«2009 թվականը շատ ծանր տարի էր Հայաստանի համար, որի արդյունքում գրանցվեց 14,4 տոկոսի տնտեսական անկում»,- երեկ հայտարարել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2009թ. համար կանխատեսել էր 9,2 տոկոսանոց աճ: Ըստ Գ. Մինասյանի, ճգնաժամի պայմաններում կար երկու ճանապարհ. ծախսել այնքան, որքան կա, կամ վարել ընդլայնողական քաղաքականություն եւ վարկերի հաշվին չնվազեցնել ծախսերն ու դրանով պահանջարկ առաջ բերել:
«ՀՀ իշխանությունը գնաց երկրորդ ճանապարհով, որի արդյունքում ոչ մի սոցիալական ծախս չկրճատվեց, եւ հասարակության մեծամասնությունը թեթեւ տարավ ճգնաժամը,- ասել է նա: Ի դեպ, Գ. Մինասյանի կարծիքով` տնտեսության խոցելիության եւ դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով շինարարության եւ արդյունաբերության ոլորտները 2009թ. հսկայական անկում գրանցեցին: «Դրա համար որոշել ենք խրախուսել ադամանդագործության ոլորտը եւ ընդլայնել Տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործունեությունը, որպեսզի խթանենք մրցակցությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2010թ. Հայաստանը լրացուցիչ 100 միլիոն դոլարի վարկ է ստանալու Ռուսաստանից` ադամանդագործության զարգացման համար: