Հայկական անիմացիայի պատմության մեջ առաջին անգամ լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ստեղծվել։ Դա փաստ է, որն ինքնին արդեն չափազանց ուրախալի է: Սակայն պարզ է նաեւ, որ այդ ուրախությունը երկար տեւել չի կարող, ու մեծ դժվարություններով ու ձգձգումներով լույս աշխարհ եկած «Սասնա ծռեր» մուլտֆիլմի ճանապարհը հաղթական չի լինի։ Այն, իհարկե, բոլոր հայաստանցիները առնվազն մեկ անգամ կդիտեն, կասեն, որ այդքան էլ վատը չէ (ի դեպ՝ հիմա էլ շատերն ասում են, թե ավելի վատ արդյունքի էին սպասում), ու «Սասունցի Դավթի» նկարազարդ էկրանավորումը սահուն կերպով երկրորդ պլան կմղվի։
Ռեժիսոր Արման Մանարյանի համար «Սասնա ծռերը» սպասումով լցված մի ողջ էպոպեա է եղել, շուրջ 10 տարի նա փորձել է իրականացնել իր այդ գաղափարը։ Հասկանալի է, որ հայրենական կինոարտադրության համար նման ժամկետները սովորական են դիտարկվում, սակայն անիմացիոն աշխատանքի համար նման մոտեցումը ուղղակի կործանիչ է, քանի որ անիմացիան, առաջին հերթին, տեխնոլոգիա է։ Իսկ տեխնոլոգիաները այն ոլորտն են, որոնց զարգացումն անկասելի ու սրընթաց է, եւ 10 տարին հավասարվում է մեկ դարին։ Եթե այս մուլտֆիլմը 7 կամ 6 տարի առաջ ավարտին հասցվեր, շատ ավելի ջերմ ու ոգեւորիչ ընդունելության կարժանանար, քան հիմա։ Այն ժամանակ ֆիլմի հեղինակներին նաեւ կներվեին այն բոլոր թերությունները, որոնք այսօր առավել քան ակներեւ են։ Իսկ այժմ այդ ֆիլմը դիտելիս՝ կարող ես հեշտությամբ կռահել, թե ո՞ր դրվագը` ե՞րբ է ստեղծվել, քանի որ տարիներ շարունակ պետությունը ֆիլմին տրամադրել է այնքան գումար, որը հերիքել է ընդամենը 10 րոպե տեսանյութ ստեղծելուն, եւ այդ 10 րոպեանոց աշխատանքի որակն ուղիղ համեմատական է այն մակարդակին, որի վրա գտնվում էր հայկական անիմացիան։ Նկատվում է նաեւ, որ սցենարը շատ հաճախ «հարմարեցվել» է եղած պատկերաշարին կամ էլ ընդհակառակը՝ արագ ու ճակատային կրճատվել է՝ այս կամ այն նյութից հրաժարվելու որոշում կայացնելու պատճառով։ Մի խոսքով, կոմպրոմիսները շատ են եղել, եւ «Սասնա ծռերի» ստեղծագործական խումբն արդեն ոչ այնքան որակի, որքան ամեն գնով աշխատանքը ավարտին հասցնելու մասին է մտածել։ Ու վերջիվերջո հասցրել է։ Պրեմիերայի օրն, օրինակ, ամենահաճախակի օգտագործվող բառը, որը լսվում էր դահլիճում, «Վերջապե՜ս»-ն էր։ Հիշատակվում էր նաեւ Կանն քաղաքի անունը, քանի որ ֆիլմի պրոդյուսեր, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը վստահեցնում էր, թե «Սասնա ծռերը» ուղարկելու են Կաննի միջազգային կինոփառատոն։ Բնավ էլ չցանկանալով դժգոհող հոռետես երեւալ, այնուամենայնիվ, փորձենք երանելի ապագայից վերադառնալ արդյունքին ու հասկանալ՝ ինչո՞ւ մեր սիրելի Սասունցի Դավթի դյուցազնապատումը հաջող չի ստացվել։
