Ներկայացումը վերջապես ավարտվեց: Միջազգային հանրությունն այլեւս չի հավատում Թուրքիայի` արձանագրությունների վավերացումից հրաժարվելու անվերջ արդարացումներին: Հայ ղեկավարները, ովքեր կարծում էին, թե Թուրքիան կբացի իր սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, սկսել են կասկածել թուրքերի անկեղծությանն ու խորհել արձանագրությունների հնարավոր տապալման մասին: Այժմ մեղադրանքներ ներկայացնելու ժամանակն է սկսվել: Ում մեղքով չեն վավերացվում արձանագրությունները: Իմ կարծիքով, միայն թուրքերին պետք է մեղադրել` ի սկզբանե միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար: Թուրք ղեկավարները երբեք էլ մտադիր չեն եղել կյանքի կոչել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման իրենց հրապարակային խոստումները: Հավատալով նախագահ Օբամայի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ տված լուրջ խոստմանը` թուրքերը պարզապես փորձում էին այն կանխել, ինչպես նաեւ նպաստել Թուրքիայի Եվրամիություն (ԵՄ) մտնելուն, քանի որ բաց սահմանները ԵՄ անդամակցության գլխավոր նախապայմաններից են: Որեւէ դրական քայլ չկատարելով հանդերձ` Թուրքիան փորձում էր Հայաստանի հետ հաշտեցման կեղծ տպավորություն ստեղծել, դրանով իսկ համոզել Օբամային` ապրիլի 24-ի իր ելույթում «ցեղասպանություն» տերմինը չօգտագործել: Թուրք ղեկավարներին հաջողվեց նաեւ արձանագրությունները շահարկելով` ամբողջ աշխարհում բարի համբավ ստեղծել իրենց երկրի համար: Երկարատեւ ու դժվարին բանակցությունների ընթացքում, սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց Թուրքիան պահանջում էր Հայաստանի հեռացումն Արցախից, ցեղասպանության փաստերն ուսումնասիրող միջազգային հանձնաժողովի ստեղծում եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում: Երկու կողմերի վրա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ուժեղ ճնշման տակ, Հայաստանն ու Թուրքիան գնացին մի շարք փոխզիջումների: Հայաստանը դժկամորեն համաձայնեց անորոշ «պատմական հանձնաժողովի» ստեղծմանը, որն անմիջականորեն չէր կապվում ցեղասպանության հետ: Հայաստանը պետք է ընդուներ նաեւ արձանագրություններում առկա հղումը անցյալի միջազգային պայմանագրերին, որոնք հաստատում էին հայկական տարածքային զիջումները Թուրքիային, սակայն հատուկ նշված չէր Կարսի կապիտուլյացիոն պայմանագիրը: Բացի այդ, արձանագրություններում մի հոդված էր ընդգրկված, որը պահանջում էր չմիջամտել այլ պետությունների ներքին հարցերին, որպեսզի Հայաստանն այլեւս չկարողանա պաշտպանել Արցախին, քանի որ դա կմեկնաբանվի որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին: Քանի որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները չէին բավարարում Թուրքիայի բոլոր պահանջները, ուստի նրա ղեկավարները սկսել էին սպառնալ չստորագրել արձանագրությունները կամ չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Արցախի հակամարտությունը ադրբեջանանպաստ լուծում չի ստացել: Այլ կերպ ասած` Թուրքիան փորձում էր արձանագրություններում առկա բացթողումները լրացնել` դրանց վավերացումը պահելով որպես պատանդ Արցախի վերաբերյալ իր նախապայմանով: Արձանագրությունների վավերացումն էլ ավելի բարդացավ, երբ Ադրբեջանը սկսեց սպառնալ իր «մեծ եղբայր» Թուրքիային` իր ոխերիմ թշնամի Հայաստանի հետ սահմանի բացման հարցը քննարկելու համար: Ադրբեջանցիները ցանկանում էին, որ Թուրքիան շարունակեր շրջափակումը, մինչեւ Հայաստանին ստիպեին ճանաչել Ադրբեջանի իրավասությունն Արցախի նկատմամբ: Թուրքիային մատակարարվող բնական գազը թանկացնելու եւ նավթի մի մասը Ռուսաստան վերաուղղելու ադրբեջանցիների սպառնալիքները թուրք ղեկավարներին ստիպեցին ավելի զուսպ գործել Հայաստանի հետ համաձայնագրի իրականացման գործում:
Ադրբեջանին հանգստացնելու համար Թուրքիան Ռուսաստանից, Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից պահանջեց ճնշում գործադրել Հայաստանի վրա` Արցախի հարցում զիջումների գնալու համար: Թուրքիայի այս պահանջը մնաց «ձայն բարբառո յանապատի»: Միջազգային հանրությունը հասկացավ, որ արցախյան հակամարտության եւ հայ-թուրքական արձանագրությունների բարդ հիմնախնդիրները միաժամանակ լուծելու փորձերի արդյունքն այն կլինի, որ այդ երկու հարցերից ոչ մեկն էլ լուծում չի ստանա: Հասկանալով, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի, հազիվ թե որեւէ մեկն Արցախի հարցում աջակցի իրենց պահանջներին` թուրք ղեկավարները հայացքն ուղղեցին մեկ այլ հարմար քավության նոխազի` Հայաստանի Սահմանադրական դատարանին: Չնայած դատարանը հունվարի 12-ին որոշում էր կայացրել, որ արձանագրություններով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն միաժամանակ հրապարակել էր մի քանի պարզաբանումներ եւ սահմանափակումներ, որոնք խոչընդոտում էին թուրքական կառավարության կողմից արձանագրությունների կամայական մեկնաբանություններին: Վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Դավութօղլուն բացահայտորեն սպառնացին ընդհանրապես հրաժարվել արձանագրություններից, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը «չուղղի» իր որոշումը, որը Հայաստանի օրենսդրությամբ անիրագործելի մի խնդիր է: Պետքարտուղարությունն անմիջապես պաշտպանեց հայկական կողմին` չընդունելով թուրքական մեղադրանքները, որ իբր Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է պայմանագրի «ոգուն եւ տառին»: Անշուշտ, Պետքարտուղարության իրական նպատակը Հայաստանի խորհրդարանին նախազգուշացնելն էր` ձեռնպահ մնալու վավերացման ժամանակ որեւէ վերապահում ավելացնելուց: Քանի որ Հայաստանի ԱԺ նախագահն արդեն հայտարարել է, որ նա որեւէ քայլ չի ձեռնարկի, նախքան թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը, ուստի գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է: Արձանագրություններն Անկարայում սառեցվեցին հենց այն պահից, երբ հոկտեմբերի 21-ին ներկայացվեցին խորհրդարան: Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներն անցյալ տարվա օգոստոսի իրենց համատեղ մամուլի հաղորդագրության մեջ շեշտել էին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն «խելամիտ ժամկետներում»: Վերջերս հայ պաշտոնյաները Թուրքիային հիշեցրին այդ անորոշ վերջնաժամկետի մասին` հավելելով, որ Հայաստանը ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել, եթե Թուրքիան ամենաուշը փետրվարին կամ մարտին չվավերացնի արձանագրությունները: Այս պահին ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան ցանկություն չունեն նահանջել իրենց անզիջում դիրքերից: Եթե թուրք ղեկավարներն Արցախի ու Սահմանադրական դատարանի հետ կապված նախապայմանները վերացնեն, ապա նրանք ոչ միայն կարող են Ադրբեջանին որպես դաշնակից կորցնել, այլեւ հաջորդ տարվա ընտրություններում լրջորեն կվտանգեն իրենց կուսակցության խորհրդարանական մեծամասնության հաջողությունը: Նույն կերպ, Հայաստանի ղեկավարները ոչ Արցախից կարող են հրաժարվել, եւ ոչ էլ «ուղղել» ՍԴ-ի որոշումը: Հետեւաբար, ոչ մի արտաքին ճնշում ի զորու չէ երկու երկրների կառավարություններին ստիպել փոխել իրենց կուրսը: Ուստի ես կարծում եմ, որ արձանագրությունները հնարավոր չէ վերակենդանացնել: Թուրքիան շատ մոտ էր այս տխրահռչակ արձանագրություններով Հայաստանին եւ ամբողջ աշխարհին մոլորության մեջ գցելու իր նպատակին: Բարեբախտաբար, դրանք ձախողվեցին` մինչ կհասցնեին լուրջ վնաս պատճառել Հայաստանի ազգային շահերին:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր