Ֆրանսիան օգնում է հայկական ֆիլմին

30/01/2010

Հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնը՝ «CNC»-ն հայաստանյան «Մոսկվիչ», mon amour» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նախագծին իր աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով 150 հազար եվրո։ Եվ դա առավելագույն գումարն է, որով ֆրանսիական ազգային հիմնադրամը աջակցում է արտասահմանյան ֆիլմերին։ Ընդ որում՝ այդ հիմնադրամի ցանկում ներկայացված էին 63 ֆիլմեր, որոնցից գումարային աջակցություն ստացել են միայն 6-ը, այդ թվում՝ նաեւ հայստանյան ֆիլմը։ «Մոսկվիչ», իմ սեր» ֆիլմը, որի սցենարի հեղինակը Լեւոն Մինասյանն է, իսկ ռեժիսորը՝ Արամ Շահբազյանը, արդեն իսկ մի քանի միջազգային ֆոնդերի հավանությանն է արժանացել ու կամաց-կամաց լրացնում է իր գրեթե 1 մլն դոլարանոց բյուջեն։ Անցյալ տարի այդ նախագիծը գումար է ստացել նաեւ Մոնպելյե քաղաքում անցկացվող Միջերկրական երկրների ֆիլմերի փառատոնից՝ սցենարական աշխատանքները ավարտելու համար։ Ֆիլմի հիմքում զավեշտալի ու միաժամանակ քնարական պատմություն է այն մասին, թե ինչպես է մի հայ գյուղացի փորձում հասնել իր երկնագույն երազանքին ու «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի տերը դառնալ։ Ֆիլմի ժանրը կարելի է ռետրո-կատակերգություն անվանել, եւ ըստ ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ շատ ուրախ պատմություն է լինելու։ Ուշագրավ է, որ ֆիլմի պրոդյուսերներից մեկը հանդիսանում է Արմեն Համբարձումյանը, ով զարմանալի «հոտառությամբ» ու մասնագիտական բնազդով կարողանում է գործին ճիշտ ընթացք հաղորդել։ Նա, թերեւս, մեր իրականության մեջ այն եզակի պրոդյուսերն է, որ գիտե՝ թե ինչ է նշանակում միջազգային համագործակցությունը, եւ որքան կարեւոր են պրոդյուսերի կապերն ու հեղինակությունը։ Համենայնդեպս, նա ոչ թե պետական աջակցությանն է սուսուփուս սպասում, այլ՝ գործում է։