Պետություն=ֆիրմա՞

28/01/2010

Տնտեսության ոլորտում կառավարության կանխատեսումների չիրականացումը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ինչպես եւ սպասվում էր` պատճառաբանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով: «Ճգնաժամը ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ պրոբլեմներ ունի աշխարհը,- երեկ ասել է նա` երկրի տնտեսությունը համեմատելով ֆիրմայի հետ։ -Ցանկացած երկիր նման է մի ֆիրմայի: Ֆիրմայի վարքագիծն այնպիսին է, որ եթե դու չունես ընթացիկ միջոցներ եւ դու ունես ծրագրեր, որն ուղղված է քո աճին կամ հետագա զարգացմանը, բնականաբար, դու պետք է ունենաս պարտքային միջոցներ»: Ըստ նրա` պարտքային ցուցանիշը չպետք է անցնի 60 տոկոսը, իսկ ՀՀ օրենքով ամրագրվել է, որ պարտքային վտանգավոր ցուցանիշը 50 տոկոս է. «Այսօրվա դրությամբ, 2010թ. սկզբում մենք կունենանք 30 տոկոսից ավելի արտաքին պարտքի ցուցանիշ: Չենք կարծում, որ դա վտանգավոր սահմանին մոտ է: Ավելին, առաջիկա տարիներին մենք մեր պարտքի ցուցանիշը կարող ենք հասցնել 50-55 տոկոսի, եւ մեր տնտեսական այն կանխատեսումները, որը մենք կատարում ենք միջնաժամկետ, մեզ հնարավորություն կընձեռի, որ մենք առանց խնդիրների վերադարձնենք մեր արտաքին պարտքը»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ից սպասվող 100 միլիոն դոլար վարկին, ապա փոխնախարարն ասել է, որ դա հիմնականում ուղղվելու է ՀՀ-ում ադամանդագործության զարգացմանը, որտեղ կառավարությունը պոտենցիալ է տեսնում: «Ա1+»-ի հարցին, թե` ի՞նչ կասեք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարության մասին, որ կառավարությունն այսօր վարկ է վերցնում ոչ թե ՀՀ տնտեսությունը զարգացնելու, այլ օլիգարխներին բաժանելու համար, փոխնախարարը պատասխանել է. «Մեր պարտքային քաղաքականությունը շատ թափանցիկ է: Եթե կան նման հարցեր, պետք է ասել, թե ինչ է եղել, ինչ օլիգարխի է գնացել գումարները: Պետք է խոսել փաստերով»: Նա վստահեցրել է, որ 2009թ. Հայաստանում ստեղծվել են բիզնեսը զարգացնելու նպաստավոր պայմաններ, եւ դրանք շարունակելու են նաեւ 2010թ.: Հանդիպմանը ներկա ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանը, սակայն, ասել է, թե կառավարության գործողությունները համահունչ չեն ներկա իրավիճակին: «Ձեր խնդիրն այն է, որ դուք պետության կառավարմանը նայում եք իբրեւ ֆիրմայի կառավարման»,- հակադարձել է Ա. Նռանյանը: Նրա կարծիքով՝ այսօր լուրջ խնդիր է, թե ինչպես են ծախսվում վարկերը։ «Վարկերն ուղղելու հարցում կառավարությունը նպաստում է մենաշնորհների ձեւավորմանը: Կառավարությունը պետք է աջակցի ոչ թե առանձին ձեռնարկություններին եւ նպաստի մենաշնորհների ձեւավորմանը, այլեւ ամբողջ ոլորտին: Այսօր Հայաստանը բոլորովին նպաստավոր երկիր չէ բիզնեսի զարգացման համար` թե օտարերկրյա ներդնողի, թե տեղական գործարարի»,- հավելել է նա: