Սոցիալապես հավասար հարթության վրա կանգնած մարդկանց մոտ հաճախ նկատվում է իդենտիկ` նույնական կեցվածք: Փոխգործակցվելով՝ նրանք ընդունում են մարմնի եւ վերջավորությունների նույն դիրքը, որը կոչվում է «հայելու արտացոլման էֆեկտ» կամ նմանակում: Հոգեբան Ռոբերտ Պրովայնը գտնում է, որ նմանակման ամենաակնառու օրինակը հորանջելն է: Այն չափազանց վարակիչ է: Բավական է, նույնիսկ, պատկերացնել հորանջող մարդու, եւ դուք կարող եք անել նույնը: Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Հենրիխը հայտնաբերել է, որ ուրիշների գործողությունների նմանակումը դրված է մարդու ուղեղում: Մեկմեկու լավ հասկացող զրուցակիցները նույն պահին թարթում են աչքերը, բարձրացնում են հոնքերը, անգամ սկսում են շնչել միասին: Սինքրոնիզմը` միաժամանակ գործելու ունակությունը, մեծ դեր է խաղում մարդկանց կյանքում. զինվորները կարողանում են պահել համաքայլությունը, երգչախումբը, պարախումբը, մարզիկները՝ հանդես գալ միասին: Միեւնույն զգացմունքներ եւ ապրումներ ունեցող, միմյանց հասկացող մարդիկ սկսում են անգիտակցորեն նմանակել իրար: Նմանակումը պարզ կերպով դրսեւորվում է այն պետությունների ղեկավարների բանակցությունների եւ հանդիպումների ժամանակ, որոնք ունեն ընդհանուր քաղաքական շահեր ու նպատակներ, հանդես են գալիս միասնական դիրքերից: Եթե նայելու լինենք Բուշի եւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հանդիպումների քրոնիկան, կտեսնենք նրանց կեցվածքի եւ ժեստերի սինքրոն պատկերը, ինչը վկայում է երկկողմ հարաբերությունների մոտիկության մասին: Մեկ ուրիշ տեսարան այս աշխարհի ուժեղների զրույցից: Վերլուծաբանները, հատկապես ռուս քաղաքագետները, հաճախ են գրում ֆրանս-ամերիկյան հարաբերությունների դինամիկայի տատանումների եւ զիգզագների մասին: Իհարկե, դրանք կան: Սակայն, ուշադիր նայելով նույն Բուշի եւ նախագահ Ժակ Շիրակի համատեղ լուսանկարները, որոնցում նրանք «արտատպում են» մեկմեկու կեցվածքը եւ նայում են իրար սիամական երկվորյակների հայացքով, երբեք չեք ասի, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ: Համենայն դեպս, նույն նմանակումը եւ սինքրոնիզմը դժվար է գտնել Պուտին-Բուշ կամ Մեդվեդեւ-Օբամա հանդիպումների ընթացքում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ենթակաները նմանակում են իրենց վերադասին, իսկ ժողովրդական մասսաները` առաջնորդին: Օրինակ, Խորհրդային Միությունում շատերը անտեղյակ Ստալինի գործած չարիքներին՝ հագնում էին նրա նման երկարաճիտ կոշիկներ, գալիֆե շալվար եւ կիտել, փորձում էին խոսել վրացական առոգանությամբ: Մեկ ուրիշ, պատմական առումով ավելի թարմ օրինակ: Քաղաքագետները եւ հոգեբանները փաստում են, որ 2003 թ. Իրաքյան պատերազմը սկսելուց հետո Անգլիայի պրեմիեր-մինիստր Թոնի Բլեերը սկսեց նմանակել Ջորջ Բուշի շարժումները, հատկապես ԱՄՆ նախագահի այն ժեստը, երբ նա տեխասյան կովբոյի նման երկու ձեռքով բռնում է գոտին: Լինելով ոչվերբալ հաղորդակցության կարեւորագույն գործոններից մեկը, «հայելու արտացոլման էֆեկտը» հնարավորություն է ընձեռում արագ կերպով կապեր հաստատել զրուցակցի հետ, շահել նրա համակրանքը եւ հասնել փոխհամաձայնության ու համագործակցության, ինչը սահմանակցում է դիվանագետի համար այնքան կարեւոր էմպատիայի հատկությանը: Սակայն նմանակմանը պետք է մոտենալ զգուշորեն: Այս առումով տրվում է հետեւյալ խորհուրդը: Երբ զրուցակիցը ընդունում է որոշակի կեցվածք, ուշադրություն մի դարձրեք, գործեք ըստ ձեր հայեցողության, իսկ նմանակման դեպքում` արեք դա աննկատ եւ զգույշ: «Արտացոլման էֆեկտը» բերում է որոշակի դիվիդենտներ, սակայն երբեք մի նմանակեք ուրիշի բացասական ազդանշանները, ինչը կարող է հանգեցնել հաղորդակցության եւ զրույցի անհաջողության:
Ամուսինների նմանակումը դիվանագետի ընտանիքում եւ դրա հետեւանքները
Դիտարկենք նմանակումը ընտանիքում: Երկար տարիներ միասին ապրող ամուսինները սկսում են արտաքնապես նմանվել իրար: Դա հետեւանք է միմյանց շարունակական նմանակման պրոցեսի: Ժամանակի ընթացքում նրանց դեմքի մկանները «հիշում են» սովորություն դարձած արտահայտությունները: (Բայց ինձ համար հանելուկ է, թե ինչի հետ է կապված այն, որ կենդանիներն են նմանվում իրենց տերերին, մասնավորապես` շները): Ամուսինների նմանակումը չի սահմանափակվում դիմագծերով եւ միմիկայով: Նույնանում են նրանց ժեստերը, քայլվածքը, կեցվածքը: Ամուսինները, ինչպես ժողովուրդն է ասում, «դառնում են մեկ շունչ, մեկ մարմին»: Սա այն դեպքում, երբ մենք նրանց նկատմամբ բարյացակամ ենք տրամադրված: Իսկ, երբ նմանակմանը մոտենում ենք բացասական տեսանկյունից, նրանց անվանում ենք «մեկ սատանա»: Սակայն ասել, որ ամուսինների մտածելակերպը, դիրքորոշումը, հայացքները, հատկությունները դառնում են մեկ ամբողջականություն, այնքան էլ ճիշտ չի լինի: Եթե կինը եւ ամուսինը միասին ապրում են երկար, եւ տեղի է ունենում մարմնի լեզվի նմանակում, իսկ չկա բնավորությունների համահարթեցում, ապա որպես կանոն` ամուսիններից մեկը «գլուխ է բարձրացնում», եւ ընտանիքում սկսում է գերակայել ուժեղ անհատականությունը: Եթե ամուսինն ունի թույլ բարոյակամային հատկություններ, կարող է ամբողջովին ընկնել կնոջ ազդեցության տակ, ինչը, վերջին հաշվով, տվյալ ընտանիքի ներքին գործն է: Բայց քանի որ մենք խնդրին մոտենում ենք դիվանագիտական ծառայության չափանիշներով, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում, երբ դիվանագետի կինը ակտիվ կերպով խառնվում է ամուսնու գործերին: Պարադոքսալ է, բայց փաստ է, որ այս սինդրոմով տառապում են անգամ այնպիսի ընտանիքներ, որոնց այրերը պետական խոշոր գործիչներ են, սակայն չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել տանը: Անդրեյ Գրոմիկոյի կինը` Լիդիա Դմիտրիեւնան` օրինակ, համարվում էր ԽՍՀՄ ԱԳՆ Կադրերի վարչության փաստացի պետը: Բացի այդ, Սմոլենսկայա հրապարակում բոլորին էր հայտնի, որ նախարարի կինը իսկական կաշառակեր էր, ինչը հատկապես արտահայտվում էր արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Արկադի Շեւչենկոյի` հայրենիքին դավաճանելուց եւ ԱՄՆ-ում մնալուց հետո (1978 թ.) հայտնի դարձավ, որ դեսպանի գլխապտույտ կարիերայի գործում վերջին դերը չեն խաղացել իր կնոջ եւ Գրոմիկոյի կնոջ գործարքները: Մասնավորապես, Շեւչենկոյի կինը` Լեոնգինան, նախարարի կնոջը ժամանակին նվիրել է մեծ արժեք ներկայացնող 56 քարանոց անտիկվար ադամանդե զարդ: ԿԳԲ-ի պաշտոնաթող գեներալ Վ. Կեւորկովն իր հայտնի «Գաղտնի կապ» գրքում գրում է. «Նրա (Գրոմիկոյի կնոջ.- Ա.Ն.) արշավանքները խորհրդային դեսպանություններ` գլխավորապես արդյունաբերական զարգացած երկրներում, այդ ներկայացուցչությունների աշխատակիցների եւ նրանց ղեկավարների կողմից ընկալվում էր որպես տարերային աղետ, որը միայն համեմատել կարելի էր միջինասիական ագրարային երկրի երկար տարիների երաշտի եւ անբերության հետ»: Գրոմիկոն ուժեղ պրոֆեսիոնալ էր, բայց գտնվում էր կնոջ «կրունկի տակ»: Նրա հաջորդը` Շեւարդնաձեն, թույլ դիվանագետ էր` սիրողական մակարդակի: Բայց նա կնոջը մոտ չէր թողնում կադրային գործերին, ինչը Սմոլենսկայա հրապարակում համարվում էր նրա միակ եւ վերջին առավելությունը` Անդրեյ Անդրեյիչի համեմատությամբ: Ինքներդ դատեք, թե որն էր ավելի կորստաբեր երկրի համար: Իսկ դիվանագիտության պատմությունը ցույց է տալիս, որ երբ կանայք հսկում եւ ուղղորդում են դեսպան-ամուսնուն, լուրջ դժվարություններ են ստեղծվում արտասահմանյան ներկայացուցչության աշխատանքներում, նույնիսկ վտանգվում են այն պետության շահերը, որոնք կոչված է պաշտպանել փառասեր եւ անբարիշտ կնոջ ամուսինը: Նման դեսպանություններ կան բոլոր երկրներում: Հայաստանը բացառություն չի կազմում:
Արտացոլման էֆեկտը իր կարեւոր տեղն ունի նաեւ էթնոհոգեբանության մեջ, երբ նմանակումը կատարվում է ոչ թե նեղ, ընտանեկան շրջանակներում, այլեւ երկրի կամ տարածաշրջանի մասշտաբով: Այս դեպքում նմանակումը, ըստ իս, ֆիզիոլոգիական երեւույթից վերածվում է կենցաղային-սոցիալականի: Պրոցեսն ընդգրկում է երկրի եւ տարածաշրջանի պոպուլյացիան, ներառյալ նրա մեջ մտնող էթնոսները: Օրինակ` արաբական երկրներում ծնված կամ երկար տարիներ այնտեղ ապրող հայերը խիստ նմանվում են բնիկներին եւ՛ արտաքինով, եւ՛ ներքինով: Ֆրանսահայը նմանվում է ֆրանսիացուն, ամերիկահայը` ամերիկացուն եւ այլն: Եվ որքան էլ մենք խոսենք սփյուռքահայի հայրենասիրության, Հայրենիքի հետ կապի եւ այլ համազգային խնդիրների մասին, հարկ է այս հանգամանքի հետ հաշվի նստել հայկական համայնքներ ունեցող երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու, ինչպես նաեւ հայրենիք-սփյուռք կապերը ամրապնդելու գործընթացներում:
«Քայլվածքը մարմնի դեմքն է»
Ասել է Օնորե դը Բալզակը: Քայլվածքը բնորոշում է մարդու բնավորությունը, արտահայտում է տվյալ պահին նրա հոգեվիճակը: Օրինակ` թռիչքաձեւ, լայն քայլվածք ունեցողները թողնում են թեթեւամիտ եւ անկայուն անձնավորության տպավորություն: Քստքստալով քայլողների մասին կարծիք կա, որ նրանք տանջված եւ կյանքից դժգոհ մարդիկ են: Աճապարանքով քայլող, զբաղվածություն ցուցաբերողները համարվում են եսասերներ: Երիտասարդ, առողջ, եռանդուն մարդիկ քայլում են արագ, բարձր թափահարելով ձեռքերը, ինչը հիշեցնում է զինվորականների քայլվածքը: Նման կերպ են քայլում քաղաքական գործիչները, մասնավորապես, նախընտրական կամպանիայի ժամանակ, երբ ձայներ պետք է հավաքեն: Հոգեբան Փոլ Էքմանը նշում է, որ ոտքերը եւ կրունկները հանդիսանում են մարդկանց բուն զգացմունքների մասին ինֆորմացիայի կարեւոր աղբյուր, քանի որ նրանց մեծ մասը չի գիտակցում դրանց գործողությունները եւ չի էլ փորձում փոխել, ինչը ի զորու է անել դեմքի արտահայտության հետ: Մարդը լինում է կենտրոնացած, իսկ կրունկները ակտիվորեն «թմբկահարում» են հատակը: Նշանակում` է այստեղ ինչ-որ բան այն չէ: Հոգեբանը հայտնաբերել է, որ ստելու պահին մարդու մոտ ակտիվանում են մարմնի ներքեւի մասի շարժումները: Ուրեմն սուտը «բռնելու» համար պետք է հետեւել ոչ միայն դեմքի եւ աչքերի արտահայտությանը, այլեւ ողջ մարմնի շարժումներին: Սա է պատճառը, որ շատ չինովնիկներ իրենց ապահով են զգում, երբ գրասեղանի ներքեւի մասը փակ է լինում այցելուի տեսադաշտից: Հնարավո՞ր է հսկել քայլվածքը, նրան տալ վայելուչ տեսք, թե՞ այն բնածին է: Այդ հարցին պատասխանելու համար` նախ անհրաժեշտ է հասկանալ հետեւյալը: Ապացուցված է, որ թթվածնի հոսքի քանակը դեպի ուղեղ կախված է մարմնի դիրքից: Երբ մարմինը հավասարակշիռ դիրքում է, թթվածնի հոսքն ավելանում է համարյա 70 %-ով: Դրա շնորհիվ կանոնավորվում է արյան փոխանակությունը եւ լիմֆերի շրջանառությունը, որի հաշվին ակտիվանում է օրգանիզմից վնասակար նյութերի արտաբերումը, բարձրանում` նյարդային համակարգի կայունությունը եւ աշխատունակությունը, թուլանում` լարվածությունը, ընդլայնվում են ընկալման եւ ինքնաընկալման սահմանները: Ուրեմն, անհրաժեշտ է ամենից առաջ ապահովել սեփական ծանրության կենտրոնի շուրջ մարմնի հավասարակշռված դիրքը, ինչը հնարավոր է հատուկ վարժությունների միջոցով: Դա, իր հերթին, ապահովում է թեթեւ, ազատ, մի փոքր զսպանակային գեղեցիկ քայլվածք, որի ժամանակ մարմինը ուղիղ է, կուրծքը` դուրս, գլուխը` բարձր: Նման քայլվածք ունեցողը թողնում է հավասարակշռված, անկախ եւ արժանապատիվ մարդու տպավորություն: Սա կարեւոր է դիվանագետի համար, որի գործունեությունն իր ձեւով հրապարակային է: Նա մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Ժամանելով դեսպանընկալ երկիր, դեսպանն իր հավատարմագրերն է հանձնում նախագահին: Սա հանդիսավոր արարողակարգային միջոցառում է, երբ բազմաթիվ ներկաների, տասնյակ լրագրողների առաջ դեսպանին ողջունում է զինվորական շքախումբը, հետո նրան ուղեկցում են նախագահական պալատ: Հետագա տարիներին դեսպանը շատ անգամներ է բարձրանում բեմ, մոտենում միկրոֆոնին, այցելում երկրի ղեկավարներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, եւ այս ամենն անելիս նա քայլում է: Քայլում է բազմաթիվ` բարյացակամ, նաեւ անբարյացակամ հայացքների ներքո: Դիվանագետը, քաղաքական եւ պետական գործիչը պարտավոր են քայլել արժանապատիվ ձեւով: Չէ՞ որ նրանք երկիր են ներկայացնում:
Խորհրդային տարիներից իմ հիշողության մեջ մնացել է Հայաստանի Կոմկուսի ԿԿ I քարտուղար, լուսահոգի Կարեն Դեմիրճյանի քայլվածքը մոսկովյան կուսակցական պետական տարբեր միջոցառումների ժամանակ: Երբ էկրանից դիտում էիր, թե ինչպես է նա մոտենում ամբիոնին, զգում էիր, որ քայլում է փոքր, բայց հպարտ ժողովուրդ ներկայացնող առաջնորդը: Այդ տարիներին մեզ` մոսկվաբնակ հայերիս, հաճույք էր պատճառում Դեմիրճյանի մեկ այլ` ոչ պակաս կարեւոր առավելությունը հարեւան հանրապետությունների լիդերների նկատմամբ: Մենք հաճույքով էինք հաշվում, թե պաշտոնական ելույթներում նրանցից ով քանի անգամ էր արտաբերում «ԺՏՐՏչՏռ խպՏվՌՊ ԼսՖՌփ» արտահայտությունը: Ալիեւի եւ Շեւարդնաձեի տասնյակների հասնող կրկնությունների դիմաց` Դեմիրճյանն այն արտասանում էր մեկ կամ երկու անգամ:
Հեղինակի անձնական արխիվից
Շարունակելի