Հայկական էպոսը կինոսցենարի վերածելը բարդ գործ է, եւ շատ լավ է, որ Արման Մանարյանը նկարված պատմությունը ընդամենը տեքստի իլյուստրացիա չի դարձրել։ Սակայն հեղինակի արած դրամատուրգիական շեշտադրումները բավական զարմանալի են։ Պատումը մեկ կանգ է առնում մի կետի վրա, մեկ էլ «թռչում» է առաջ։ Եվ հայկական էպոսին անծանոթ մարդը դժվարանում է հասկանալ դեպքերի հաջորդականությունը, քանի որ Դավթի ծննդի նախապատմության մասին շատ հպանցիկ է ակնարկվում, իմիջիայլոց է ներկայացվում նաեւ Սասունի պայքարը, փոխարենը մանրակրկիտ ցուցադրվում է Դավթի մանկությունն ու նրա մեծանալու ընթացքը։ Հասուն Դավիթ մենք չենք տեսնում, հայոց պատմության ամենահմայիչ հերոսը ներկայանում է հիմնականում որպես ուտել եւ խաղալ սիրող երեխա։ Նման մոտեցումն արդարացված է, եթե ֆիլմը նախատեսվում է հիմնականում երեխաներին ցուցադրել (բնատուր ֆիզիկական ուժն ու բարությունը Դավթին հասկանալի են դարձնում բոլոր մանուկների համար)։ Սակայն այդ դեպքում էլ ծագում է լեզվի հարցը։ Ժամանակակից երեխաներին «Սասնա ծռերի» լեզուն խրթին է թվում, եւ, ուզենք թե չուզենք, նույնիսկ հայ մանուկներին՝ Թումանյանի տեքստը պետք է «թարգմանել»։ Չէ՞ որ նրանցից շատ քչերն են էպոսն ամբողջովին եւ ինքնուրույն (առանց ծնողների օգնությանը դիմելու) կարդացել։ Իսկ եթե ընդունենք, որ «Սասնա ծռերը» ֆիլմն ավելի լայն լսարանի (եւ ոչ միայն հայ լսարանի) սպասելիքները պետք է արդարացնի, ապա դա շատ դժվար պիտի լինի, քանի որ ֆիլմը զուրկ է ոճային ամբողջականությունից։ Դա նկատվում է եւ՛ սցենարի, եւ՛ նկարների տեսակի, եւ՛ երաժշտության մեջ։ Ի դեպ, երաժշտությունը շատ ճաշակով է ընտրված, սակայն որպես դրվագները կապող օղակ՝ այն կոպիտ է համադրված, անցում-կամուրջները կարելի էր եւ ավելի նրբորեն կառուցել։
Բացի բեմադրող նկարչից (Վարդան Զաքարյան), ֆիլմի վրա շատ նկարիչներ են աշխատել, եւ նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ոճն է ներմուծել ֆիլմի վերջնական տարբերակի մեջ։ Արդյունքում «Սասնա ծռերը» էկլեկտիկ ձեռագիր է ձեռք բերել։ Ծովինարի, Մսրա Մելիքի ու Սասունցի Դավթի կերպարներն, օրինակ, կարծես բոլորովին տարբեր ոճային ստեղծագործություններից լինեն։ Տարբեր են նաեւ տեխնիկական հնարքները։ Պետք է նշել, որ այդ հնարքների շարքում ուղղակի փայլուն հայտագործություններ կան։ Ամենաազդեցիկն ու հետաքրքիրը Քուռկիկ Ջալալիի հայտնություններն ու Մեծ Մհերի իրեն որդի պարգեւելու առ Աստված ուղարկած խնդրանքի տեսարաններն են, որոնք գեղեցիկ, դինամիկ սիմվոլների խաղ են կազմում: Սակայն կան նաեւ այնպիսի հատվածներ, որոնք տարակուսանք են առաջացնում։ Դավթի ու Մսրա Մելիքի կռվի կտորն, օրինակ, այնքան սխեմատիկ ու կիսատ է պատկերված, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող դյուցազնապատումի ֆինալ համարվել։ Ֆիլմի անոնսում նշվում է, որ հայկական էպոսի էկրանավորումը պատկերում է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը՝ մղված օտար բռնակալների դեմ։ Եվ հենց այդ պայքարն էլ «Սասնա ծռերում» իսպառ բացակայում է՝ փոխարինվելով ընդամենը մի քանի անշարժ ու «պատառոտված» նկարներով։ Նույնիսկ Թուր Կեծակիի ամենահիշարժան հարվածը, որով Մսրա Մելիքի մի կեսն ընկնում է դեն, իսկ մյուս կեսը՝ դես, բոլորովին չի հասկացվում։ Ֆինալի «ծամծմված» լինելու փաստը, թերեւս, կապված է նրա հետ, որ Արման Մանարյանն աշխատանքները սկսել է հենց այդ կետից, եւ 10 տարվա վաղեմություն ունեցող հատվածը հետագայում հնարավոր չի եղել փոփոխել։ Հասկանալի է, որ կա հաշվետվության գործոնը, եւ եթե գումար է ծախսվել այդ հատվածի վրա, ուրեմն այն պետք է իր տեղը գրավի ֆիլմում։ Ընդ որում՝ նույնիսկ տարիքով շատ փոքր հանդիսատեսի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ ֆինալում Մսրա Մելիքը բոլորովին այլ կերպարանք ունի, քան ունեցել է ֆիլմի սկզբում։ Երեւի նկարիչ է փոխվել, իսկ արդյունքը փոխել ռեժիսորը չի համարձակվել եւ ստիպված է եղել անփույթ ու ճակատային լուծումներով հագեցած ֆինալով ավարտել իր 10 տարվա աշխատանքը։
Իր գործի մեծ վարպետ Արման Մանարյանը (ում «Տժվժիկ» ու «Կարինե» ֆիլմերը սիրվել ու սիրված են մնում մինչ այսօր) չէր կարող չնկատել, որ իր ստեղծած ֆիլմը ֆոն չունի։ Օգտագործվել են հիմնականում խոշոր պլանները, միջին ու ընդհանուր պլաններ գրեթե չկան, ինչի պատճառով մուլտֆիլմը զրկվել է խորությունից։ Հիմնական պերսոնաժներից բացի, «Սասնա ծռերում» այլ գործող անձ չկա։ Ժողովուրդը ֆիլմից դուրս է մնացել։ Չի զգացվում (հետեւաբար՝ չի էլ հուզում) թշնամու զորքի հարձակումն ու վտանգի պահին տեղի ունեցած հայ ժողովրդի միախմբումը։ Մինչդեռ էպիկական ընդհանրացման ձգտող գործը չի կարող խուսափել մասսայական տեսարաններից։ Եվ որքան էլ հանդիսատեսը հասցնում է սիրել մանուկ Դավթին, նույնքան էլ պիտի հավատա նրա գիտակցված քաջությանը։ Ֆիլմի ռեժիսորը դա լավ հասկանալով՝ այսուամենայնիվ համաձայնել է զիջումներ անել ու հրաժարվել ծախսատար տեսարանների վրա աշխատելուց։ Շատ ափսոս…
Վստահ կարելի է ասել, որ որքան շատ են լինում ֆիլմի ստեղծագործական խմբի կոմպրոմիսները, այնքան ցածր է լինում աշխատանքի որակը։ Այդ աքսիոմը շատ արդիական է հատկապես մեր ժամանակակից կինոյի համար։ Եվ նշանակություն չունի, որ ֆիլմը դժվար է ու երկար է ստեղծվել, որ փողը չի հերիքել, ու մասնագետները պատրաստված չեն եղել, կարեւորը ֆիլմի արդյունքն է։ Նաեւ այն հարցերը, որոնք ծնվում են ֆիլմի դիտումից հետո։
Ջեք Ավատարցին
Ի դեպ՝ զարմանալի զուգադիպությամբ հայկական առաջին անիմացիոն ֆիլմի հետ զուգահեռ՝ էկրաններին է հայտնվել նաեւ մեկ այլ էպիկական պատմություն, որի անունը հիմա թնդում է աշխարհով մեկ։ Դա «Ավատար» եռաչափ էքշն-առասպելն է, որի նկարահանումներն ու համակարգչային մշակումը աներեւակայելի բարձրության են հասցված, իսկ բուն ֆիլմը աննախադեպ գովազդային թափով է տարածվում ու հսկայական դրամարկղային հասույթ բերում հեղինակներին։ Կապտավուն մաշկ, սուր ականջներ, երկար պոչ ու