Ավարտվել է

28/01/2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Գ. Բարսեղյանը 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապօրինի ձեռք է բերել զգալի չափի` 5-ական գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութեր եւ դրանք իրացրել պատիժ կրող Ա. Թորոսյանին, որի դիմաց ստացել է 22.000 ՀՀ դրամ վարձավճար: 2009թ. նոյեմբեր ամսին Բարսեղյանը կրկին անգամ ապօրինի ձեռք է բերել ու պահել խոշոր չափի` 0.0186 գրամ քաշով բուպրենորֆին, 0.402 գրամ քաշով ացետիլացված ափիոն եւ 1.983 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները նոյեմբերի 25-ին Գ. Բարսեղյանը թաքցրել է համազգեստի փողկապի մեջ եւ Ա. Թորոսյանին իրացնելու նպատակով փորձել է փոխադրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածք: Սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները նույն պահին դրանք նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել: Ա. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` քրգործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: