Բաց նամա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Լոռու մարզի Լեռնավան գյուղի անօթեւան բնակիչներից

28/01/2010

Մեծարգո պրն նախագահ

Բաց նամակով դիմում ենք Ձեզ, քանի որ ոտնահարվել է մեր իրավունքը` ընդգրկվելու «Բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների» ցուցակներում, իսկ այդ պատճառով արդեն մեկ տարի տարբեր ատյաններ կատարած մեր գրավոր կամ բանավոր դիմումներին սպառիչ պատասխան չենք ստացել: Բանն այն է, որ մեր ընտանիքները նույնպես, ինչպես որ մեր համայնքի բոլոր ընտանիքները, տուժել են 1988թ. տեղի ունեցած աղետալի երկրաշարժից: Անցած 21 տարիներին, բարեբախտաբար, գյուղի ընտանիքների մեծ մասը ապահովվել է բնակարանով` շատերի համար կառուցվել են առանձնատներ: Մեր ընտանիքները, սակայն, որ երկրաշարժի պահին առանձին ծխեր են եղել, երկրաշարժին հաջորդած տարիներին չեն ապահովվել բնակարանով, թեեւ ընդգրկված են եղել գյուղի` մինչեւ 2008 թվականը (վերջին այդպիսի ցուցակը անօթեւանների 2005թ. ցուցակն էր) եղած անօթեւանների ցուցակում: Ցավոք, մենք հիմա էլ բնակվում ենք կա՛մ նախքան երկրաշարժը կառուցված եւ երկրաշարժից վթարային դարձած կիսաքանդ տներում, որոնք ոչ շատ ուժեղ ցնցումների դեպքում անգամ կարող են փլուզվել, կա՛մ հարազատի տանը, որ հիմա բնակեցված չէ, բայց ցանկացած պահի կարող է բնակեցվել նրա կողմից, կա՛մ «ժամանակավոր կացարան» վագոն-տնակներում, որոնք վաղուց սպառել են իրենց պիտանիության ժամկետը, որոնցում արդեն պարզապես անհնար է դիմակայել այս ու այն վնասված տեղից անարգել փչող քամիներին… Լավագույն դեպքն այն է, որ մեզնից ոմանք պարզապես «կարկատել» են նախաերկրաշարժյան տունը` քամիներից ու կրծողների հարձակումներից շատ թե քիչ պաշտպանվելու համար, բայց շարունակում են ապրել անապահովության զգացումով:

Մեծարգո նախագահ

ՀՀ կառավարության որոշմամբ` մինչեւ 2013 թվականը պետք է բնակարանով ապահովվեն 1988թ. երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու բնակավայրերում դեռեւս անօթեւան մնացած ընտանիքները, եւ անօթեւան ընտանիքների հաշվառումը պետք է կատարվեր ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի նիստի N23 որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգի համատեքստում հաստատված` ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի N1337-Ն որոշմամբ, որով սահմանվում են այդ ընտանիքների հաշվառման հիմքերը եւ բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը: Սակայն ցավալի է, որ կառավարության` մանրամասնորեն եւ հանգամանալից մշակված նշված որոշումը, որի պատասխանատուն ու կատարողը պետք է լիներ համայնքի ղեկավարը, մեր համայնքում իրականացվել է ոչ թե նախանշված կարգին համապատասխան, այլ գյուղապետի սեփական հայեցողությամբ, գրեթե «հույժ գաղտնիության» պայմաններում, նաեւ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ցուցակներում ընդգրկվելու համար: Արդյունքում տասնյակից ավելի ընտանիքներ (Հովհաննիսյան Վոլոդյա, Ավագյան Բյուրեղ, Մանուկյան Հենրիկ, Մանուկյան Իսմայիլ, Մորոզովա Վալենտինա, Չալիկյան Արտակ, Չալիկյան Հովհաննես, Գրիգորյան Դանիել, Պետրոսյան Թամարա, Չախալյան Արաքսի, Հարությունյան Մարիամ, Գալոյան Օֆիկ, որոնցից վերջին երեքը միայնակ ծերեր են եւ կառավարության որոշման 19-6 կետի համաձայն` պետք է որ ունենային առաջնահերթության իրավունք), առանց բավարար հիմքերի կամ պատճառաբանությունների, պարզապես չեն ընդգրկվել ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացված` «Բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների» ցուցակում:

Երբ Կառավարության հաստատած կարգի համաձայն կազմված համապատասխան հանձնաժողովը շրջել է գյուղում` նախաերկրաշարժյան տների տեխնիկական զննման` վթարայնության աստիճանի որոշման նպատակով, բնակիչներից պահանջել է 30.000 դրամ` վթարայնության մասին եզրակացություն տալու համար, եւ ովքեր հենց այդ պահին չեն կարողացել վճարել պահանջվող գումարը, անօթեւանների ցուցակում նրանց ընդգրկման հարցին, գյուղապետի եւ մարզպետարանի թեթեւ կամքով, պարզապես չեն անդրադարձել, թեեւ, մեր կարծիքով, հանձնաժողովի այդ պահանջով խախտվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2005թ. մարտի 21-ի N46Ա հրամանով հաստատված կարգը, որի համաձայն` շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունների համար ՀՀ պետբյուջեից գումարներ հատկացվում են միայն կոնկրետ ծրագրի շրջանակներում: Թերեւս, աղետի գոտու` բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառումը հենց կոնկրետ ծրագիր է, եւ դրա համար հատկացում պետք է արվեր պետական բյուջեից: Բայց եթե բյուջեից հատկացումներ չեն արվել (ըստ մեր ուսումնասիրության` չեն արվել), ենթադրվում է, որ տեխնիկական զննման համար պետք է համապատասխան վճարումն աներ կա՛մ գյուղապետարանը` իր միջոցների հաշվին, կա՛մ բնակիչը, ինչպես որ պահանջել է հանձնաժողովը: Սակայն այն բնակիչներին, ովքեր տվյալ պահին չունենալով համապատասխան գումարը` չեն վճարել, բայց պատրաստակամություն են հայտնել հետո վճարել նրանց նշած հաշվեհամարին, այդ հաշվեհամարն այդպես էլ չի տրվել: Վատն այն է նաեւ, որ իրականում նրանց եւս, ովքեր իրենց կիսաքանդ բնակարանների տեխնիկական վիճակի մասին եզրակացություն ստանալու համար վճարել են պահանջվող գումարը, չի տրվել այդ եզրակացությունը, քանի որ այդ ժամանակ եզրակացություն տալու համար իրավասու Հայաստանում միակ կազմակերպություն պարզապես չի ներկայացվել համապատասխան դիմում կամ պահանջ (նրանցից երկուսի համար, հայտնի չէ` ինչ նկատառումով, նման խնդրանքով մեր գյուղապետ Ռազմիկ Գրիգորյանը «Հայսեյսմշին եւ ԿՊԳՀԻ» ԲԲԸ դիմել է միայն վերջերս` ՀՀ քաղաքաշինության նախարարություն մեր համայնքի անօթեւանների ցուցակը ներկայացնելուց ավելի քան մեկ տարի անց…), եւ հայտնի չէ, թե այդ դեպքում ի՞նչ հիմունքով են կազմվել ու Քաղաքաշինության նախարարություն ներկայացվել անօթեւանների ցուցակները, եւ ինչի՞ համար են մարդիկ վճարել 30.000 դրամ, եթե նրանց չի տրվել իրենց տների վթարայնության աստիճանի մասին եզրակացությունը: Եվ ինչպե՞ս է, որ առանց համապատասխան եզրակացության` մի բնակիչն ընդգրկվել է ցուցակում, մյուսը` ոչ: Մեզ հայտնի չէ նաեւ, թե եթե մեզնից մի քանիսին անօթեւանների ցուցակում գյուղապետը չի ընդգրկել նախաերկրաշարժյան տան տեխնիկական վիճակի մասին անհրաժեշտ եզրակացության համար չվճարելու պատճառաբանությամբ, ի՞նչ հիմունքով ենք այդ ցուցակից դուրս մնացել ավելի քան 20 տարի վագոն-տնակում կամ հարազատի չբնակեցված տանը բնակվողներս…

Անօթեւանների հաշվառումը, գուցեեւ ինչ-ինչ նկատառումով, մեր գյուղում կատարվել է գրեթե գաղտնի, գյուղի ամբողջ բնակչությունը չի տեղեկացվել այդ գործընթացին, ավելին` խախտելով կառավարության N1337-Ն որոշման 23-րդ եւ 24-րդ կետերը` գործընթացի հրապարակայնության մասին, գյուղապետի կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացված ցուցակը ամիսներ անց նոր միայն` ապրիլ-մայիսին, փակցվեց գյուղապետարանի պատին, այն էլ մեր` այդ ցուցակում չընդգրկված բնակիչներիս` ՀՀ քաղաքաշինության նախարարություն կամ ՀՀ Լոռու մարզպետարան բազմաթիվ բողոքներից հետո, երբ, ի զարմանս մեզ, այստեղից-այնտեղից իմանում էինք, որ մենք չկանք այդ ցուցակում… Ընդ որում` տարօրինակ է, բայց պարզվեց, որ գյուղապետարանի պատին փակցված ցուցակը, չգիտես ինչու, ճշգրիտ պատճենը չէր ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացված ցուցակի, ինչպես որ պահանջվում է համապատասխան կարգով. գյուղապետարանի պատին փակցված ցուցակում, հավանաբար ինչ-որ նկատառումով, չկա, օրինակ, կոնկրետ ընտանիքի առաջնահերթության մասին նշումը (19-2, որի հիմքը, դժբախտաբար, չէր կարող փոխվել երկրաշարժից 20 տարի անց…), ինչի պատճառով նախարարություն ներկայացրած ցուցակում 3-րդ տեղում նշված ընտանիքը գյուղապետարանի ցուցակում հայտնվել է 25-րդ տեղում:

Մեր գյուղապետն ինքը մեր հարցումներին` ինչո՞ւ մեր ընտանիքները չեն ընդգրկվել անօթեւան ընտանիքների ցուցակում, մի պատասխան ունի միայն. «Դուք լրացուցիչ ցուցակում եք…»: Ի՞նչ լրացուցիչ ցուցակի մասին է խոսքը (արդյոք սեփական երեւակայական ցուցակի՞…), ո՞ր երկրի գործադիր իշխանությանն է ներկայացվելու այդ ցուցակը… մեզ գոնե հայտնի չէ… Մեր մի մասի զավակները, որ մեծացան կիսափուլ տանը կամ վագոն-տնակում, ծառայեցին Հայոց բանակում` իրենց պարտքը կատարելով Հայրենիքի հանդեպ, եւ կուզենայինք, որ սեփական ընտանիքն ունենային, շենացնեին հայրենի օջախը, բայց արդեն 2-3 կամ ավելի տարի մեկնել են արտագնա աշխատանքի եւ այստեղ կենցաղային տարրական պայմաններ, առաջին հերթին` բնակության եւ հետագայում ընտանիք ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով պարզապես չեն վերադառնում տուն: Մենք էլ, խաբված ու հիասթափված մեր տեղական իշխանությունից՝ հենց թեկուզ մեզ համար կարեւորագույն` բնակարան, ապահով տանիք ունենալու հարցում, չգիտենք՝ ի՞նչ անել…

Մեծարգո պարոն նախագահ

Աղետալի երկրաշարժից ավելի քան երկու տասնամյակ անց վերջապես մեր տունն ու տանիքը ունենալու հույսը անձամբ Ձեր եւ ներկայիս կառավարության մեծ կամքի դրսեւորումն էր` մեզ վերջապես ապահովելու բնակարանով ու նաեւ հսկայական ջանքեր գործադրելու` այդ որոշումն իրականացնելու համար… Բայց հիմա, ցավոք, մեր իսկ գյուղապետի թեթեւ ձեռքով մարում է այդ հույսը` եթե այս նամակին էլ ստանանք նույն անորոշ ու որեւէ լուծում չտվող պատասխանը, ինչ մինչ այժմ տարբեր ատյաններին հղված դիմումներին… Ու մեզ թերեւս կմնա սպասել երկրաշարժի «հոբելյանական» տարվան` 2013 թվականին, 25-ամյակին, եթե այդ ժամանակի կառավարությունն էլ բարի կամք դրսեւորի եւ որոշի այդ փուլում էլ բնակարանով ապահովել 1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին… Եթե նաեւ այդ ժամանակի գյուղապետը բարի կամք դրսեւորի եւ չգործի սեփական հայեցակարգով… Եվ եթե մենք դեռ ողջ լինենք…

Բայց հույս ունենք, որ հարցը դրան չի հասնի, եւ խնդրում ենք, որ կազմվի իրավասու եւ այդ հարցում պատասխանատու տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որն իսկապես կհաշվառի մեր համայնքի իսկապես անօթեւան ընտանիքներին, եւ մենք անարդարացիորեն դուրս չենք մնա մեր երկրի «տեղական ինքնակառավարման մարդահամարից», երբ իրականում կանք` տուն չունենալու մեր մեծ հոգսով, իսկ «տեղական ինքնակառավարման» մարմնի, ավելի ճիշտ` ղեկավարի կարծիքով` պարզապես չկանք…

ՉԱԼԻԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՆՐԻԿ
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՀՐԱՉՅԱ
ՄԱՆՈՒԿՅԱՆ ԻՍՄԱՅԻԼ
ԱՎԱԳՅԱՆ ԲՅՈՒՐԵՂ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