Փակե՞լ, թե՞ չփակել

28/01/2010

Հայաստանի հետ հարաբերություններում Եվրամիությունը հետեւողականորեն բարձրացրել է Մեծամորի ատոմակայանի փակման հարցը։ Դրա համար տարբեր ժամանակներում սահմանվել են տարբեր ժամկետներ: Ներկայումս խոսվում է այն մասին, որ Մեծամորի ատոմակայանը կարող է փակվել մինչեւ 2016-2018 թվականները` մինչ այդ էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրների ապահովման դեպքում: Ընդհանրապես, ատոմային էներգետիկայի խնդիրը միշտ էլ եղել է ՄԱԿ-ի, Եվրամիության եւ այլ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։ Այս հարցում հայ բնապահպանները թեեւ սկզբունքորեն համաձայն են իրենց արեւմտյան գործընկերների հետ, սակայն ունեն որոշակի վերապահումներ։ «Իհարկե, երբեք չեք գտնի էկոլոգ, որը համաձայն լինի ատոմային էներգետիկայի հետ։ Բայց փորձը ցույց տվեց, որ շրջափակման պայմաններում առանց ատոմակայանի մենք վերացման ճանապարհին կլինենք»,- այսպիսին է հայ փորձագետների մեծամասնության կարծիքը: Նրանք նպատակահարմար չեն գտնում Մեծամորի ատոմակայանի փակումը, մինչեւ մեր երկրում չստեղծվեն էներգիայի այլընտրանքային ուղիներ։ Իհարկե, Հայաստանում կան լավ մասնագետներ, որոնք որոնում են այդ ուղիները, օրինակ՝ արեւի էներգիան օգտագործելու ուղղությամբ։ Սակայն աշխատանքները դանդաղ են ընթանում, օտարերկրյա աջակցությունն էլ այս առումով մեծ չէ։ Այդուհանդերձ, մեզանում բնապահպանների կարծիքն այնքան էլ չեն կարեւորում, եւ գործող ատոմակայանի փոխարեն պատրաստվում են կառուցել նորը։ Իհարկե, բնապահպաններն ասում են, որ անգամ նոր սերնդի, ավելի անվտանգ ատոմակայանի պայմաններում, միեւնույն է, ռիսկայնությունը շատ մեծ է։ Առկա է թափոնների խնդիրը, որն անգամ հարուստ երկրների համար է գլխացավանք դարձել։ Եվ չնայած այս բոլոր զգուշացումներին՝ կառուցման հարցում արդեն կա նախնական համաձայնություն Ռուսաստանի հետ։