Բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու մասին օրենսդրական նախագիծ է պատրաստվում
Թեեւ սոցիալական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները չեն դադարում ամբիոններից հնչեցնել ծնելիության մակարդակը բարձրացնելուն ուղղված պետական ծրագրերի անհրաժեշտության մասին տվյալներ, այդուհանդերձ, Հայաստանում, մասնավորապես նորաստեղծ ընտանիքները նախընտրում են երկու երեխայից ավելի երեխաներ չունենալ:
Պատճառը թերեւս սոցիալական պաշտպանության օրենսդրական դաշտում բազմազավակ ընտանիքների մասին օրենքի բացակայությունն է, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում չի եղել բազմազավակ ընտանիքների մասին օրենք: Հայաստանում առկա հինգ եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքները ներկայումս չեն կարող պաշտպանվել օրենքով միայն այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ բացակայում է առհասարակ բազմազավակ ընտանիքի սահմանումը: Հետեւաբար չկա սահմանում` չկա նաեւ պարտավորություն: Պետությունը խրախուսում է շատ երեխաներ ունենալու գաղափարը միայն բանավոր, առանց բազմազավակ ընտանիքների պաշտպանության մասին պետական փաստաթղթի եւ միայն ելնելով Հայաստանի ժողովրդագրական ահազանգող իրավիճակից: Ի դեպ, դեռեւս 2003թ. ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը հետագայում վերանվանվեց «Կայուն զարգացման ծրագիր», իր մեջ ներառում է այնպիսի կետեր, ըստ որոնց` պետությունն իր միջոցներն ուղղելու է բնակչության թվաքանակի կտրուկ աճին: Ավելին` «Կայուն զարգացման ծրագրում» Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը բնութագրվում է՝ որպես, այսպես կոչված՝ «զրոյական» վերարտադրության իրավիճակ, որում, ըստ էության, չի ապահովվում բնակչության պարզ եւ ընդլայնված վերարտադրությունը, եւ որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների: Մասնագետների գնահատմամբ` մասնավորապես, ծնելիության գումարային ցածր գործակցի պահպանման դեպքում, արդեն առաջիկա տասնամյակներին կնկատվի բնակչության էական ծերացում, աշխատուժի ծավալի կրճատում եւ բնակչության կազմում պոտենցիալ խնամքի կարիք ունեցող բնակչության (0-15 ու 60 եւ ավելի տարեկան) մասնաբաժնի ավելացում մինչեւ 40%: «Կայուն զարգացման ծրագրով» նախատեսվում էր, որ այդ պայմաններում ՀՀ կառավարության հիմնական գերակայություններից պետք է դառնան ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես ծնելիության աճի եւ երիտասարդ ընտանիքների աջակցությանն ուղղված քաղաքականության մշակումը եւ իրականացումը:
ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով` կարեւորը ոչ թե բազմազավակ ընտանիքների մասին օրենք ունենալն է, այլ «կարեւորն այն է, թե մենք արդյո՞ք այդ բազմազավակ ընտանիքներին վերաբերող հասարակության շերտի պահանջները կարողանում ենք բավարարել, թե՞ ոչ: Օրինակ` նպաստների համակարգով մենք յուրաքանչյուր երեխայի համար ունենք վճարներ, եւ բնականաբար, բազմազավակ ընտանիքներին այս գումարները հասնում են ըստ երեխաների քանակի»: Մինչդեռ հարկ է հիշեցնել, որ ՀՀ Վերահսկիչ պալատի ամիսներ առաջ բացահայտած տվյալների համաձայն` ՀՀ պետբյուջեից ընտանեկան նպաստների համակարգին տրամադրված միլիոնավոր գումարներ գրպանվել են ինչպես կեղծ հասցեատերերի, այնպես էլ` ընտանեկան նպաստի համակարգի պատասխանատուների կողմից: Այնպես որ` արձանագրել, թե խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է այդ համակարգով` սխալ կլինի: Հետեւաբար կանխատեսումները, թե տարեցտարի կբարելավվի ընտանեկան նպաստ համակարգի հասցեականությունը, իրականություն չդարձավ, քանի որ շատ դեպքերում նպաստից օգտվում են կեղծ տվյալներ փաստագրած անձինք, իսկ իրական անապահովության շեմը հաղթահարած շատ ընտանիքներ տարբեր պատճառաբանությամբ փաստագրումից դուրս են մնում: Ինչեւէ: Հ. Հակոբյանն ասում է, որ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել «Հինգ եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին մինիմալ չափի բնակարանով ապահովելու մասին» օրենքի նախագիծը. «Ինչպես նաեւ մենք ունենք կոչումների, այսինքն` «Բազմազավակ ընտանիքների կոչումների մասին» օրենքի նախագիծ: Սակայն ես հակված եմ, որ բազմազավակ ընտանիքներին նյութական աջակցության խնդիրն ավելի շատ կարեւորվի, եւ շատ ավելի պատվի արժանի է դա, քան կոչումները: Այսպիսով, բազմազավակ ընտանիքների վերաբերյալ շրջանառության մեջ մենք ունենք բնակարանով ապահովելու մասին օրենքի նախագիծ, եւ պետք է ասեմ, որ ընտանիքի երեխաների ապահովագրության գործակիցը կարգավորվելու է նպաստների համակարգի սկզբունքներով, որը հիմնականում վերաբերում է մինչեւ 18 տարեկան երեխաներին գումար հատկացնելու սկզբունքին»: Սովետական տարիներին մեր երկրում բազմազավակ էին համարվում այն ընտանիքները, որտեղ հինգից ավելի երեխա կար: Հ. Հակոբյանը վստահեցնում է, որ նախկինում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունների ցանկում կար ինչպես բնակարանի, այնպես էլ ավտոմեքենայի տրամադրման առավելությունը: «Մենք հիմա փորձում ենք բազմազավակ ընտանիքների խնդիրները լուծել: Ավտոմեքենայի խնդիրն այսօր այդքան ակտուալ չէ, որքան բնակարան տրամադրելն է»,- ասում է Հ. Հակոբյանն` ավելացնելով, որ բնակարանով կապահովվեն ոչ թե բազմազավակ այն ընտանիքները, որոնք անօթեւան են, բնակվում են ժամանակավոր կացարաններում, այլեւ` նրանք, որոնց մինչեւ 18 տարեկան երեխաների ապահովագրության գործակիցը կարգավորվում է ընտանեկան նպաստի համակարգով: Ինչպես նաեւ սահմանվել է հետեւյալ չափորոշիչը. 5 եւ ավելի երեխաներ ունեցող բազմազավակ այն ընտանիքները, որտեղ սահմանված մեկ շնչի հաշվով 15քմ բնակելի տարածքը չի բավարարում, կստանան բնակարաններ, իսկ սահմանված նորմը գերազանցելու դեպքում` կզրկվեն դրանից: Բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացն իրականացվելու է պետբյուջեի գումարներով: Օրենսդրական այս նախագիծը հաստատվելուց եւ օրենքի ուժ ստանալուց հետո ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կսկսի հաշվառման գործընթացը` հերթագրում, ունեցվածքի գույքագրում, այնուհետեւ պետբյուջեից կհատկացվի համապատասխան բնակարանների գումարները: