Կենտրոն համայնքի Արամի 38 հասցեի նախկին բնակիչ Տիգրան Փիլոյանը պետության կարիքների համար իրացված իրեն պատկանող հողատարածքի դիմաց պետության վճարած 64.000 դոլարը ծախսում է վարձակալած բնակարանի, դատարանների եւ բուժհիմնարկների վրա: 2006թ. մարտի 13-ին Տ. Փիլոյանին երկու դուստրերի, կնոջ եւ եղբոր հետ վտարել են Արամի 38 հասցեից` նրան որպես սեփականատեր վճարելով ընդամենը 64.000 դոլար: «Այդ գումարով նույնիսկ մեկ սենյականոց բնակարան չկարողացանք գնել: 400քմ նորակառույց եռահարկ շինության եւ 1000քմ հողատարածքի դիմաց գրոշներ տվեցին: Իսկ կառուցապատող Արա Աբրահամյանը բնակիչներին վտարելուց հետո տարածքում ոչինչ էլ չիրականացրեց, տարի ու կես է՝ շինարարությունը կանգնած է»,- ասում է Ա. Փիլոյանը, ով փաստաբանի` Տիգրան Հայրապետյանի հետ տարիներ շարունակ դատական ատյաններ դիմելուց հետո եկել է այն համոզման, որ մեր դատավորները հիվանդ են եւ յուրացրել են դատական իշխանությունը: Մինչդեռ, վերջիններս հիշեցնում են, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է` «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին», իսկ դատական իշխանությունը բռնազավթած դատավորները «ալարում են» նույնիսկ ծանոթանալ գործի նյութերին եւ վճիռ են արձակում առանց պատճառաբանելու իրենց կայացրած որոշումները: Ի դեպ, ըստ Տ. Փիլոյանի՝ Երեւանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պետության կարիքների համար իրենց բնակարաններից վտարված քաղաքացիներին խոստացել էր վերանայել փոխհատուցման գործընթացը եւ փորձ անել քաղաքացիների խախտված իրավունքներն ինչ-որ կերպ վերականգնել: «Նա անձամբ ընդունեց ինձ, լսեց եւ իր աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաեւ՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԾԻԳ)-ի նոր պետ Լեւոն Հակոբյանին հանձնարարեց զբաղվել այս գործով, սակայն ամիսներ են անցել, ոչինչ էլ չեն արել»,- վստահեցնում է Տ. Փիլոյանը` հավելելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն, ամենայն հավանականությամբ, իրենց ոտնահարված իրավունքները կարող են վերականգնել միայն Եվրոպական դատարանում:
Ինչեւէ, Տ. Փիլոյանը կնոջ, դուստրերի հետ մշտապես բնակվել եւ հաշվառված է եղել Արամի 38 հասցեում, իսկ եղբայրը` Սուրեն Փիլոյանը, սեփականատիրոջ եղբայրն է, որը առանձին տնտեսություն է վարել: ՀՀ կառավարության 01.08. 2002թ.-ի թիվ 1151-Ն որոշմամբ նրանց հաշվառման հասցեն հայտնվել է պետության կարիքների համար իրացման ենթակա տարածքների մեջ եւ իրացվել ԾԻԳ-ի կողմից: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը 2005թ. դեկտեմբերի 16-ին վճիռ է կայացրել շուկայական գնով փոխհատուցմամբ դադարեցնել Տ. Փիլոյանի սեփականության իրավունքը գույքի նկատմամբ եւ նրան իր ընտանիքի անդամների հետ վտարել նշված հասցեից: Ընդ որում, դատաքննության ընթացքում Տ. Փիլոյանի կինը` Նարինե Վասիլյանը, դուստրերը` Իրինա եւ Քրիստինա Փիլոյանները, եւ եղբայրը` Ս. Փիլոյանը, քաղաքացիական գործին մասնակից չեն եղել, քանի որ չեն ծանուցվել դատական նիստերի մասին: Հետաքրքիր է, որ գործում որեւէ ձեւով չի շոշափվել վերջիններիս բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը դադարեցնելու դիմաց փոխհատուցում տրամադրելու, կամ պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում ՀՀ կողմից սահմանված փոխհատուցում տրամադրելու հարցը: 2006թ. մարտին ԾԻԳ-ի տնօրենը նամակով դիմել է ԴԱՀԿ ծառայություն եւ հայտնել, որ նրանց պետք է վտարել տարածքից, քանի որ ճշգրտվել է փոխհատուցում տրամադրելու չափը, եւ նշվել է, որ այդ գումարը պետք է տրամադրել միայն սեփականատիրոջը: Փոխհատուցումը հաշվարկվել է 1քմ-ի դիմաց 300 դոլարի սկզբունքով: Մինչդեռ փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ տրամադրել է ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 3-ի թիվ 1232-Ն որոշումն, ըստ որի` «Օտարման գոտում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքի վաճառքի ձեւով տրամադրել նաեւ առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով, սահմանելով վարձակալության իրավունքի վաճառքի գինը` 1քմ հողամասի համար 500 դոլարին համարժեք դրամից ոչ պակաս»: «Այսինքն` ինքը վարձակալությամբ տալիս է 500 դոլարով, բայց սեփականության իրավունքով քաղաքացուց վերցնում է 300 դոլարով: Կատարվեց ակնհայտ անարդար գործընթաց: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ գոյություն ունի օգտագործման իրավունք, ինչը սեփականատեր չհանդիսացող քաղաքացիների ուրիշի բնակելի տարածքում ապրելու իրավունքն է: Կառավարության որոշման մեջ կար կետ, ըստ որի՝ սեփականատիրոջ ընտանիքի անդամներին պետք է տրամադրվի դրամական փոխհատուցում, այսինքն` նրանք, ովքեր հաշվառված են եղել այդ հասցեում եւ ապրել են, պետք է ստանան դրամական փոխհատուցում: Տ. Փիլոյանի ընտանիքի անդամներին` կնոջը, երեխաներին եւ եղբորը, չեն տվել փոխհատուցում: Նրանց վտարելու գործընթացի ժամանակ կառավարության այդ որոշումը գործում էր, այնուհետեւ այդ որոշումը փոխվեց»,- ասում է Տ. Հայրապետյանը` մատնանշելով դրան հաջորդած ՀՀ ԱԺ ընդունած օրենքը, որով հաստատվեց նրանց օգտագործման իրավունքը: Համաձայն այդ օրենքի՝ այն քաղաքացիները, ովքեր մինչեւ 1999 թ.-ն հաշվառված են եղել եւ ապրել են այդ տարածքում` համարվում են օգտագործման իրավունք ունեցողներ, իսկ օգտագործման իրավունքը դադարեցնելու դեպքում պետք է պարտադիր փոխհատուցել 3 տարվա հաշվարկով: Այլ կերպ ասած` ԱԺ-ն ավելի ամրապնդել է օգտագործման իրավունքի պաշտպանությունը: Փաստաբան Տ. Հայրապետյանի հավաստմամբ` Տ. Փիլոյանի ընտանիքի անդամներն իրավունք ունեին այդ տարածքում ապրել այնքան, որքան կցանկանային, սակայն պետությունը վտարելով՝ դադարեցրել է նրանց իրավունքը՝ առանց համապատասխան փոխհատուցման։ «Մենք դիմեցինք փորձագետի, որը մեկ անձի համար 1800 դոլարի կարգի փոխհատուցում սահմանեց: Իսկ նրա եղբոր համար, որն առանձին տնտեսություն էր վարում, պետք է 2մլն դրամ որպես աջակցություն տրամադրվեր: Դա կառավարության որոշում էր, որով առանձին տնտեսություն վարողին, բացի փոխհատուցումից, պետք է որպես աջակցություն՝ գումար տրամադրվեր»,- ասաց փաստաբանը: Ինչեւէ, 2009թ. մարտի 3-ին Տ. Փիլոյանի կինը` Նարինե Վասիլյանը, դուստրերի եւ Սուրեն Փիլոյանի հետ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայց են ներկայացրել` պահանջելով պատասխանողներին պարտավորեցնել տրամադրել փոխհատուցում` պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնակելի տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքը դադարեցնելու դիմաց: «Կարծես թե դատական պրոցեսը նորմալ էր, մեր միջնորդությունները բավարարվեցին, հրավիրվեցին եւ հարցաքննվեցին վկաներ, ուսումնասիրվեցին մեր ներկայացրած գրավոր փաստաթղթերը, եւ մեր հայցը բավարարելու հիմքեր կային: Բայց հանկարծ պատասխանողները` մասնավորապես կառավարության ներկայացուցիչը, դիմեցին դատարան, որպեսզի դատարանը կիրառի հայցային վաղեմություն եւ գործի վարույթը կարճի: Հայցային վաղեմությունը չէր կարող կիրառվել այս դեպքում, քանի որ վտարումից, օգտագործման իրավունքը դադարեցնելուց 3 տարի ժամկետը չէր անցել, ավելին` այդ տարիների ընթացքում Տ. Փիլոյանն անընդհատ դատարաններին բողոք է ներկայացրել: Այսինքն` դատելով Տ. Փիլոյանի գործողություններից, ոչ ոք չպետք է անգամ ենթադրեր, որ նա հրաժարվել է այդ իրավունքից: Քաղաքապետարանից էլ ամիսը մեկ կանչել եւ համոզել են, թե` մենք ձեր իրավունքը կպաշտպանենք, խնդրում ենք, մի գնացեք Եվրոպական դատարան եւ այլն»,- ասում է Տ. Հայրապետյանը: Այնուամենայնիվ, դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի՝ հայցը մերժվել է՝ կիրառելով հայցային վաղեմությունը, ինչը փաստաբանը համարում է անօրինական եւ չպատճառաբանված: Հայցվորները բողոքարկել են Վերաքննիչ դատարան` խնդրելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: «Նախագահող դատավոր Տիգրան Սահակյանը հակված չէ խորապես ծանոթանալ նյութերին, իսկ մյուս դատավորը` Կարինե Հակոբյանը, թերթ կարդալով է դատավարությունն անցկացնում: Իմիջիայլոց, մեր դատարաններից ամենաանհաջողը Վերաքննիչ դատարանն է, որովհետեւ դատավորներին ոնց որ ջոկած լինեն, իսկ այս երկու դատավորները կուլմինացիան են: Ձեւական քննություն է կատարվում: Այսինքն` բոլոր օրինական փաստաթղթերով այս քաղաքացիների իրավունքը հաստատված է, առաջին ատյանի դատարանը նույնպես հաստատում է այդ իրավունքը, բայց դատավորները ապօրինի կերպով կիրառելով հայցային վաղեմությունը` չեն ճանաչում այդ իրավունքը»,- ասում է Տ. Հայրապետյանը` վստահեցնելով, որ պատասխանող կողմերի` կառավարության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները նախապես հայտարարում են, որ հայցը մերժվելու է: Հայցվորները վստահեցնում են, որ Վերաքննիչ դատարանում այս գործին արդար լուծում չտալու դեպքում դիմելու են Եվրոդատարան: Վերաքննիչ դատարանի այս գործով հաջորդ նիստը կայանալու է փետրվարի 5-ին, ինչի մանրամասներին մենք կանդրադառնանք դատական նիստից հետո: