Հարձակումները Չինաստանից են

28/01/2010

Հայաստանի ինտերնետ ցանցի վրա հարձակումները հիմնականում Չինաստանի տարածքից են տեղի ունենում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Armenian Datacom company» ընկերության ցանցային մենեջեր Տիգրան Աֆրիկյանը` ավելացնելով, որ ընկերության գործունեության ընթացքում մի քանի անգամ DoS, DDoS հարձակումներ են եղել, բայց դրանք կանխվել են: «Աշխարհագրորեն հարձակումները Չինաստանից են տեղի ունենում, բայց ամեն դեպքում հավանականություն կա, որ հարձակումը մեկ այլ երկրից տեղի ունեցած լինի»,- ասել է նա` ավելացնելով, որ ընկերության ցանցի ապահովությունն ապահովող ծրագրերը եւ սարքավորումները դիմադրել են հարձակումներին, եւ կորուստներ չեն եղել: Ըստ նրա` ընկերությունը չի հետեւում հաճախորդների վիրուսներին, տրոյաններին, բրուտֆորսներին եւ էլեկտրոնային հասցեի կոտրման դեպքերին: «Նման հարձակումներն անհատական մակարդակի վրա են, այսինքն, եթե ինտերնետ օգտագործողի համակարգչի մեջ վիրուս է ընկնում անհատական օգտագործողի պատճառով, որովհետեւ նա կասկածելի բովանդակությամբ կայքեր է այցելել, կամ կասկածելի բովանդակությամբ էլեկտրոնային նամակի միջոցով է ստացել, դա դուրս է վերահսկողությունից»,- նշել է ցանցային մասնագետը` ավելացնելով, որ Հայաստանում տեղեկատվական անվտանգության մակարդակը դեռ սաղմնային վիճակում է: «Ինտերնետը Հայաստանում նոր է սկսում զարգանալ, եւ, բնականաբար, անվտանգությունն այսօր բավարար մակարդակի վրա չէ»,- ասել է նա` նկատելով, որ անվտանգության մակարդակի բարելավման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ բարձրանա հասարակության կողմից ինտերնետի օգտագործման ինտենսիվությունը, ինչպես նաեւ՝ հարկավոր են մեծ ներդրումներ: