Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց անցած տարվա տնտեսական ցուցանիշները: Հրապարակեց` «շտապ հավաքագրված նախնական մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներ» անունով: Հրապարակումը վերջ տվեց հայկական տնտեսության անկման կանխատեսում-բանավեճերին: Վերջ տվեց ու բանավեճերը միանգամից տեղափոխեց նոր փուլ: Տնտեսությունն ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցեց մոտ 15 ու կես տոկոսանոց անկում: Սա այն դեպքում, երբ տնտեսությունը չափում ենք ազգային դրամով: Մասնագետներից շատերն այս գնահատականի հետ համաձայն չեն: Նրանք առաջարկում են պաշտոնական տվյալները վերահաշվարկել: Որովհետեւ անցած տարվա մարտ ամսին ազգային դրամն արժեզրկվել է: Հետեւաբար տնտեսության անկման իրական պատկերը կարելի է ստանալ միայն տարադրամային հաշվարկով: Բայց այս հաշվարկով անկումը կրկնակիից ավելի է: Մոտ 30 տոկոս: Բոլոր դեպքերում մակրոտնտեսական սիրելի երկնիշ ցուցանիշները վերարտադրվեցին: Վերարտադրվեցին բացասական նշանով: Հարազատ կառավարությունը ամիսներ շարունակ հասարակությանը նախապատրաստում էր այս տվյալների հրապարակմանը: «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» հայտնի բանաձեւին հավատարիմ կառավարությունը հասարակությանը համոզում էր, որ պատահածը համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունք է: Եվ, որ անկումն ավելի սարսափելի կլիներ, եթե մեր տնտեսությունն իրենք չկառավարեին: Տնտեսական ցուցանիշներից ամենասարսափելին արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրողներն են: Հատկապես ներքին տվյալների հետ համեմատած:
Արտահանումը կրճատվել է մեկ երրորդի չափով: Ներմուծումը` մեկ քառորդի: Անգամ այս պարագային բացասական հաշվեկշիռը 2 ու կես մլրդ դոլարից ավելի է: Այսինքն՝ ճիշտ այդքան դոլար է երկրից արտահանվել: Մեր` արտերկրյա ներդրումների կարոտ ու օտարերկրյա ներդրողներին խրախուսող տնտեսությունն իրեն թույլ է տալիս 2,6 մլրդ դոլարի «ներդրում» կատարել տարբեր պետությունների տնտեսության մեջ: (Փակագծերի մեջ ասենք, որ այդ երկրների թվում է նաեւ Թուրքիան): Բացասական հաշվեկշռի ծավալով մենք տարին տարվա վրա հակառեկորդներ ենք սահմանում: Սեփական տնտեսությունը զարգացնող ծրագրեր մշակելու եւ իրականացնելու փոխարեն՝ մեր կառավարությունն անցած տարի անողոք պայքար մղեց մանր ու միջին գործարարության դեմ: Եվ այդ պայքարը մթության քողի ներքո չէր տարվում: Այլ` «ստվերային տնտեսության դեմ պայքարի» գեղահունչ լոզունգով զինավառ: «Շտապ հավաքագրված» ցուցանիշների համաձայն՝ տնտեսության համարյա բոլոր ոլորտները կրճատվել են: Աճ արձանագրող բացառություն է մանրածախ ապրանքաշրջանառությունը: 1 տոկոս աճը հարազատ կառավարությունը հարկավ կվերագրի դրամարկղային կտրոնների կիրառման հմուտ քաղաքականությանը: Այդ ու զուգահեռաբար կիրառվող կոշտ հարկային քաղաքականությամբ հարկային ծանր բեռի տակ քաշվեց մանր ու մասամբ նաեւ միջին բիզնեսը:
Ասածն ապացուցելու համար կարելի է ծանոթանալ հենց երեկ հրապարակված 300 խոշոր հարկատուների ցուցակին: Հայտնի բան է՝ «խեղդվողի փրկության գործն իր` խեղդվողի գործն է»: Հետեւաբար բյուջեի հանրային ծախսերը պիտի ծանրանան գործարարների դասի ամենաաղքատ հատվածի` մանր ու միջին ոլորտի ուսերին: Կամաց-կամաց հարկային դաշտ ներքաշվող գլուղատնտեսությունն էլ, իր 2009-ի աննախադեպ բարձր գներով, տնտեսական ճգնաժամից չի տուժել:
Պաշտոնական տվյալների համաձայն` չի տուժել: Վիճակագիրներն այս ոլորտը բնութագրող թվերը հավաքագրում են ազատ թեմայով գրվող դպրոցական շարադրության մեթոդաբանությամբ: Ոչինչ ճշգրտել հնարավոր չէ: Փոխարենը կարելի է գյուղատնտեսական ցուցանիշներ նկարելով՝ հնարավորինս փոքրացնել տնտեսության իրական անկման բնութագրիչները: Իսկ դրանք տնտեսության իրական հատվածում անողոք են: 2008-ին, երբ աշխարհում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը, մեր վիճակագիրները շինարարության ոլորտում մոտ 2 տոկոսանոց աճ ներկայացրեցին: 2009-ին, երբ շինարարությունն արդեն մեր իշխանությունների ինքնագոհ հպարտության ոլորտ չէ, արձանագրվել է մոտ 36 ու կես տոկոսանոց անկում:
ՀՀ նախկին նախագահը առանձնահատուկ վերաբերմունք ուներ շինարարության նկատմամբ: Դա հայտնի փաստ էր, ու վիճակագիրները ամեն տարի աճ էին ներկայացնում: Գործող նախագահի վերաբերմունքը շինարարությանը հայտնի չէ: Ու տարօրինակ համընկնմամբ այս ոլորտում էական անկում է արձանագրվում: Հետեւաբար՝ մեր տնտեսության մակրոցուցանիշների նկատմամբ վերաբերմունքը դարձել է հավատքի ոլորտի խնդիր: Իսկ դրա իրավունքը պաշտպանվում է ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով: