ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիին, ով Հայաստանում է Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: «Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս ԻԻՀ-ի հետ հարաբերություններին, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկեր եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Ուստի, երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից»,- ասել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Նա ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսության եւ անցկացվող խորհրդատվությունների կարեւորությունը: «Ուզում եմ առանձնացնել արտաքին գործերի գերատեսչությունների շատ անհրաժեշտ եւ կարեւոր աշխատանքը: Ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա ապրիլին Իրան կատարած իմ այցելությունը եւ տպավորված եմ այնտեղ ունեցած հանդիպումներով»,- նշել է Ս. Սարգսյանը:
Նա նշել է, թե նախորդ տասնամյակում կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաեւ էներգետիկ, ենթակառուցվածքների եւ այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպատակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում, էապես կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետայսու ընդլայնմանը եւ նոր խթան կհանդիսանա հայ-իրանական բարեկամության խորացման համար: «Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը էապես կփոխի մեր տնտեսական փոխգործակցության պատկերը»: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաեւ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Ի դեպ, երեկ Մոթաքիին ընդունել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա հույս է հայտնել, որ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի նիստը կպսակվի հաջողությամբ եւ առաջ կմղի մի շարք փոխշահավետ ծրագրեր էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում: Ապա զրուցակիցները քննարկել են հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը: Հայ-իրանական երկկողմ հարաբերությունների համատեքստում զրուցակիցները նաեւ կարեւորել են միջխորհրդարանական համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցերին: