ներկայացնել՝ աշխատանքի եւ բնակության վայրերից եւ այլ կառույցներից, եւ նոր վարկային պայմանագիր կնքել։ Բացի այդ, որոշ բանկեր հրաժարվում են դրամով սպառողական վարկեր տրամադրել՝ փոխարենը առաջարկելով, այսպես կոչված, վարկային քարտեր։ Դա նույնն է, ինչ վարկ վերցնելը՝ այն տարբերությամբ, որ քարտը դոլարային է։

Փաստորեն, ՀՀ բանկային համակարգը միգուցե պահպանել է կայունությունը ճգնաժամային պայմաններում, սակայն անմատչելի է դարձել շարքային քաղաքացիների զգալի հատվածի համար։

Ինչպես երեւում է աղյուսակից, անցած տարվա ընթացքում բանկային համակարգը առավել «առատաձեռն» է եղել արդյունաբերության ոլորտի նկատմամբ։ Այստեղ արձանագրվել է տրամադրված միջոցների 71.2%-անոց աճ։ Արդյունքում՝ արդյունաբերության ոլորտի պարտավորությունները բանկային համակարգի նկատմամբ նախորդ տարեվերջի դրությամբ հասել են շուրջ 150 միլիարդի՝ իրենց ծավալով գրավելով առաջին տեղը։ Մինչ այդ առաջին տեղում առեւտրի ոլորտն էր, որին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 145.4 միլիարդ դրամ։

Աղյուսակից երեւում է նաեւ, որ գրեթե անփոփոխ է մնացել հիպոթեքային վարկի ծավալը. նախորդ տարվա ընթացքում այն աճել է ընդամենը 339 միլիոն դրամով կամ 0.4%-ով։ Նշենք նաեւ, որ այս դեպքում աճի դրական ցուցանիշը (թեկուզ փոքր) ոչինչ չի նշանակում։ Ի տարբերություն սպառողական վարկերի, հիպոթեքային վարկերի մարման ժամկետը բավականին երկար է, եւ պորտֆելի մեծությունը չէր կարող նվազել։ Իսկ վարկավորման ծավալների կրճատումն, իհարկե, պայմանավորված է համաշխարհային ճգնաժամով, որի արդյունքում խստացվեցին վարկավորման պայմանները եւ անշարժ գույքի շուկան հայտնվեց ճահճի մեջ։ ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, 2009 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը (154.462 միավոր) 2008 թվականի համեմատ նվազել է շուրջ 3.1%-ով (4905 միավորով), այդ թվում՝ Երեւանում՝ 6.0%-ով (3370 միավոր), իսկ մարզերում` 1.5%-ով (1535 միավոր)։

Բանկային համակարգի թեման ամփոփելով՝ նշենք նաեւ առեւտրային բանկերի ցուցանիշները՝ հարկերի մասով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2009 թվականի 300 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել 16 բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ։ Այս ցուցանիշով բանկերի մեջ առաջինը «ԱԿԲԱ-

Կրեդիտ Ագրիկոլ Բանկն» է, որ խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 17-րդ տեղը՝ բյուջե վճարելով ընդհանուր առմամբ

2 միլիարդ 339 միլիոն դրամի հարկեր։ Երկրորդ տեղում (հարկատուների ցուցակի՝ 19-րդ հորիզոնականում) «Արդշինինվեստբանկն» է, որը վճարել է շուրջ 2.3 միլիարդ դրամ։ Նրան հաջորդում են «ՎՏԲ-Հայաստան բանկը» (2.2 միլիարդ), «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» (2 մլրդ 43 մլն), «Յունիբանկը» (1.4 միլիարդ) եւ այլն։ 300 խոշոր հարկատուների ցանկում 287-րդ տեղում է «ՊրոԿրեդիտ Բանկը»՝ 246 միլիոն դրամի հարկերով։

Առեւտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ ըստ ճյուղերի, հազար դրամ