ներդաշնակ ոգի ունեցող այլմոլորակայինների մասին պատմող այդ բլոկբաստերը իրապես նորագույն ամերիկյան էպոսի սկիզբն է դնում։ Երկրացի, ցինիկ զավթիչների ու բնության հետ ներդաշնակ ապրող անբիծ էակների բախումը «Ավատարում» հօգուտ վերջիններիս է լուծվում։ Եվ ֆիլմի հերոս «բութ զինվորների դասին» պատկանող Ջեքը գերադասում է դավաճանել ԱՄՆ կառավարության հրամանն ու պաշտպանել նրանց, ում պարտավոր էր ոչնչացնել։ Պարադոքսալ այս հայրենասիրությունը դուր է եկել անխտիր բոլորին, քանի որ հնարավոր է դարձել ամերիկյան միաբջիջ պատրիոտիզմի քողի ետեւում ծնվող ինքնահեգնանքը տեսնել։ «Ավատարում» կա մի արտահայտություն, որը շատ համահունչ է մեր «Սասունցի Դավթի» թեմային։ Պանդորա մոլորակի արագավազ ու խորաթափանց բնակիչներն ասում են ամերիկյան զինվորին. «Մարդը միշտ երկու անգամ է ծնվում, առաջին անգամ դա պարզապես կենսաբանական գործողություն է, իսկ երկրորդ անգամ նա ծնվում է, երբ ժողովուրդը նրան ընդունում է իր շարքերը»։ Լսելով այս խոսքերն ու տեսնելով ուս ուսի տված ու բնության համակարգչային ցանցի ուղերձը հասկացող էակների դեմքերը (միգուցե՝ մռութները), նույնիսկ սկեպտիկներն են հուզվում։ Եթե նայեք, հավանաբար դուք էլ կհուզվեք։ Եվ հուզմունքի պահին ոչ թե վերացական մի մոլորակ կպատկերացնեք, այլ ձեր սեփական երկիրը, որի հետ այլեւս զրուցելու ունակ չեք, քանի որ դադարել եք հասկանալ հողի, ծառերի ու նախնիների ակնարկները, որոնք հողի ընդերքից դեպի լեռների սրածայր գագաթներն են ձգվում։
«Ավատարի» դիտումը հաճույք է ոչ միայն գերհագեցած տեխնոլոգիական նորույթների, այլ պարզ սյուժեի շնորհիվ (հերոս է դառնում մեծ իմաստով անխելք, բայց մաքուր սիրտ ունեցող զինվորը)։ Հերոս կարող է դառնալ նաեւ գառնարածը։ Եվ թող չթվա, որ մենք անհամեմատելի բաներ ենք համեմատում. մեր Դավիթ Սասունցին Ջեք Ավատարցու նման է։ Պարզապես անիմացիոն Սասունցի Դավթի բախտը չի բերել, նրա թիկունքում չի երեւում ո՛չ իրեն հավատացող ժողովուրդը, ո՛չ օգնության հասնող բնությունը, ո՛չ էլ ճիշտ նշանակետին (սրտին) հարվածող տեքստը։
«Ավատարը» արժեցել է 350 մլն դոլար եւ նախապատրաստվել է 15 տարի, իսկ «Սասնա ծռերը» արժեցել է 350 մլն դրամ ու ստեղծվել է 10 տարի։ Այդ երկու աշխատանքները իրար հետ համեմատելը միգուցե որպես գոտկատեղից ցածր հարված է դիտվում, սակայն խոսքը հիմա մոտեցման մասին է։ «Ավատարի» ռեժիսոր Ջեյմս Կամերոնը երկար տարիներ չէր կարողանում իր ֆիլմի համար անհրաժեշտ գումար հավաքել, սակայն մի թիզ անգամ իր պահանջները չի պակասեցրել՝ գերադասելով սպասել հարմար պահին ու ասելով, որ ֆիլմն արդեն տեսնում է երեւակայության մեջ, եւ պետք է նկարահանի միայն դա, այլ ոչ թե ավելի էժան տարբերակը։ Արդյո՞ք Արման Մանարյանը ստեղծել է հենց այն, ինչ ցանկացել է։ Իհարկե, ոչ։ Նա հաստատ մանեւրել ու զիջումների է գնացել։ Եվ «Սասունցի Դավիթն» էլ իր անիմացիոն «ավատարը» չի գտել։