«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Թուրքիան առաջընթաց քայլ կկատարի այն ժամանակ, երբ համոզվի, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը չի հակասում երկկողմ արձանագրությունների բովանդակությանն ու փիլիսոփայությանը: Առայժմ Երեւանից հնչող հայտարարությունները Թուրքիային չեն համոզում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Եթե Թուրքիայի իշխանությունները համոզվեն, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի հակասում կողմերի միջեւ նախապես ձեռք բերված համաձայնություններին եւ չի փոխում արձանագրությունների բովանդակությունը, ապա Անկարան եւս առաջընթաց քայլ կկատարի դրանց վավերացման ուղղությամբ: Մենք Հայաստանից հստակ բացատրություններ ենք ակնկալում Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ,- ասել է նա`ավելացնելով,- Մենք դեմ ենք, որպեսզի նախապայմաններ դրվեն կամ նախապատվություն սահմանվի արձանագրություններում ամրագրված դրույթներից մեկի կամ մյուսի նկատմամբ: Մենք չենք կարող ասել՝ եկեք բացենք սահմանը, հետո քննարկենք մյուս հարցերը: Դա հակասում է արձանագրությունների փիլիսոփայությանը։ Մենք ուզում ենք, որպեսզի արձանագրություններում ամրագրված բոլոր տարրերը ուժի մեջ մտնեն միաժամանակ»: Շարունակելով ՍԴ-ի որոշման վերաբերյալ իր բացասական վերաբերմունքը` Դավութօղլուն ասել է. «Թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում որոշ շրջանակների մոտ կարող են լինել դժգոհություններ` արձանագրություններում ամրագրված դրույթների վերաբերյալ, սակայն այդ դժգոհությունները չպետք է ամրագրվեն իրավական փաստաթղթերում: Մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանություններից դեմ կանգնել այդ քննադատությանը եւ պաշտպանել այն, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել: Բանակցություններին աջակցող միջնորդ երկրները եւս պետք է ըմբռնեն, թե որքան կարեւոր է շարունակել բանակցային գործընթացը՝ առանց դրան վնասող հայտարարությունների եւ փաստաթղթերի»: Հիշեցնելով, որ օրերս ինքը այս հարցի շուրջ արդեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, Դավութօղլուն ասել է, որ մտադիր է շարունակել զրույցը Լոնդոնում Աֆղանստանին նվիրված միջազգային գագաթաժողովում, որը մեկնարկել է երեկ: «Թուրքիան վճռական է տրամադրված հարաբերությունները կարգավորելու հարցում, մենք սկսել ենք այս գործընթացը` ունենալով երեք հիմնական նպատակ, եւ մտադիր չենք դրանցից հրաժարվել: Առաջին` լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, երկրորդ՝ ձերբազատվել հայ եւ թուրք ժողովուրդների նախապաշարումներից, ապահովել երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնում եւ երկխոսություն, որպեսզի նրանք լուծեն երկկողմ հարաբերություններում առկա բոլոր խնդիրները` որքան էլ որ բարդ լինեն դրանք, եւ կարողանան հաղթահարել պատմական խոչընդոտները: Եվ երրորդ՝ ճանապարհ բացել Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղություն հաստատելու համար,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը` ավելացնելով,- Չնայած վերջին շրջանում ի հայտ եկած դժվարություններին՝ մենք պետք է սառնասրտություն ցուցաբերենք: Միշտ էլ հնչել են քննադատություն, կարծիքներ, որ այս գործընթացը փակուղի է մտել, կամ, որ այն ոչ մի տեղ չի տանում: Նույն մթնոլորտն էր տիրում նաեւ անցած տարի հուլիսին, սակայն, երբ անցած հոկտեմբերին արձանագրությունները ստորագրվեցին, բոլորը զարմանք ապրեցին: Դիվանագիտությունը համբերություն է պահանջում եւ քայլ առ քայլ աշխատանք»: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կպատահի, եթե ամերիկյան Կոնգրեսը կրկին բարձրացնի Հայոց ցեղասպանության հարցը, Դավութօղլուն ասել է. «Անշուշտ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալի: Այնուամենայնիվ, ես նման զարգացում չեմ սպասում: Ակնհայտ է, որ եթե Միացյալ Նահանգներում կամ Կոնգրեսում ինչ-որ փաստաթուղթ ընդունվի, որը կմեղադրի Թուրքիային, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կձախողվի՝ չնայած մինչ օրս այդ ուղղությամբ ներդրված բոլոր ջանքերին»: