Տնտեսության կենտրոնացումը շարունակվում է

28/01/2010 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 ամենախոշոր հարկատուների ցանկը, որը մի շարք հետաքրքիր օրինաչափություններ է բացահայտում:

Նախ նշենք, որ 300 ամենախոշոր հարկատուները 2009 թվականին նվազեցրել են բյուջե վճարած հարկերի ընդհանուր ծավալը ավելի քան 15%-ով` բյուջեի հարկային եկամուտների 17-18% նվազման պայմաններում: Հետաքրքիր է այն, որ համեմատաբար խոշոր ընկերությունները ընդհանուր առմամբ ավելի քիչ չափով են նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը (Աղյուսակ 1): Այսպես, եթե առաջին 300 խոշոր հարկատուները նվազեցրել են բյուջե վճարվող հարկերի ծավալը 15.2%-ով, ապա առաջին 10 խոշոր հարկատուները ավելի քիչ` 11.4%-ով են նվազեցրել բյուջե վճարվող հարկերը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա խոսում է այն մասին, որ խոշորները ավելի շատ են իրենց վրա կրում բյուջեն լցնելու պարտականությունը, բայց այստեղ կարեւոր է նաեւ հաշվի առնել այդ ընկերությունների շրջանառությունները` իրացումից հասույթը: Այսինքն` եթե պարզվի, որ Հայաստանի տնտեսության երկնիշ անկման պարագայում 300 խոշոր հարկատուների շրջանառությունները չեն նվազել կամ ավելի քիչ են նվազել, քան նրանց վճարած հարկերի նվազման տոկոսն է, դա կվկայի երկու հանգամանքի մասին: Առաջին` մեր տնտեսությունը շարունակաբար կենտրոնանում է մի քանի խոշոր ընտանիքների ձեռքում, երկրորդ` խոշորները շարունակում են խուսափել ու գնալով նվազեցնել վճարած հարկերի ծավալը: Խոշոր հարկատուների շրջանառությունների վերաբերյալ տվյալները ՊԵԿ-ի կողմից հրապարակվում են առանձին` «325 խոշոր հարկատուների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշներ» զեկույցում: ՊԵԿ-ը դեկտեմբեր ամսվա մոնիտորինգի արդյունքները դեռ չի հրապարակել, սակայն 2009թ.-ի առաջին 11 ամիսների կտրվածքով 325 խոշոր հարկատուների իրացումից հասույթը նվազել է ընդամենը 5%-ով: Ակնհայտ է, որ այս ցուցանիշը 2009-ի դեկտեմբերի տվյալները ներառելիս էական փոփոխության չի ենթարկվելու, ուստի կարող ենք վստահորեն ասել, որ գործ ունենք տնտեսության շարունակական կենտրոնացման եւ խոշորների կողմից վճարվող հարկերի` անտրամաբանական նվազման հետ: Անտրամաբանական, քանի որ, ինչպես արդեն նշվեց, 300 կամ 325 խոշոր հարկ վճարողները երկնիշ թվով նվազեցնում են իրենց կողմից վճարած հարկերի ծավալը այն դեպքում, երբ նրանց շրջանառության ծավալները գրեթե անփոփոխ են մնում կամ զգալիորեն ավելի քիչ չափով են նվազում: Սակայն վերադառնանք 1000 խոշոր հարկատուների ցուցակին: Այն, թե հատկապես որ խոշոր գործարարներն են ավելի շատ խուսափում հարկեր վճարելուց, երեւում է մեկ այլ երեւույթի` ուղղակի եւ անուղղակի հարկերի հարաբերակցության ուսումնասիրությունից: Համեմատաբար ավելի շատ հարկեր թաքցնում են այն գործարարները կամ ընկերությունները, որոնք ավելի քիչ ուղղակի հարկեր (շահութահարկ եւ եկամտահարկ) են վճարում, որովհետեւ հարկերի մյուս տեսակը` անուղղակի հարկերը, ըստ էության, վճարում են վերջնական սպառողները կամ գնորդները: Սովորաբար նորմալ երկրներում բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 2/3-ը կազմում են ուղղակի հարկերը: Հայաստանում լրիվ հակառակ պատկերն է: Առաջին 300 խոշոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերն ունեն մոտ 23.8%: Այս ցուցանիշը վերջին տարիներին գրեթե չի փոփոխվում` տատանվելով 22-25%-ի շրջանակներում:

Բայց եթե այդ 300 խոշոր հարկատուների ցանկից հանենք բանկերին, պատկերը շատ ավելի տխուր կլինի, քանի որ բանկերը ավանդաբար ավելի շատ ուղղակի հարկեր են վճարում, քան անուղղակի: Ինչ վերաբերում է կոնկրետ հարկատուներին (Աղյուսակ 2), ապա նշենք, որ ցուցակը գլխավորում են «ՀայՌուսգազարդ», «Ալեքս-Գրիգ» ընկերությունները, որոնք ավելացրել են նախորդ տարվա համեմատ իրենց հարկային վճարումների ծավալը, ինչպես նաեւ «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Ֆլեշ» ընկերությունները:

Ընդհանուր առմամբ 9 ընկերություն, որոնք 2008-ին եղել են առաջին 20-յակում, դուրս են մնացել 2009-ի 20 ամենախոշորների ցանկից: