Երբ խոսվում է վավերագրական կինոյի մասին, հաճախ ծագում է հեղինակի սուբյեկտիվ հայացքի ու օբյեկտիվ իրականության բալանսի խնդիրը: Վավերագրական կինոյում, ինչպես նաեւ կյանքում գործում է «+1» սկզբունքը, այսինքն` իրականությանը գումարվում է դիտարկողի հայացքը: Եվ երկուսի ազնիվ լինելն էլ լավ ֆիլմի նախապայմաններ են կազմում: Երբ որեւէ ֆիլմ ես դիտում կամ հոդված ես կարդում, միշտ նայում ես, թե ո՞վ է հեղինակը: Նշանակություն չունի, թե Արա Շիրինյանն ինչ թեմաներով ու ինչ արտահայտչամիջոցներով է նկարահանում իր ֆիլմերը, պարզ է միայն մի բան. երբ տիտրում կա նրա անունը, ուրեմն` ֆիլմը որակ, խորություն ու դինամիկա է ունենալու: Իսկ զրույցը նրա հետ անպայման դուրս է գալու կինոյի շրջանակներից, քանի որ դոկումենտալ կինոն միայն կինո չէ: Այն մեր կյանքի արտացոլումն է:
– Հիմա աշխարհում վավերագրական կինոն առավել քան երբեւիցե մեծ նշանակություն է ձեռք բերել: Նույնիսկ խաղարկային ֆիլմերը վավերագրական ձեւանալու միտում ունեն: Այդ ժանրը հիմա կոչվում է «mockumentary» եւ լայն տարածում է ստանում: Վերջերս, օրինակ, ռուսական «Առաջին» ալիքով ցուցադրվեց «Դպրոց» սերիալը, որը թեեւ բեմադրված էր, բայց վավերագրական ֆիլմերի ոճով էր նկարահանված` փորձելով ավելի հավաստի ու ազդեցիկ ցուցադրել կյանքը: Հանդիսատեսն ուզում է պատմության հիմքում իրական փաստաթուղթ տեսնել: Եվ այստեղ հարց է ծագում. որքանո՞վ է ֆիլմի հեղինակը արտացոլում իրականությունը: Այդ իմաստով կարելի է ասել, որ 100%-անոց վավերագրություն չի կարող լինել, եւ վավերագրական կինոյի հավաստիությունը պայմանական է: Եվ եթե այդպես, եկեք ընդունենք, որ վավերագրական ֆիլմը հեղինակային ստեղծագործություն է, որը ոչ թե ժուռնալիստիկայի կանոններով ստեղծված ռեպորտաժ է (այսինքն՝ պարտավոր է լինել օբյեկտիվ, բազմակողմանի ու տարբեր կարծիքներ ներկայացնող), այլ` արվեստի գործ է, որը հեղինակի աշխարհընկալումն է ներկայացնում: Նույնիսկ ռոմանտիկ, պոետիկ ֆիլմերն են բաղկացած այն արտահայտչամիջոցներից, որոնք բնորոշ են վավերագրական կինոյին, այսինքն՝ կարեւորվում է իրականության յուրատեսակ ընկալումն ու ցուցադրումը: Դա է կրեատիվ վավերագրությունը, որը մեզ մոտ գոյություն չունի:
– Իսկ որպես վավերագրական կինոյի պատվիրատու՝ ո՞ր կառույցները պետք է հանդես գան:
– Արվեստը կրոնի կամ գիտության նման մի բան է, այսինքն` ինքնաբավ է: Հենրիկ Հովհաննիսյանն ասում է, որ գիտությունը ինքնանպատակ է: Նույնը կարելի է ասել արվեստի մասին: Պատվեր չպիտի լինի, քանի որ արվեստն ինքնանպատակ է: Երբ Փելեշյանը ստեղծում էր իր ֆիլմերը, դրանք ոչ ոք պետքական չէր համարում, բայց հետո պարզվեց, որ նրա ֆիլմերը համաշխարհային վավերագրական կինոյի նոր ու ինքնատիպ էջ են: Փելեշյանին անընդհատ ասում էին` ձգձգում ես, չես վերջացնում ֆիլմերը, նա էլ պատասխանում էր. «Ես արդեն տեսել եմ ֆիլմը, թողեք վերջացնեմ, որ դուք էլ տեսնեք»:
– Վերջերս հայրենական վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ էր կազմակերպվել, մենք տեսանք շատ ֆիլմեր, որոնք շատ խղճուկ էին հենց այն պատճառով, որ ոչ արվեստ էին, ոչ էլ փաստ:
– Երբ ռեժիսորն իրականությունը դիտարկելու, հասկանալու փոխարեն՝ միանգամից գնահատում է որեւէ երեւույթ, հանդիսատեսը անպայման նկատում ու մերժում է դա: Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը գրել է «դոգմենտալ» կինոյի կոդեքսը, ստեղծելով վավերագրական կինոյի 10 պատվիրանները: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ միայն այդ պատվիրաններին հետեւելով կարելի է ֆիլմ նկարահանել, բայց այդ կոդեքսից երեւում է, թե ինչպիսի վերաբերմունք կա դոկումենտալ կինոյի հանդեպ: Ֆոն Տրիերը մերժում է արհեստական լույսը, արհեստականորեն ներմուծված երաժշտությունը` նշելով, որը ձայնն ու պատկերը պարտադիր պետք է միասին գրվեն, եւ չի կարելի կադրից դուրս տեքստ ձայնագրել: Երբ սկսում ես բացատրել թե ինչ է տեղի ունենում կադրում, հանդիսատեսը զրկվում է դոկումենտի հետ շփվելու հնարավորությունից, եւ ֆիլմը հասցեատեր չի ունենում:
– Իսկ ո՞րն է վավերագրական ֆիլմերի ցուցադրման լավագույն տեղը: Հեռուստատեսությո՞ւնը:
– Հեռուստաընկերություններն այդ ժանրից բան չեն հասկանում եւ համարում են ավելորդ ու ձանձրալի, եւ հետո էլ, եթերաժամը թանկ համարելով` չեն ուզում ծախսել այն ֆիլմերի վրա: Եվ հիմնական ցուցադրման տեղը փառատոներն են մնում: Շատ լավ կլիներ, եթե Հայաստանում միայն վավերագրական ֆիլմերի փառատոն ստեղծվեր: Դա տրամաբանական կդիտվեր եւ կխթաներ հայկական կինոն, քանի որ մեր ռեսուրսները բավարար են միայն վավերագրության համար: Խաղարկային ֆիլմերի համար շատ ավելի մեծ գումար եւ ժամանակ է պահանջվում:
– Բայց մենք արդեն չափից դուրս փառատոներ ունենք, «Ոսկե ծիրանից» բացի, հիմա կան պատանեկան, անիմացիոն ու կին հեղինակների ֆիլմերի փառատոներ: Եվ խնդիրը նրանում է, որ այդ փառատոներն իրար հետ կապված չեն, պարզապես իրար հետեւից անցնում-գնում են: Ինչո՞ւ այդ 5-6 փառատոները կինոպրոցեսում հետք չեն թողնում:
– Որովհետեւ մենք չունենք այն շատ կարեւոր միջանկյալ օղակը, որը կազմում են պրոդյուսերներն ու քննադատները: Միջազգային բոլոր փառատոներում սելեկցիոներներ են աշխատում, որոնք լավ հասկանում են, թե ո՞ր ֆիլմը որտե՞ղ է պետք ցուցադրել: Իսկ մեզ մոտ այդ գործն անում են միայն փառատոնի տնօրենն ու անհասկանալի սկզբունքներով աշխատող ժյուրիները, ինչի արդյունքում կապեր չեն ստեղծվում: Մենք այսօր ստեղծված վավերագրական կինոյի որեւէ լավ նմուշ չունենք: Բացակայում է նաեւ դիսկուրսը, մասնագետները պետք է խոսեն` հասկանալու համար, թե ի՞նչ, ինչպե՞ս եւ ո՞ւմ համար ենք ստեղծում: Այդ խոսակցությունը, մասնագիտական միտքը շատ կարեւոր է: Իհարկե, միայն տարիներ հետո պարզ կլինի, թե այս կամ այն ֆիլմի տեղը որն է, բայց վերլուծողները հիմա պետք է աշխատեն: Ընդհանրապես մշակույթի մեջ հիմա մի տենդենց կա. ամեն ինչն անվանվում է «նախագիծ»: Մեր մշակույթը հիմա միջոցառումների ու նախագծերի վրա է հիմնված, առանձին արվեստի գործ արդեն չի էլ ներկայացվում: Իսկ նախագիծը ենթադրում է, որ ասելու փաստն ինքնին ավելի կարեւոր է, քան բուն ասածը: Հիմա, օրինակ, մեր քաղաքում Բանակի օրվան նվիրված ցուցանակներ են կախված, նույնն էլ անցյալ տարի էր: Դա սերիալ է, իսկ սերիականությունը շատ հատկանշական է մեր այսօրվա տկար մտածողությանը: Իհարկե, շուկայի համար սերիալները գրավիչ ու հասկանալի ֆորմատ են, քանի որ հեշտացնում են գործը. հարկ չկա ջանք թափել ու սկզբից սկսել խոսակցությունը: Հիմա, օրինակ, մենք «… մեր զենքն է» պատմության երկրորդ սերիան ենք դիտում: Չեմ ուզում գնահատականներ տալ, բայց փաստում եմ, որ մշակութային միջոցառումների շարքը վերածվել է սերիալի: Եվ քանի որ սերիալը, պրոյեկտը չի կարեւորում արդյունքը, այլ միայն շարունակականություն է ապահովում, կարելի է նկատել, որ բանակն արդեն չի ընկալվում որպես հայրենիքի պահպանման սիմվոլ: Մարդիկ տեսնում են, որ հայրենասիրությունը կրեատիվ հնարք է դարձել եւ այդ հնարքի լավ կամ վատ լինելն են գնահատում: Հնարքն իրական զգացմունքներ առաջացնել չի կարող:
– Հիմա իրականությունն ավելի շուտ ոչ թե կինո կամ հեռուստաէկրանին է, այլ` մոնիտորի մեջ: Բլոգերն ու սոցիալական ցանցերը դարձել են վավերագիր տարածք, եւ հենց այնտեղ են ընթանում ցուցադրումներն ու դիսկուրսները: Հայտնի է, որ դու ուշադիր հետեւում ես այդ դաշտին: Ո՞ւր կհասցնի այն մեզ:
– Հեռուստատեսության այսօրվա կոնտենտը` բովանդակությունը, հանգեցրել է նրան, որ մարդիկ գերադասում են իրար հետ շփվել ինտերնետով: Հեռուստաալիքներն այդպես էլ չհասկացան, որ իրենց մրցակիցը մյուս ալիքները չեն, այլ` ինտերնետն է, այսինքն` բոլորովին այլ ժամանցային մի վայր: Եվ շարունակվում է մոլի մի մրցավազք, մի ալիքը երկար սերիալ ու սկանդալային շոու է նկարահանում, իսկ մյուսն ավելի երկար սերիալ ու ավելի սկանդալային շոու է պատրաստում: Իսկ թե ո՞ւր կհասցնի մեզ ինտերնետային իրականությունը, չգիտեմ: Ինձ էլ է այդ հարցը հետաքրքիր: Բայց կարեւորն այն է, որ պրոցես կա: 16-18 տարեկան զավակներ ունեցող իմ ընկերները նկատում են, որ երբ երեխաները նստում են համակարգչի առջեւ, լրիվ «անջատվում են» մի իրականությունից ու այլ իրականություն են տեղափոխվում, եւ նրանց հետ խոսելն անհնար է դառնում: Իսկ կոմպյուտերային խաղ խաղացող ու միաժամանակ ականջակալներով երաժշտություն լսող 12 տարեկան երեխան արդեն նորմալ, շատ հանգիստ կարող է պատասխանել քո հարցերին` առանց խաղը դադարեցնելու ու լարվելու: Երեւի արդեն կենսաբանական մակարդակի վրա են փոփոխություններ կատարվել եւ նոր տիպի մարդ է ձեւավորվում:
– Մուտացիա, նաեւ` էվոլյուցիա՞ է տեղի ունենում:
– Մարդու հոգեկան աշխարհում նոր` թվային արքետիպ է հայտնվել: Եվ մարդը սկսել է գնահատել աշխարհն արդեն այդ շաբլոնով, որտեղ չկա ինֆորմացիայի առաջնահերթություն, այլ կա թվային հարթություն: Մեր եւ այդ նոր մարդու շաբլոնները լրիվ տարբեր են: Կոպիտ ասած, եթե մեր խաղալիքները փայտե ձիերն ու ֆուտբոլի գնդակն էին, ապա նրանց խաղալիքները` բջջային հեռախոսներն ու կոմպյուտերն են: Նոր սերունդներին ամեն անգամ «next generation» են անվանում, բայց արդեն 1990-ականներից հետո ծնված սերունդը դարձել է «digital native»: Այսինքն, եթե նախկինում երեխաները մայր լեզվի կրողներն էին («native speaker») ապա հիմա նրանց համար հարազատ է դարձել թվային միջավայրը: Եվ այդ փաստն անպայման փոխելու է եւ՛ մեր կյանքը, եւ՛ սպառվող արտադրանքի տեսակը: Ես հին, «գրքային» սերնդի մարդ եմ ու չեմ կարող ասել` թե ո՞ւր կհասնի այդ պրոցեսը: Բայց ամեն դեպքում, նոր սերունդը շատ բաներից հրաժարվելով` նորից ընտրության առջեւ է կանգնելու: Կան հավերժական հարցեր, որոնցից մարդը չի կարող խուսափել:
– Հաճախ ենք խոսում ազգային նշանների մասին: Ինչպե՞ս են այդ ազգային նշանները, ազդակներն արտահայտվում կինոյում:
– Փելեշյանը վերազգային երեւույթ է, նա իր ֆիլմերում խոսում է ողջ մարդկության անունից: Նույնիսկ ոչ թե խոսում է, այլ` զարմանում ու ցնցվում է, եւ հետո իր այդ ցնցումը փոխանցում է հանդիսատեսին: «Մեր դարը» ֆիլմում, օրինակ, տիեզերքը նվաճելու հարցը նա որպես բարոյական խնդիր, համամարդկային էթիկա է ընկալել: Նույն համամարդկային հայացքը կա նաեւ ամբողջովին հայկական նյութի վրա հիմնված «Մենք» ֆիլմում: Այնպես որ, ազգայինը նպատակ չէ, այլ ընդամենը միջոց է: Պարզապես հայի համար հայկական սիմվոլներով խոսելն ավելի հեշտ պիտի լինի: Եթե ուզում ես այլ սիմվոլներով խոսել, խոսիր, պարզապես դրանք չպիտի խորթ լինեն քեզ:
– Կարելի՞ է սպասել, որ հեռուստատեսությունը թեկուզեւ ռեյտինգների բարձրացման համար կընդունի, որ իրական կյանքի ցուցադրման պահանջ կա:
– Դա հնարավոր չէ, քանի որ մաս-մեդիայի այս ռեյտինգավազքում իրականությունն արդեն ճանաչելի չէ: Իրականությունը բարդ բան է, իսկ հեռուստատեսությունը միանգամից ընկալվող ֆորմատներով է աշխատում: Նույնիսկ, երբ փողոցում որեւէ բան ես նկարահանում, մարդիկ մոտենում են ու անպայման ուզում են տեղը բերել` դա ո՞ր հաղորդումն է: Դա անհրաժեշտ է նրանց` սեփական վերաբերմունքն ու պահվածքը ճշտելու համար: Տեսախցիկի ներխուժումը բողոքով կամ ուրախությամբ ընկալելու համար նրանց հարկավոր է իմանալ` ի՞նչ է նկարվում, եւ ո՞րն է լինելու վերջնական արդյունքը: Եթե ֆորմատը չհասկանան, շփոթության մեջ կհայտնվեն: Օրինակ, երբ մարդուն հարցազրույցի ես հրավիրում, նա պարտադիր հարցնում է` իսկ ո՞ր ալիքի համար է: Եվ հետո է միայն պատասխանում:
– Ինձ էլ հարցնում են` ձեր թերթը իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմադիր: Եվ անպայման միայն մեկ պատասխանն են ընկալում: Դա վա՞տ է:
– Դա նշանակում է, որ հեղինակը պարտադիր պետք է մոտեցում ունենա: Վավերագրության համար դա վատ է, քանի որ վավերագրական կինոյում ամեն անգամ պետք է թարմ հայացք լինի: Հեղինակի խնդիրը հում կյանքի քաոսից կարգավորված, սինթետիկ իրականություն ստեղծելն է: «Սինթետիկը» շատ ճիշտ բառ է, քանի որ, միեւնույն է, քո ստեղծած արվեստը սուբյեկտիվ է լինելու, եւ իմաստ չունի ձեւացնել, որ իրական ես:
– Փաստորեն, դա վավերագրական կինոյի պարադո՞քսն է:
– Ֆոն Տրիերը համոզված էր, որ վավերագրական ֆիլմի հերոսն անպայման պետք է տեսնի արդյունքն ու ստորագրի, որ դա ինքն է: Իսկ, օրինակ, Ալեքսանդր Սոկուրովն ասում է, որ խնդրում է իր ֆիլմի հերոսներին լինել այնպիսին, ինչպիսին նա է իրենց պատկերացնում: Բայց նաեւ ավելացնում է, որ պատասխանատվություն է կրում իր հերոսների հետագա ճակատագրի համար եւ չի վնասելու նրանց: Պարադոքս չկա, քանի որ ամեն դեպքում կարեւորը արդյունքն է:
– Կինոյում արդյունք սպասելը իրատեսակա՞ն է:
– Չռեալիզացված հսկայական ռեսուրս կա, եւ եթե որեւէ «ճեղքումի» ենք սպասում, ապա դա պետք է սպասենք միայն արվեստից: Ճեղքում անել կարողացող անհատներ մենք միշտ էլ ունեցել ենք, բայց նրանք միշտ մնում են չնկատված, ճնշված, որովհետեւ բոլոր ռեսուրսները նպատակաուղվում են իշխանությունը սպասարկելու համար: Բոլոր պետական միջոցառումները կրում են պրոպագանդիստական բնույթ: Նույնիսկ, երբ լավ բան է արվում, ապա արվում է որպես ֆունկցիոներների «PR»: Ես չգիտեմ մի դեպք, երբ որեւէ լավ գործ ֆինանսավորվի հենց այնպես, պարզապես՝ որովհետեւ դա լավն է: Ես, օրինակ, միշտ զարմանքով եմ հիշում վավերագրող Լենի Ռիֆենշտալին, ում Հիտլերը անսահմանափակ հնարավորություններ` փող, 170 ասիստենտ ու 30 տեսախցիկ է տվել կուսակցության համագումարը նկարահանելու համար ու ոչ մի բանի մեջ չի խառնվել: Այդ աղջիկը նկարահանել է այն, ինչ ուզել է: Հիմա պատկերացրու, որ որեւէ մեկը մեր օրերում է ֆիլմ պատվիրում ու լիակատար ազատություն է տալիս արվեստագետին: Վերջում էլ գնահատական չի տալիս: Կարո՞ղ է նման բան լինել: Իհարկե, չի կարող:
– Կարծում եմ, որ շատ արվեստագետներ արդեն ունակ էլ չեն նման ազատ պատվեր կատարել: Պարզապես չեն իմանա, ինչ անել:
– Մենք ինքներս ենք փչացրել արվեստի դաշտը: Երիտասարդները հիմա միանգամից ուզում են խաղարկային ֆիլմ նկարահանել ու միջազգային փառատոներ տանել: Ոչ ոք չի ուզում որեւէ ստուդիայում ասիստենտ աշխատել, մասնագիտանալ: Ասեմ, որ նույն Ռիֆենշտալը ռոմանտիկ ֆիլմերի դերասանուհի էր եւ որպես վավերագրող տապալվելու բոլոր հիմքերն ուներ: Բայց այդ կինը որոշեց ուսումնասիրել մասնագիտությունը եւ աշխարհի լավագույն դոկումենտալիստներից մեկը դարձավ: Կինոյի նպատակը ինքնածախսածածկող ֆիլմեր ստեղծելն է: Խոսքը միայն փողի մասին չէ: Ծախսերը ծածկող շատ ավելի լայն դաշտ կա: