Խմբագրական

28/01/2010

Հայաստանում բնապահպանական խնդիրները չեն դասվում առաջնային նշանակության հիմնախնդիրների շարքին եւ, առավելեւս, մարտահրավեր չեն համարվում: Մեզ մոտ բնապահպանական խնդիրները առաջին հերթին ասոցիացվում են Սեւանա լճի ջրի մակարդակի կամ անտառածածկույթի պահպանման հարցերի հետ: Իսկ այնպիսի հիմնախնդիրները, ինչպիսիք են, ասենք, կլիմայի գլոբալ փոփոխությունը կամ անապատացումը, մեր հասարակությանը թվում են շատ հեռու, մեզ չառնչվող հարցեր: Այդուհանդերձ, վերջին մի քանի տարիներին Հայաստանում ինչ-որ չափով ակտիվացել են բնապահպանական շարժումները, որոնք ահազանգում են առանձին հիմնախնդիրների մասին եւ փորձում են հասարակության ու պետության ուշադրությունը հրավիրել դրանց վրա (օրինակ` Թեղուտի անտառների ծառահատումների դեմ պայքարող, հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական նորմերի խախտումների մասին ահազանգող հասարակական կազմակերպությունները): Բնապահպանական ոլորտի հիմնախնդիրներն ավելի երկարաժամկետ կտրվածքով քննարկելու եւ դրանք ռազմավարական մակարդակի բարձրացնելու հնարավորություն է տալիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Այսպիսին է նաեւ Եվրամիության Նոր հարեւանության քաղաքականությունը, որին, ինչպես հայտնի է, մասնակցում է նաեւ Հայաստանը: Եվրամիություն-Հայաստան Նոր Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի բազմաթիվ կետեր նվիրված են հենց բնապահպանական ոլորտի բարեփոխումներին: Իհարկե, երբ խոսք է գնում այս ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մասին, շատերը առաջին հերթին հիշում են Մեծամորի ատոմակայանի փակման մասին, որը, ինչպես հայտնի է, ԵՄ-ի պահանջն է: Սակայն իրականում ատոմակայանի փակումը բնապահպանական ոլորտի գործողությունների «փաթեթի» մի մասն է միայն եւ ենթադրում է բավական երկարատեւ գործընթաց, որը ներկայումս էլ ընթանում է համապատասխան մասնագետների միջեւ: Իսկ ընդհանուր առմամբ Նոր հարեւանության քաղաքականության մեջ առանձնացվում են մի շարք գործողություններ, որոնց նպատակը բնապահպանական ոլորտի արդյունավետ կառավարման պայմանների ստեղծումն ու կիրառումն է: Դա ենթադրում է Էներգետիկ եւ բնապահպանական ռազմավարությունների այնպիսի համակցում, որում հաշվի են առնվում հիդրոէներգետիկայի համաչափ զարգացումը, ռադիոակտիվ թափոնների կառավարման խնդիրները, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետ օգտագործումը: Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրում առանձին տեղ է հատկացվում Օրհուսի կոնվենցիայի (ՄԱԿ-ի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին կոնվենցիա») կիրառման անհրաժեշտությանը` մասնավորապես բնապահպանական տեղեկատվության մատչելիության եւ բնապահպանական ոլորտին առնչվող որոշումների կայացման գործընթացում հասարակայնության մասնակցության ապահովմանը: Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրում ինչ-որ իմաստով դրված է նաեւ «բնապահպանության միջոցով` տարածաշրջանային համագործակցություն» սկզբունքը, քանի որ այն նախատեսում է շրջակա միջավայրի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համաձայնեցված գործողություններ Հարավային Կովկասի երկրների միջեւ: