Բուժիչ նամակներ

30/01/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Ե՛վ համեղ, եւ՛ օգտակար

Չորամիրգը բնական վիտամինահանքային կոմպլեքս է, որն ամենահին «սննդային հավելումն է»: Առաջին չորամիրգը հայտնվել է արեւի շնորհիվ, երբ հասած մրգերը վերածվել են չրի` դառնալով իսկական մրգի շտեմարան:

Չիրը բնական քաղցրավենիք է, որից երբեք չեն գիրանում: Այն շատ օգտակար է ճարպակալությամբ, երիկամային անբավարարությամբ տառապողներին եւ նույնիսկ` շաքարային դիաբետ ունեցողներին: Ընդհանրապես մրգերը չորանում են երեք եղանակով` արեւի տակ, ստվերի տակ եւ քիմիական եղանակով: Այն գեղեցիկ փաթեթավորված ու վառվռուն չրերը, որ մենք գնում ենք սուպերմարկետներից, մշակված են քիմիական եղանակով: Արեւի տակ չորացրած չիրը, որն ամենաօգտակարն է, պետք է գնել շուկայից: Իհարկե, արտաքին տեսքով զիջում է, բայց օգտակար է:

Երբ աղիներն աշխատում են ժամացույցի մեխանիզմի նման

Սեւ սալորի չիրն ունի շատ անուշ համ ու բույր: Վերջինիս բուժիչ հատկությունների մասին իմացել են դեռեւս Հռոմեական կայսրությունում: Սալորաչիրը պարունակում է A, B1, B2, PP, C վիտամիններ, կալիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, յոդ: Սալորը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք լավացնում են աղիների աշխատանքը, մաքրում են օրգանիզմը խոլեստերինի ավելցուկից եւ շատ լավ օգնում լեղաքարային հիվանդությունների դեպքում: Իսկ սալորի ամենագլխավոր հատկություններից մեկը մաշկին երիտասարդություն հաղորդելն է:

Մագնեզիումն ու կալիումն անհրաժեշտ են հիպերտոնիկներին:

Դե իհարկե, եթե խոսում ենք չրերից, պետք է հասկանալ, որ խոսքը ծիրանաչրի մասին է: Ծիրանաչրին այդ գեղեցիկ ծիրանագույնը հաղորդում է կարոտինը` պրովիտամին A-ն, սակայն լյարդի եւ վահանագեղձի խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում տարվել այս մրգով, քանի որ կարոտինը կարող է չյուրացվել օրգանիզմի կողմից: Ծիրանաչիրը հարուստ է մագնեզիումով, որն անհրաժեշտ է հիպերտոնիայի եւ սակավարյունության դեպքում: Իսկ կալիումի պարունակության շնորհիվ, այն անփոխարինելի է նրանց համար, ովքեր մտածում են իրենց սրտի ու անոթային համակարգի մասին կամ հաճախ են տարատեսակ դիետաներ պահում: Նույնիսկ ծիրանաչրով պատրաստում են ապուր, որը եւ՛ շատ համեղ է, եւ՛ օգտակար: Դրա համար պետք է վերցնել 500գր ծիրանաչիր` անպայման արեւի տակ չորացրած եւ կորիզով լինի, որպեսզի չփափկի ու չճխլվի: Այն լցնել էմալապատ ամանի մեջ ու վրան այնքան եռջուր լցնել, որ ծածկի չիրը: Մի քանի րոպե էլ դնել գազօջախին ու եփելու ընթացքում ավելացնել շատ քիչ հիլ, մեխակ եւ դարչին: 5-10 րոպե եփելուց հետո անջատել ու մատուցել: Կարելի է նաեւ սառը վիճակում մատուցել:

Իսկական դեղ` օստեոպարոզի համար

Չամիչը պարունակում է մեծ քանակությամբ հեշտամարս շաքար, օրգանական թթուներ, հանքային աղեր եւ վիտամիններ: Այս փոքրիկ պտուղները շատ մեծ գործ են անում` ամրացնելով օրգանիզմի համակարգային աշխատանքը` սիրտ-անոթային, շնչառական, նյարդային: Չամիչն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ բորա, որը պահպանում է մեր օրգանիզմը օստեոպարոզից եւ խթան է հանդիսանում վահանագեղձի աշխատանքի համար:

Իսկ ահա տանձի ու խնձորի չրերը երկարակեցության խորհրդանիշ են հանդիսանում: Որպես չորամիրգ` սրանց մեջ լավ են պահպանվում A, PP, C, B2, B1 վիտամինները, գլյուկոզան, որն անհրաժեշտ է ուղեղի լավ աշխատանքի համար: Չորացրած խնձորը, որը պարունակում է պեկտիններ, ուղղակի անփոխարինելի է նիհարել ցանկացողների կերակրացանկում: Տանձն օգնում է օրգանիզմը ազատել ծանր մետաղներից: Իհարկե, տանձի չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել փորկապություն: