Վերջին 50 տարիների ընթացքում Եվրամիությունը իրականացրել է բնապահպանական լայնածավալ միջոցառումներ, ստեղծվել է օրենսդրական բազա՝ անդամ երկրների բնապահպանական գործունեությունը կառավարելու եւ կոորդինացնելու համար, մշակվել եւ ներդրվել են շրջակա միջավայրի պահպանության եւ բարելավման նոր մոտեցումներ։ Ներկայումս ԵՄ-ն հանդիսանում է աշխարհում միջազգային բնապահպանական համագործակցության առաջատարներից մեկը։ Միեւնույն ժամանակ, այս բնագավառում ԵՄ քաղաքականությունն ու գործողությունները սերտորեն կապված են գլոբալ գործընթացների հետ։ Միությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ունի մեծ իրավասություններ։ Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։ 1957թ. ստորագրված Հռոմի հիմնադիր պայմանագիրը Եվրամիությանը իրավասություններ չէր տրամադրում։ ԵՄ միջոցառումները այդ շրջանում ընդամենը անուղղակիորեն շոշափում էին շրջակա միջավայրի պահպանության հարցերը եւ հիմնականում ուղղված էին սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Սակայն 1970-ականների սկզբին, կապված Եվրոպայում բնապահպանական ճգնաժամի սրացման հետ, անհրաժեշտություն առաջացավ ԵՄ մակարդակով իրականացնել բնապահպանական միջոցառումներ։ Մասնագետները առանձնացնում են ԵՄ բնապահպանական քաղաքականության ձեւավորման 5 փուլ.
Առաջին փուլ (1957-1971թթ.) – Այս փուլում ԵՄ-ն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում չուներ իրավասություններ։ Իրականացվում էին հատուկենտ ֆակուլտատիվ միջոցառումներ։ Բնապահպանական խնդիրները երկրորդ պլանում էին։
Երկրորդ փուլ (1972-1985թթ.) – Մշակվեցին տվյալ ոլորտում գործողությունների առաջին ծրագրերը։ 1972թ. ԵՄ անդամ երկրների ղեկավարների խորհուրդը որոշեց ընդլայնել ԵՄ իրավասությունները՝ այդ թվում բնապահպանության ոլորտում։ ԵՄ-ն միացավ միջազգային մի շարք կարեւոր բնապահպանական կոնվենցիաների։
Երրորդ փուլ (1986-1991թթ.) – Այս փուլը կարելի է բնութագրել որպես շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազորությունների ամրագրման ժամանակաշրջան։ 1986թ. Միասնական եվրոպական ակտը փոփոխություններ մտցրեց 1957թ. ստորագրված Հռոմի համաձայնագրում։ Դրանով սահմանվեցին ԵՄ քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ Այս փուլում ԵՄ բնապահպանական քաղաքականությունը ընդհանուր գծերով ձեւավորվեց։
Չորրորդ փուլ (1992-2002թթ.) – Միության էկոլոգիական քաղաքականության կատարելագործման փուլ, որը հատկանշական է հետեւյալ ասպեկտներով.
– ԵՄ բնապահպանական իրավասությունները համատեղ են՝ անդամ երկրների հետ միասին,
– ԵՄ բնապահպանական գործունեությունը անքակտելիորեն փոխկապակցված է եվրաինտեգրացիայի այլ ուղղությունների հետ։
Այս փուլում վերջնական տեսք ստացան այս բնագավառում ԵՄ նպատակներն ու խնդիրները։ 1997թ. ընդունվեց Ամստերդամի պայմանագիրը, որը փոփոխություններ մտցրեց մինչ այդ ընդունված փաստաթղթերում՝ հիմք դնելով բնապահպանական օրենսդրության հետագա զարգացման համար։ Ամստերդամի պայմանագիրը հաստատեց «կայուն զարգացման» սկզբունքների կարեւորությունը՝ ներառելով շրջակա միջավայրի պահպանության հարցերը։ Կանոնակարգվեցին այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են էկոլոգիական ստանդարտիզացիան, շրջակա միջավայրի վրա անթրոպոգեն եւ տեխնոգեն ազդեցության գնահատումը, բնապահպանական իրավունքների ֆինանսավորման եւ պաշտպանության մեխանիզմները։ Այսպիսով, չորրորդ փուլը բնութագրվում է էկոլոգիական քաղաքականության առանձնացմամբ՝ որպես ԵՄ գործունեության կարեւոր ուղղություններից մեկը։
Հինգերորդ փուլ (2003թ.՝ մինչ օրս) – Ներկայիս փուլում ԵՄ-ում իրականացվում է շրջակա միջավայրի պահպանության իրավական կարգավորման կատարելագործում։ Մասնավորապես, փոփոխությունների են ենթարկվել էկոլոգիական տեղեկատվության հավաքման եւ մշակման, էկոլոգիական մոնիտորինգի, սերտիֆիկացման համակարգերը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեխանիզմները եւ այլն։ Կարեւոր բաղադրիչ է նաեւ շրջակա միջավայրի պահպանության խնդրի ներառումը ԵՄ Սահմանադրության մեջ։
Մաասրիխտի պայմանագրի ստորագրման պահից ի վեր, կարելի է ասել, որ ԵՄ-ն աստիճանաբար վերածվում է նաեւ «Էկոլոգիական միության»։ ԵՄ անդամ երկրները պարտավոր են շրջակա միջավայրի պահպանության խնդիրները ինտեգրացնել քաղաքականության բոլոր ոլորտներին վերաբերող նորմատիվ-իրավական ակտերում։ ԵՄ բոլոր ինստիտուտների գործառույթները այս կամ այն կերպ առնչվում են էկոլոգիական խնդիրների հետ։ Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվում են Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը, Եվրոպական խորհուրդը եւ Շրջակա միջավայրի Եվրոպական գործակալությունը, որը ստեղծվել է 1990թ.։