Կլիմայի փոփոխությունը և մենք

28/01/2010

Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, մի տեսակ թերահավատությամբ ենք մոտենում բնապահպանական խնդիրներին։ Օրինակ, եթե հայաստանցիներին հարց ուղղեն, թե որքանո՞վ է իրենց անհանգստացնում կլիմայի փոփոխությունը, որն այսօր աշխարհի ամենակարեւոր խնդիրներից մեկն է, շատերը կպատասխանեն՝ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք։

Հայերին բնորոշ սառնասրտությունը, նման հարցերում, մասամբ կարելի է բացատրել նրանով, որ իրոք՝ առաջին տեղում սոցիալ-տնտեսական խնդիրներն են։ Այսինքն՝ մարդկանց առաջին հերթին հետաքրքրում է այսօրվա օրը, քան ապագան։ Երկրորդ պատճառը տեղեկացվածության պակասն է։ Օրինակ, քչերը գիտեն, թե ինչ վտանգներ է պարունակում կլիմայի տաքացումը` ասենք 1-2 աստիճանով։ Հայաստանի Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի տվյալներով, Հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանում 2100 թվականին օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.70C-ով, տեղումները կկրճատվեն` մոտ 10%-ով: «1.7 աստիճանն ի՞նչ է, որ անհանգստանանք»,- կասեն շատերը։ Իրականում, դա շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր կյանքի վրա, քան կարելի է պատկերացնել։ Այսպես, կլիմայի համամոլորակային փոփոխությունը եւ Հայաստանի տարածքում ներքին միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել հետեւյալ հետեւանքների.

– Կանխատեսվում է լանդշաֆտային գոտիների սահմանների տեղափոխություն լեռնային պրոֆիլով դեպի վեր` ըստ բարձրության 100-150 մ: Սպասվում է, որ անապատա-կիսաանապատային գոտու մակերեսը կընդլայնվի 33%-ով, տեղի կունենա տափաստանային գոտու ընդլայնում 4%-ով եւ դրա բարձրացում դեպի վեր` 150-200 մ-ով: Անտառային գոտում սպասվում է անտառի ստորին սահմանի բարձրացում դեպի վեր 100-200 մ: Մերձալպյան գոտու մակերեսը կկրճատվի 21%-ով, իսկ ալպյան գոտունը՝ միջին հաշվով 22%-ով:

– Կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման եւ տեղումների նվազման դեպքում պետք է սպասել կլիմայի չորացման աճ եւ անապատացման պրոցեսների արագացում:

– Սպասվում է գետերի տարեկան հոսքի նվազում 15%-ով եւ Սեւանա լճի մակերեսից գոլորշիացման ավելացում 13-14%-ով:

– Կլիմայի կանխատեսվող փոփոխության դեպքում, վեգետացիայի փուլից եւ տեղի բարձրությունից կախված, սպասվում է հողի խոնավության նվազում` 10-30%-ով, զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի բնական խոնավ ապահովվածության նվազում` 7-13%-ով, եւ հողում խոնավության պակասորդի աճ` 25-50 մմ-ով:

– Կլիմայական բնութագրերի սպասվող փոփոխության դեպքում բուսաբուծության բերքատվությունը Հայաստանում կարող է նվազել 8-14%-ով: Հացազգիների բերքատվությունը միջին հաշվով կկրճատվի 9-13%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 7-14%-ով, կարտոֆիլինը` 8-10%-ով, պտղատու մշակաբույսերինը՝ 5-8%-ով: Ավելի չորադիմացկուն խաղողի բերքատվությունը կարող է աճել 8-10%-ով:

– Արոտային անասնապահության համար կանխատեսվում են. արոտավայրերի ընդհանուր մակերեսի եւ դրանց բերքատվության կրճատում 4-10%-ով, այդ թվում՝ մերձալպյան եւ ալպյան գոտու առավել արժեքավոր եւ բերքատու արոտավայրերի մակերեսների կրճատում 19-22 %-ով, ինչպես նաեւ լեռնային խոտհարքների բերքատվության նվազում` 7-10%-ով: Դրա հետ կապված սպասվում է անասունների գլխաքանակի կրճատում` 30%-ով, եւ անասնապահության մթերատվության կրճատում` 28-33%-ով:

Կլիմայի սպասվող փոփոխության պայմաններում կանխատեսվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդացության աճ, հատկապես բնակչության առավել խոցելի մասի մոտ: Բացահայտվել է ժանտախտի համաճարակային իրավիճակի սրացման հնարավորություն: Սպասվում է մալարիայի տարածողների արեալի ընդլայնում եւ մալարիայի համաճարակային վտանգի մեծացում: Կանխատեսման համաձայն՝ կարող է սրանալ խոլերայի համաճարակային իրավիճակը: Կանխատեսվում է աղիքային հիվանդությունների աճ` կապված հողում եւ ջրում հարուցիչների բազմացման եւ զարգացման համար ջերմաստիճանային բարենպաստ ժամանակահատվածի երկարացման հետ: Կարծում ենք՝ այս ցանկը բավական է, պատկերացնելու համար, թե որքան կարեւոր հիմնախնդրի հետ գործ ունենք։ Այնպես որ, եթե չենք առաջնորդվում «Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, ապա ճիշտ կլինի երբեմն մտածել նաեւ այս ուղղությամբ։