Հաշտեցման ճանապարհով

28/01/2010

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի առաջիկայում, քանի որ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն հաստատելու գլխավոր խոչընդոտն է: Այդ մասին ադրբեջանական Trend News գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԽ ԽՎ նորընտիր նախագահ Մովլուդ Չավուշօղլուն: «Կան որոշումներ, որ ընդունվել են ԵԽ ԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ որոշումները պետք է կատարվեն: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ պետք է շարունակի իր գործունեությունը, որ այդ հակամարտությունը լուծվի կարճ ժամկետում, քանի որ այն կայունության դեմ ծառացած գլխավոր խոչընդոտն է: Այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Շատ երկրներ աջակցություն են ցուցաբերում: Մենք բանաձեւեր ունենք այդ հարցով: Նաեւ օրակարգում է Ղարաբաղի հարցով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի հարցը: Հնարավոր է` այդ ուղղությամբ աշխատանք տարվել է: Բայց վերջնարդյունքում, մենք, որպես ԵԽ, պետք է լուրջ նպաստ բերենք այդ հաշտեցմանը»,- հայտարարել է Չավուշօղլուն: Միեւնույն ժամանակ, նա խուսափել է մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունները` ասելով, թե որպես ԵԽ ԽՎ նախագահ, սխալ կլինի, եթե ինքը քննարկի նման «յուրօրինակ թեմաները»: «Մեր ցանկությունը կայանում է նրանում, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվեն: Այստեղ կան հարցեր` կապված ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի հետ: Անուղղակիորեն, մենք նաեւ ուզում ենք, որ այդ հարցը կարճ ժամանակում լուծվի հաշտեցման ճանապարհով»,- ասել է Չավուշօղլուն: Վերջինս նշել է, որ ԵԽ ԽՎ-ն պետք է մեծացնի իր արդյունավետությունը, որպեսզի նրա ընդունած որոշումները կատարվեն պատշաճ կերպով. «ԵԽ որոշումները մի շարք երկրներում հարկ եղած կերպով չեն կատարվում: Անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները լիովին չեն կատարվում: Այդ իրավիճակի դեմ լուրջ պատժամիջոցներ չկան, որ հնարավոր լիներ կիրառել»: Միակ պատժամիջոցը, ըստ նրա, մասնակիցների անդամության սառեցումն է կամ զրկումը, որը, սակայն, առ այսօր չի գործել: «Անուղղակիորեն, դա նաեւ արդյունավետ մեխանիզմ չէ, բայց վերջին հաշվով մենք պետք է բարձրացնենք արդյունավետությունը, որ որոշումները կատարվեն»,- հայտարարել է ԵԽ ԽՎ նախագահը: