Չնայած միջազգային խոշոր ֆինանսական աջակցությանը` տնտեսության վերաբերյալ կառավարության լավատեսական հայտարարությունները փորձագետներին կասկածելի են թվում
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամն անցյալում է, եւ 2010-ին կրկին տնտեսական աճ կլինի. փորձագետները, սակայն, նշում են, որ նմանօրինակ քաղաքականությունն ավելի շատ վնաս է հասցնում երկրին, քան օգուտ է տալիս: Բոլորն էլ համամիտ են այն կարծիքի հետ, որ անցյալ տարին բարդ էր Վրաստանի համար, եւ որ Ռուսաստանի հետ 2008թ. պատերազմը ծանր հարված էր հասցրել երկրին: Կառավարության ակնկալիքներով` պաշտոնական տվյալները պետք է ցույց տան, որ 2009-ին տնտեսությունը կրճատվել է 4 տոկոսով: Իշխանությունների կանխատեսումներով, սակայն, այս տարի կգրանցվի տնտեսության աճ` 2 տոկոսով: Պատերազմի, դրա հետեւանքով առաջ եկած փախստականների ալիքի, համաշխարհային ճգնաժամի, քաղաքական լարվածության, դադարեցված ներդրումային նախագծերի եւ արտահանվող ապրանքների արտադրության հետ կապված խնդիրների այս ամբողջ համակցությունը մեծ վնաս է հասցրել տնտեսությանը` ստիպելով կառավարությանը կրճատել բյուջեն: Սակայն իշխանությունների խոսքերով`վատագույն ժամանակներն անցյալում են: «Վրաստանը սկսել է դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի սկզբին ճգնաժամն ավարտվեց, ինչը հաստատում են դրական տնտեսական ցուցանիշները»,- նշում է վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին: Նրա խոսքերը հաստատում են մի շարք այլ նախարարներ: «Մեծ դժվարությունների ֆոնի վրա Վրաստանի տնտեսությունն ամուր մնաց եւ պահպանեց մակրոտնտեսական կայունությունը: Սա է ամենակարեւորը, հատկապես երկարաժամկետ կտրվածքում: Սա նշանակում է, որ մենք կարողացել ենք պահպանել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ հիմքերը»,- ասում է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
Տնտեսագիտության ոլորտում մի շարք առաջատար փորձագետներ, սակայն, չեն կիսում կառավարության խոստացած վարդագույն հեռանկարները: Նրանց խոսքերով` իշխանությունները, որոնք ամեն գնով ցանկանում են բարձրանալ հասարակության աչքերում, պոպուլիստական քաղաքականություն են վարում, որը կարող է երկարաժամկետ կտրվածքում լուրջ խնդիրների հանգեցնել: Տնտեսական զարգացման նախկին նախարար Վլադիմիր Պապավան նշում է, որ ճգնաժամը կարող է շարունակվել ողջ 2010թ. ընթացքում: «Պետք է նշել, որ կառավարությունը երբեք չի ընդունել, որ Վրաստանում տնտեսական ճգնաժամի արմատները նաեւ երկրի ներսում են: Նրանք մշտապես խոսում են Վրաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության մասին: Սակայն հարց է առաջանում. եթե համաշխարհային ճգնաժամը չի ավարտվել, ապա ինչպե՞ս այն կարող էր ավարտվել Թբիլիսիում եւ Վրաստանում: Նման հայտարարությունները բացահայտում են իշխանությունների պրոֆեսիոնալիզմի եւ անկեղծության պակասը»,- հայտարարել է Պապավան:
Նույնպիսի թերահավատությամբ է խնդրին վերաբերվում Վրաստանի Նոր տնտեսական դպրոցի տնօրեն Պաատա Շեշելիձե: «Իշխանությունները շեշտը դնում են տնտեսության խթանման եւ աշխատատեղերի ստեղծման վրա, սակայն դա ճիշտ չէ ներկայիս պայմաններում: Նման ծրագրերը պահանջում են միջոցների ծախսում եւ ոչ կուտակում, ինչը կապացուցեր, որ ճգնաժամն իսկապես հաղթահարվել է,- նշում է Շեշելիձեն: -Նման իրավիճակում ես չեմ կարող լավատես լինել: Ամեն ինչ դեռ առջեւում է, եւ ճգնաժամից դուրս գալուն ուղղված կարեւոր որոշումները դեռեւս չեն կայացվել»:
Փորձագետներն այն կարծիքին են, որ Վրաստանին սպասվող ամենալուրջ խնդիրներից մեկը մայիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են: Ակնկալվում է, որ իշխանությունները, ընտրողների համակրանքը շահելու նպատակով, իրենց հնարավորությունները գերազանցող մեծ ծախսեր պահանջող նախաձեռնությունների կդիմեն: «2010-ին պոպուլիստական բնույթ կրող ծախսեր շատ կլինեն, քանի որ այս տարի սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, եւ իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը կփորձի հաղթանակ տանել բոլոր խոշոր քաղաքներում եւ հատկապես Թբիլիսիում: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ «Ազգային շարժումն» ընդունեց, որ պարտություն էր կրել Թբիլիսիում, հետեւաբար` նրանց անհրաժեշտ է այդ հաղթանակը, եւ նրանք կանեն ամեն ինչ` այն ապահովելու համար,- համոզված է Պապավան: -Սա ամբողջությամբ համապատասխանում է վերջին տարիներին իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսին: Դա տնտեսական անգրագիտությունն է եւ պոպուլիզմը, եւ չարժե այս ամենից որեւէ կտրուկ դրական փոփոխություններ ակնկալել»:
Շեշելիձեն նույնպես այն կարծիքին է, որ մայիսին կայանալիք ընտրությունները որոշիչ կլինեն այս տարվա տնտեսական հեռանկարների եւ երկրի քաղաքական իրադրության համար: «Գոյություն ունի երկու գործոն: Առաջինն ընտրություններն են, որոնց արդյունքներն անկանխատեսելի են, երկրորդն իշխանությունների` լիբերալ կուրսի պահպանման եւ գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ հայտարարություններն են: Այս երկու գործոնները կարող են հակասել միմյանց: Ընտրությունների արդյունքները կարող են դադարեցնել տնտեսական ծրագրերի իրականացումը` տեղական իշխանությունների փոփոխության հետեւանքով կամ այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքների հետ կապված դժգոհությունը կնպաստի երկրի ներսում լարվածության աճին»,- նշում է նա:
Երկու փորձագետներն էլ այն կարծիքին են, որ եթե 2010-ն այնքան էլ ծանր չլինի Վրաստանի բնակչության համար, ապա դա մեծապես կախված կլինի պատերազմից հետո երկրին խոստացված միջազգային օգնությունից: Գիլաուրին ընդունում է, որ 2008-ին Վրաստանին խոստացված 4.5 միլիարդ դոլարի օգնությունը խիստ օգտակար է եղել: «Նախագծերի մեծ մասն արդեն իսկ իրականացվում են: 4.5 միլիարդից 3.7 միլիարդ դոլարի նախագծերը ստորագրվել կամ հաստատվել են: Սա երկրին հավելյալ աջակցություն կտրամադրի: Մենք երեք տարի ունենք` արտասահմանից եկող դրամական մուտքերը 2005-2007 թվականների մակարդակին հասցնելու համար»,- հայտարարել է նա: Գիլաուրիի խոսքերով` Միջազգային արժութային հիմնադրամը խոստացել էր տրամադրել 1.1 միլիարդ դոլար, որից 400 միլիոնը հատկացվելու էր բյուջեին, իսկ մնացածը նախատեսված էր ուղղել երկրի ֆինանսական պահուստների վերականգնմանը: «Հասարակական նախագծերի կենտրոնի» տնտեսագետ Գեորգի Խուխաշվիլին այն կարծիքին է, որ օգնությունն ընդամենը ճգնաժամի վատագույն փուլը կանխելուն էր ուղղված: «2009-ին ճգնաժամը չէր հաղթահարվել: Այն հետաձգվել էր միջազգային օգնության շնորհիվ: Սակայն համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, եւ տնտեսական միջոցները դեռեւս սահմանափակ են: Այս տարի միջազգային օգնության չափերը փոքր կլինեն, եւ տնտեսության դրությունը կարող է վատթարանալ»,- ասում է նա:
Պատերազմը, անցյալ տարի Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներով դրսեւորված քաղաքական անկայունությունը, ինչպես նաեւ համաշխարհային ճգնաժամը վնաս են հասցրել երկրի ներդրումների ոլորտին: 2009-ին կառավարության` 2 միլիարդ դոլարի չափով ներդրումների ակնկալիքները չարդարացան. իրականում այս գումարի նույնիսկ կեսի չափով ներդրումներ չկատարվեցին երկրում: Անցյալ տարի նախագահը մի շարք միջազգային այցելություններ կատարեց`փորձելով խթանել գործարար կապերը. այդ նպատակով 2009-ի վերջին նախագահն այցելեց նաեւ Քուվեյթ եւ Կատար: Արաբական երկրները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վրաստանում, ներառյալ` անշարժ գույքի, գյուղատնտեսության եւ սննդամթերքի արտադրության տեխնոլոգիաների ոլորտները: «Վրաստանում, ինչպես ողջ աշխարհում, արաբական երկրների կատարած ներդրումները հաջողությամբ են իրականացվում»,- նշում է Պոլոլիկաշվիլին: Նրա խոսքերով` Տնտեսական զարգացման նախարարությունը հնարավոր ներդրողներին առաջարկվելիք մի շարք նախագծեր է մշակում: Տնտեսական փորձագետները, սակայն, չեն ողջունում արաբական երկրներից ակնկալվող նոր ներդրումների հեռանկարները: «Հնարավոր է` մենք գրավիչ ենք արաբական աշխարհի համար, սակայն հարցը պետք է այլ կերպ ձեւակերպել` արդյո՞ք մենք ցանկանում ենք գրավիչ լինել արաբական աշխարհի համար: Որտե՞ղ ենք մենք ցանկանում ինտեգրվել: Արաբական խալիֆայությո՞ւն, թե՞ Եվրոպական Միություն»,- ասում է Պապավան: Նրա խոսքերով` ներդրումային քաղաքականության վերաբերյալ կառավարության քարոզչական կամպանիային չէր հաջողվել անգամ մեկ եվրոպացի կամ ամերիկացի ներդրող գրավել, փոխարենը`բազմաթիվ ներդրողներ էին հայտնվել Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից եւ արաբական երկրներից: «Սրանք այն ներդրումները չեն, որոնք մեզ անհրաժեշտ են տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Մեզ անհրաժեշտ են ներդրողներ, ովքեր աշխատում են իրական սեկտորում եւ նոր տեխնոլոգիաներ կներմուծեն երկիր: Իսկ երբ ինչ-որ մեկը գալիս է Վրաստան`սպեկուլյատիվ նպատակներով հող կամ անշարժ գույք գնելու համար, սա չի նպաստում տնտեսության զարգացմանը»:
Նանա ՄԱՄԱԳՈՒԼԻՇՎԻԼԻ
«Fortuna» ռ/կ լրատվական ծրագրերի խմբագիր