Սլոբոդան Շնայդեր «Մանրի ֆենոմենոլոգիայի դիտարկումներ»

28/01/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Խխունջը

«Այսպիսով, դեռեւս կանգ առնենք սրա վրա, եւ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ այն համբերության համար, որով դուք այսօր ունկնդրեցիք ինձ»,- ավարտեց իր ելույթը Անտե Ստարչեւիչը, բերկրալի հավանության մթնոլորտում: Ծերունու հայացքը հածում էր դահլիճով մեկ, կարծես թե նա ուզում էր հիշել ներկաներից յուրաքանչյուրի դեմքը, իսկ սղագրողի ձեռքը մի հավելում արեց` «Այդ պահին սկսվեց տեղատարափը»:

Այն ժամն էր, երբ Զագրեբի շուրջ խաղողի այգիներով պատված բլուրները սկսում են վխտալ խխունջներով:

Ձմեռային քնից հետո խաղողի խխունջը մեկեն փութում է ախորժանք ապրել քնքուշ խոտից: Տամկությամբ ներծծված մայիսյան եւ հուլիսյան օրերին այդ տռփասերները սկսում են իրենց սիրային խաղերը` ամենուր միմյանց շուրջ դանդաղ պտտվում են սիրահարված խխունջների զույգերը, եւ եթե փորձենք պատկերացնել երաժշտությունը, որով կարող էր ուղեկցվել նրանց պարը, ապա դա միայն Ռավելը կլիներ: Հետո սիրահարները կրունկներով միանում են (բայց պատգամավորները այդ պահին լքել են խորհրդարանը), որոնք սկսում են ալիքաձեւ, ըստ Բրեմի խոսքերի, կրճատվել սիրային էքստազում: Պոզիկները նույնպես անմասն չեն մնում, դրանք, սեղմվելով, այնպես են միահյուսվում, որ դրանց հպումն արդեն երկու աշխատություններում համեմատվել է աղավնիների համբույրի հետ: Սակայն այդ ամենը դժգունում է այն փաստի դեմ, որ իրենց հաճույքը խխունջները ձգտում են ուժգնացնել հատուկ գործիքի հաշվին: Եվ հատկապես` թե արուն եւ թե էգը ունեն «սիրո նետ»` որը նման է կրային ուռուցքով փշի, որը նրանք խրում են միմյանց մարմինների մեջ: Ալֆրեդ Բրեմը բազմիցս զննել է այդ տեսարանը: Բարձրագույն տռփանքի պահերը նկարագրող այլ հեղինակները, ճիշտ է, այլ նյութի հիման վրա, օրինակ՝ Գաբրիելե դգԱնունցիոն, չկարողացան հասնել այդ մակարդակին: Նա կանգ առավ համեմատությունների եւ փոխաբերությունների վրա այնտեղ, ուր Բրեմը խոսում է գործի էությունից: Այսպիսով, ցանկացած խաղողի այգի իր ետեւում է թողնում անկապաշտությունը, որով հռչակվել էր դգԱնունցիոն:

Յոթ տարի առաջ Բրեմը (հավանաբար, վերջնականապես) խզեց իր հարաբերությունները Բեռլինի ակվարիումի տնօրինության հետ, ինչի վրա մենք այստեղ չէինք ուզենա կանգ առնել, որպեսզի բանավեճի մեջ չներքաշենք հետաքրքրասերների չափազանց մեծ բազմություն: Ի դեպ, խաղողի խխունջի նրա նկարագրությունները վերաբերում են այդ անդուր բախմանը նախորդող շրջանին, ավելի ճիշտ, աֆրիկյան շրջագայությունից նրա երկրորդ վերադարձի շրջանին, իսկ նրա բերած օրինակները, բառիս բուն իմաստով, գերմանական եւ եվրոպական են: Դա զարմանալի է, քանզի խխունջների սիրային հնարամտությունը արեւելյան բնույթ է կրում: Եվ այստեղ խխունջների հանրահայտ դանդաղաշարժությունն այդ գործերում վերածվում է առավելության:

Գերմանացիները, որոնցից է Ծերուկը, օգտագործում են քնքուշ սիրահարներին որպես սնունդ` եփած վիճակում: Սակայն կան ժողովուրդներ, որոնք բավարարվում են լոկ կիտրոնահյութի մի քանի կաթիլներով, որպես համեմունք: Համարվում է, որ Ավստրո-հունգարական միապետության սեղաններին, նրա ծաղկման շրջանում, ամեն տարի իրենց կյանքն էին ավարտում շուրջ չորս միլիոն խխունջներ: Նապոլեոնյան պատերազմների շրջանում խխունջների համար պարզապես անգթորեն մարտնչում էին:

Հենց այս մտքերն էր ջանում վանել Ստարչեւիչը, կառքում նստած, ով տեղատարափի շիթերի տակ իջնում էր Վերին քաղաքի փողոցներով, մտմտալով հենց նոր արտասանած ելույթի որոշ պահերը: Պատգամավորներից ոմանք դեռեւս կանգնած էին տների կամարների ներքո, սպասելով, թե երբ երկինքը կհանդարտի:

Ստարչեւիչը ստիպված էր երբեմն բարձրացնելու ցիլինդրը, եւ որպեսզի իրեն չտանջի, նա ընկղմվեց կառքի խորքը, որը խոնավ կաշվի փառահեղ հոտ էր արձակում: Նա կամենում էր ազատվել այդպիսի ճղճիմ մտքերից մեկից, ինչպես, օրինակ, հետեւյալը` «Մեզ մոտ ամեն ինչ շարժվում է խխունջի արագությամբ: Ողջ աշխարհը առաջ է գնում, միշտ միայն առաջ: Մեզ մոտ հիմա 1881 թվականն է, իսկ դեռ քսան տարի առաջ մարդն անցել էր Նիագարայի ջրվեժի վրա ձգած ճոպանի վրայով»:

Ոջիլը

Ոջիլը միշտ հայտնվում է այնտեղ, ուր որեւէ գաղափար առնչվում է իրականությանը: Կարելի է ասել, որ այն տեղը, որտեղ գաղափարը շփման մեջ է մտնում իրականության հետ, ոջլոտ է դառնում: Այսպիսով, պատմության ընթացքը հարկ է դիտարկել հիգիենիկ տեսանկյունից: Չէ՞ որ դա վերաբերում է նաեւ պատերազմներին, որոնք այլ բան չեն ներկայացնում, քան ժողովուրդների արագացված ինքնաիրականացումը:

Ինչպիսին էլ լինի պատերազմը, երեքամյա թե հարյուրամյա, ոջիլը միշտ կապրի: Casus belli-ի տեսանկյունից ոջիլը վսեմորեն-անտարբեր տեսք ունի: Նրան քիչ է հետաքրքրում, արդյոք մարտնչում են աշխարհի տիրակալների փաղանգնե՞րը, թե՞ հարբած հորդաները, արդյոք պատերազմն ընթանում է կայսրությա՞ն համար, թե՞ ինչ-որ մարգագետնի, մի ողջ մայրցամաքի՞, թե՞ ինչ-որ ետնաբակի աղբակույտի համար: Այն ամենագո է, դեմոկրատական, իր բոլոր տարբերություններով հանդերձ, յուրատեսակ մշտակայության կերպար: Սակայն, ի դեմս այն բանի, որ ցանկացած վիթխարի բանակի եւ ցանկացած ավազակախմբի ծծում է որդերի միեւնույն գաղտնի բանակը, այդ միջատը միաժամանակ վկայում է այն մասին, թե ինչի է ունակ արյան ծարավով բռնված կոլեկտիվը: Չմոռանանք, պարոններ, եւ լվին, այդ Նապոլեոնի հանդերձանքով մենավոր ցատկոտանին: Լուն եւ ոջիլը` ահա համաշխարհային պատմության երկու հակադիր սկզբունքները: Համաշխարհային ոգին նժույգ հեծած, ինչպիսին որ այն տեսավ Հեգելը, իր մեջ մարմնավորում էր, դատելով ըստ ամենայնի, թե՛ մեկը, թե՛ մյուսը: Սակայն, զարմացնում է, որ դա վրիպել է Հեգելից, որի հետեւանքով էլ չիրականացած է մնացել համաշխարհային ոգու բացառապես արդյունավետ սահմանումը, որպես լվի եւ ոջիլի համադրություն: Դա առավել եւս զարմանալի է, եթե ուշադրության տակ առնենք, որ մոտակայքում հածում էր եւ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն իր մեծապես ծանոթ սիրով առ կոնկրետը:

Չարախոսները երեւի թե կմտածեն, թե երկուսն էլ, երբ Բոնապարտը ձի հեծած սուրաց պատմության միջով, բավական շատ քորվում էին:

Մեծապատիվ Միշո Կիշպատիչը մի քանի աղբյուրներ է նշում, որոնցում հաղորդվում է, որ միջատների եռուքորից առաջացած ցավերը այնքան էլ անվնաս չեն: Ոջիլները ոչ միայն բացառապես չարադավ են, նրանք կարող են եւ ճակատագրական դեր խաղալ: Այն աշխատություններում, որոնց հղումներ է անում Կիշպատիչը, դրանք նկարագրվում են ոչ թե պարզապես ժամանակավոր անհարմարություն, այլ նաեւ առավել երկարատեւ ու անդուր հետեւանքների պատճառ` կյանքից հեռանալու տեսքով: Մասնավորաբար, ոջիլները դարձան Հերովդեսի, Ագրիպոս Մարկուսի, բռնակալ Սուլլայի, իսկ 13-րդ դարում` Ֆիլիպ 2-ի մահվան պատճառը: Կարելի էր ենթադրել, որ ոջիլները հատկապես ոտքի են ելնում բարձրաստիճան մարդկանց վրա, նույնիսկ պսակակիրների, բայց այդպիսի պատկերացումն արմատապես սխալ է: Սույն ցուցակը ընդգրկում է բացառապես նրանց, ում մահը աչքի է ընկնում եւ, այսպիսով, եւ ահա այսպիսի հետք է թողնում, թե ինչպես մահացավ «Ագրիպոս Մարկուսը», «մահացավ Ֆիլիպ 2-րդը, ֆրանսիացի արքան»: Բացի դրանից, կան եւ ժամանակի այլ փուլանիշեր: Օրինակ` «հռոմեացի բռնակալ Սուլլայի մահվանից երեք տարի անց մեծ անբերություն եղավ»:

Ինչ վերաբերում է մարդկանց ահռելի բազմությանը, որոնց վերաբերյալ կարելի է ենթադրել, որ նրանք էլ պատմության ընթացքում ախորժանք էին ապրում կենաց հաճույքից, ապա նրանց անհետացումը ոչ մի գրավոր հետք չթողեց, անկախ այն բանից, թե դրա պատճառը ոջիլները եղան կամ այլ մի բան: Այդ պատճառով տեսականորեն բնավ էլ բացառված չէ, որ նրանք բոլորը դեռ ողջ են: Բացի այդ, Ագրիպոսն ընդհանրապես կայսր չի եղել, այլ հռոմեական պանթեոնի կառուցողը եւ աշխարհագրական քարտեզ կազմողը:

Վերն ասածը, իհարկե, ոչ մեկին չի զարմացնի: Այն, որ ոջիլները ծծում են պսակակիրների ու ռամիկների, բանկիրների եւ չքավորների արյունը` պարզապես ծեծված բան է:

Սակայն այդ էակները մի տարօրինակ հակում ունեն, որ վերը շարադրածը ներկայացնում է միանգամայն այլ լույսի ներքո: Չնայած այն բանին, ինչպես մենք ասացինք, ոջիլը ոչ մեկից չի զզվում` ամենաբարձրաստիճաններից սկսած՝ մինչեւ հասարակության ստորին շերտերը, մեկ առումով այն որոշակի քմաճաշակություն է ցուցաբերում:

Մասնավորապես, ամենալուրջ հետազոտությունները հաստատում են, որ ոջիլները անտարբեր չեն մաշկի գույնի հանդեպ, այսինքն՝ նրանք անհաշտ ռասիստներ են: Դա կատակ չէ, մեր` սպիտակների մեջ ապրող ոջիլները, դեղնա-մոխրավուն գույնի են, նեգրական ոջիլները` սեւ են, չինականները` դեղնա-դարչնագույն են, էսկիմոսականները բացարձակ ճերմակ են: Բայց ամենակարեւորն այն է, որ այդ իդիոսինկրազիան համապարփակ բնույթ է կրում` ոջիլները, որոնք իր վրա աճեցրել է մի ցեղը, չեն կարող ապրել այլ ցեղի ներկայացուցիչների վրա:

Տարօրինա՞կ է:

Ոչ մի դեպքում: Դա խորապես մարդկային երեւույթ է, եւ այն մատնանշում է հիշատակված էակի կիպ մոտիկությունն ու արենակցական կապը մեր` մարդկային ցեղի հետ:

Ավելին: Վերջին ժամանակներս շատ խելոք գլուխներ տանջվում են այս հարցով` ում եւ ինչին են ծառայում, օրինակի համար, որոշ տարածությունների էթնիկ զտումները: Եվ եթե ինչ-որ մեկը, խորապես մտահոգված. կորոշի, որ այդպիսի միջոցները ոչ մեկին եւ ոչ մի բանի չեն ծառայում, կա օգնություն նրան, որը նա չէր էլ ենթադրում` եթե մի ժողովրդի անիծները տառապում են մյուս ժողովրդի անիծների հանդեպ անտանելիությամբ, ապա, ի բարօրություն առաջին ժողովրդի անիծների, պետք է անհետանա երկրորդ ժողովուրդը:

Եվ այստեղ հարց է ծագում` ինչպես կարող էր պատահել, որ Հեգելը չհասկացավ, թե ինչն է դժբախտությունը: Չէ՞ որ, գուցե թե, անիծներն ունեն «ազատության ըմբռնման» ինչ-որ իրենց պատկերացումը, որը նույնպես (եւ այն էլ ինչպես) զարգանո՞ւմ է:

Շնայդերի «Մահանկարագրումը» պիեսում հերոսներից մեկը` Յանկո Պոլիչ Կամովը` օրհնում է Տեր Աստծուն ոջիլի համար, որը Նա պարգեւել է իրեն: Արժանահավատության որոշակի չափով հայտնի է, որ Կամովը երկրպագեց Աստծուն եւ մարդկության պատմության համար, որից հետո այնտեղից անհետացավ:

Մորեխը

Զատիկը եւ նույնիսկ լուն, խխունջը կամ ոջիլը կեցած են առանձին, որպես իրական կենդանաբանության մանրագույն, բայց հաստատուն սյունագլուխներ: Մորեխի ուժը նրա քանակի մեջ է, այնպես որ տվյալ դեպքում ավելի տեղին կլիներ ոչ թե ֆենոմենոլոգիան, այլ մանրագույնի սոցիոլոգիան: Այդ պատճառով համաշխարհային պատմության մեջ նրա միջամտության բոլոր դեպքերը հիրավի սարսափելի են: Օրինակ, Ռուսաստանում 1800-ից մինչեւ 1861 թվականը ընկած շրջանում քսանչորս անգամ նշված է, որ մորեխը ողջ նահանգներ է ավերել: Մեծապատիվ Կիշպատիչը («Միջատները») ճշգրիտ չի նշում, թե որ թվերին է դա տեղի ունեցել: Այդուհանդերձ հայտնի է, որ մի անգամ ինքը՝ Գոգոլը, որ ուղեւորության էր ելել Ռուսաստանի խորքերում, ստիպված էր փախուստի դիմել մորեխի արշավանքից: Անգամ եղել է տարի, երբ մորեխը հարձակվել է մի գյուղի վրա, ընդ որում, տուժել են մի քանի գեղջուկներ: Այդպիսի իրադարձությունների ավելի մանրամասն նկարագրություններ կարելիէ գտնել Աստվածաշնչում, Եղիա մարգարեի գրքում: Դաշտերն ավերելով, մորեխը, որ վերացնում էր մարդու աշխատանքի եւ տքնանքի պտուղները` Աստծո զայրույթի արտաքին դրսեւորույթն էր եւ միաժամանակ ճնշման միջոց է, որի օգնությամբ Աստված ձգտում է, եւ ոչ անհաջող, աշխարհում կատարվածը ենթարկել իր ծրագրերին, երբեմն, ճիշտ է, դժվար է պարզել, թե ինչպիսին էր այս կամ այն ծրագիրը, բայց դա, հավանաբար, առաջին հերթին կախված է մեկնիչից: Մասնավորաբար, լիովին պարզ չէ, թե Նա ինչ նկատի ուներ Ռուսաստանում իրականացնելով հիշատակված 1800-ից մինչեւ 1861 թվականը ընկած շրջանը, էլ չասած 1917-ից սկսած շրջանը, եւ մինչեւ ո՞ւր: Մի երկու-երեք գեղջուկ, հնարավոր է, եւ կարողացավ փախչել, ինչպես ժամանակին Գոգոլը, բայց ողջ նահանգներ դա չկարողացան:

Եվ այդուհանդերձ, այդ ամենի ետեւում նշմարվում է ինչ-որ վերին նպատակ:

1800-ից մինչեւ 1861 թվականն ընկած շրջանում Ռուսաստանում պսակազերծվեց այն օրենքը, որը քանակին վերագրում է անցում առ որակ: Մորեխը վրա էր պրծնում Ռուսաստանի վրա, ինչպես արձանագրել են վկաները, կուտակ ամպերով: Այն իրենով ծածկում էր երկնային լուսատուներին, երկրի երեսից չքացնում էր մարդու թողած բոլոր հետքերը: Այդ ժամանակի ընթացքում մի քսանչորս անգամ պայմաններ ստեղծվեցին քանակի նոր որակի անցման համար: Անցումը, սակայն, տեղի չունեցավ այն պատճառով, որ քանակի այդպիսի կենտրոնացած արշավանքից հետո ոչինչ չմնաց: Զանգվածն ավերեց ամեն ինչ, բայց ինչ-որ նոր որակի մասին երազել անգամ չէր վիճակված:

Սակայն, եթե Աստված այդպիսով ուզում էր պահպանել որոշ էլիտար տեսությունները, Նրան հարկ էր ինչ-որ այլ կերպ լուծել գործընթացը, օրինակ, ջրի անցումը գոլորշու, քանզի մեզնից յուրաքանչյուրը կարող է ամեն օր, իր թեյնիկի կողքին կանգնած, համոզվել այն բանում, որ այդ օրենքը, միեւնույն է, գտնում է իր կիրառումը:

Վաղուց, դեռեւս հեռավոր 1543 թվականին, մորեխը գերել էր Բոսնիան, ընդ որում, նորիցնոր հարկ է շեշտել, որ հին ձեռագրերից դժվար է հասկանալ՝ ում դեմ էր ուղղված այդ արշավանքը:

Ընդհանրապես, Երկրի երեսին կան վայրեր, որոնք Աստված թողել է իրեն որպես հրաձգարաններ, հաշվի առնելով, որ Նրա ազատությունը ենթադրում է, իհարկե, եւ այնպիսի վիճակ, երբ Նա կարող է ուզենալ կամ մեկը, կամ մյուսը, կամ՝ եւ մեկը, եւ մյուսը միասին: Օրինակ, երբ 1690 թվականին մորեխի ամպերն իջան Լիտվայի վրա, մի ռաբբի միջատների թեւերի վրա կարդաց հրեական տառերը, որոնք նշանակում էին «Աստծո զայրույթը»: Իսկ Բոսնիայում դրանց վրա ոչինչ գրված չէր, եւ այդտեղ կարելի է տեսնել Նախախնամության ձեռքը: Որովհետեւ, եթե այնտեղ ինչ-որ գրեր լինեին, ոմանք դրանք մի կերպ կկարդային, մյուսներն՝ այլ կերպ, եւ դա միայն կահագնացներ անկարգությունն ու չարությունը, որոնք առանց այդ էլ վիթխարի էին:

Ի դեպ, իմաստ կունենար հինավուրց դեղատոմսերից մեկը փորձելը, որը հիմնված է Ղուրանից մեջբերումների վրա, որտեղ մորեխի մասին խոսվում է բավականաչափ խստորեն: Այսպիսով, հարկ է բռնել մի քանի միջատների, դրանց թեւերի վրա համապատասխան հրահանգներ գրել, որից հետո նրանք արդեն ինքնուրույն կուղեւորվեն օտար եզերքներն ավերելու: Կամ էլ այնտեղ կուտվեն: Երկրի շատ ծագերում մորեխը անուշեղեն են համարում: Նույնիսկ կարծիք կա, որ այդ միջատների խուրձը ուտողի համար հիրավի բացում է դրախտի դարպասները:

Եթե ձեզ պատահի որեւէ անգամ հնձած մարգագետնում հանդիպել ցատկոտանին այն ժամանակ, երբ նրա մարմնի ետնամասը արդեն սկսում է դեղնել, որպեսզի երանգախաղով խաբի բազմաթիվ թշնամիներին, մի ընկալեք նրան որպես չարիքի եւ դժբախտության նշան: Նա վտանգավոր է դառնում միայն, երբ նրա մեջ բուն է դնում սատանան, որը դրդում է նրան իր նմանների զանգվածը որոնելու, եւ որոնք ամեն ինչով նման են նրան, եւ այդ ժամանակ նրանք բոլորը միասին տեղից շարժվում են, որպեսզի աշխարհի երեսին ամեն ինչ ոչնչացնեն, ինչը որ չի կրում մորեխ փառավոր անունը:

Մինչեւ այդ պահը մեր ռոմանտիկ երգչի, այդ քնքուշ, սիրահարկոտ, սիրահարված կանաչ պարոնիկի վարքը, որ պճնագեղ ցատկերով շրջում է հայրենի մարգագետնով իր լռակյաց, վերին աստիճանի նազանի Ջուլիետայի փնտրտուքում, այդ վախլուկ ցատկոտանը, անշուշտ, ձեզնից կամ ինձնից խիստ տարբերվող, մնում է միանգամայն բարեկիրթ:

Բայց բավ է, որ նա պատմության մեջ մտնի, ահա այդտեղ էլ դժբախտությունն է` ոչ միայն մարգագետինները, այլեւ զբոսայգիները կվերածվեն իսկական գերեզմանոցների: Այժմյա մարգարեները մեզ տեղեկացնում են գալիք Հայտնության մասին նույնպիսի անմիջականությամբ, ինչպես լրահաղորդումը մարզադաշտից, ճիշտ է, Հայտնության գալստյան դեպքում նրանք առավելապես խիզախում են իրենց վրա բեւեռելու Աստծո զայրույթը, Աստվածաշնչում նկարագրված կամ չնկարագրված:

Սակայն ինչու է մորեխն ուղեւորվում դեպ իր արշավները ամպերով օդ բարձրանալով, ավելի շուտ կարելի է հասկանալ ոչ թե հնձած մարգագետնում, այլ այդ համակրելի էակի հետ անմիջական ընկերական շփման մեջ, ինչ-որ տեղ մարզադաշտում կամ գարեջրատանը: Պարտադիր չէ Մյունհենում:

Ինչո՞ւ է հանկարծ ձեռքը վեր պարզվում՝ ողջունելով եւ կանխագուշակելով մահը, մնում է մշտական դատողությունների առարկա: Եվ ինչն է հետաքրքիր, բոլորը (նկատի է առնվում մորեխը) հանկարծ սկսում են անել միեւնույն բանը, իսկ հետո յուրաքանչյուրը իրեն արդարացնում է, եթե, իհարկե, բանը դրան է հասնում, ինչ-որ իր պատճառն ունենալով:

1883 թվականի հուլիսի 17-ին մորեխի ամպը կանգնեցրեց գնացքը Վիեննա-Բուդապեշտ երկաթգծի վրա: Ուղեւորները ստիպված եղան լքել վագոնները եւ գիշերն անցկացնել դաշտերի մեջ, անտերունչ կայարանում: Հաջորդ օրը, եւ այն էլ` ոչ լուսաբացին, այլ կեսօրին մոտ, ժամանած գվարդիականների ջոկատի եւ մի քանի զենքերի աջակցությամբ, որոնցով կրակ բացեցին (ականատեսները պնդում էին, որ ուղիղ արեւի վրա), գնացքը վերջապես շարունակեց ճամփան, ճիշտ է, առանց մի ուղեւորի, ով, տեղի ունեցած իրադարձությունից նկատելի հուզված, դեռեւս նախորդ երեկոյան ոտքով եւս Վիեննա ուղեւորվեց:

Եթե ուշադիր խորամուխ լինես այս պատմությանը, ապա կարող է տարօրինակ թվալ, որ գնացքը մեկնում էր Վիեննայից Բուդապեշտ, այլ ոչ ընդհակառակը:

Ճիճուն

Տվյալ դեպքում ամենակարեւորը մեկնակետն է: Եթե շարժվես ճիճվից դեպի առավել բարձր կառուցաձեւը, ապա այն կանխագուշակում է նրա կործանումը: Օրինակ, երբ հայտնվում է նրանում կամ պարզապես երազում տեսնվում է նրան: Եվ ընդհակառակը, եթե ճիճվից ընթանանք դեպի ստորին կառուցաձեւերը, համանման տարատեսակ փտուկներին եւ գոմաղբին, ապա ճիճուն համբառնում է նրանց վերեւում՝ ինչպես առավել կատարյալ ձեւերի խորհրդանիշ եւ նախանշան: Անշուշտ, սա տվյալ ֆենոմենոլոգիայի հաղթանակի պահն է, քանզի այստեղ ողջ ակնհայտությամբ պարզ է դառնում, որ այն թույլատրում է ընդգրկել ամենայն ողջը որպես ներունակ մեռյալ, բայց, ընդ որում, իր մեջ կրկին ողջ լինելու հնարավորությունը կրող, ինչպես, օրինակ, գերեզմանից աճած խոտի դեպքում:

Սակայն գիտության բախտը այս էակի հետ կապված՝ չի բանել, քանի որ «ճիճու» հասկացության օգնությամբ ձեռնարկվում էին համարյա անթիվ-անհամար երեւույթների ընդգրկման փորձեր: Այդ պարագան իր արտացոլքն է գտել լեզվում, հենց այդ պատճառով ճիճուն բազում խրատական կամ էլ պարզապես պատկերավոր արտահայտությունների գործող անձն է, դրանով հանդես գալով իսկական «աստղի» դերում` ասույթների եւ ասացվածքների ժանրում: Նշանակալից է այդ էակի ներդրումը գեղարվեստական գրականության մեջ: Հոբը, օրինակ, հենց փոշու մեջ թավալվող ճիճվի հանգույն է ընկալում ինքն իրեն: Վիլյամ Շեքսպիրի բավական հայտնի պիեսում ոչ այլ ոք, քան ճիճուներն են ընթրիքին ուտում մի ազնվականի, իսկ փոքր-ինչ ավելի ուշ ճիճուներին հայտնաբերում են ծաղրածուի դատարկ գանգում: Իսկ այդ հանրահայտ ստեղծագործության հենց հերոսին կրծում է կասկածի ճիճուն: Մի անգամ այն նույնիսկ ստիպում է նրան անել այս հայտարարությունը` «լինե՞լ, թե՞ չլինել», ինչն ըստ էության աշխարհում ճիճվի փիլիսոփայական դիրքորոշման ձեւակերպումն է (in-der-Welt-sein): Մասնավորաբար, ճիճուն` արարած է, որը հենց իր ծագումով ընտրում է դիրքը ողջի ու մեռյալի միջեւ, «լինել» եւ «չլինելու» միջեւ, նրան, ի տարբերություն բազում այլ արարածների, հաջողվում է մնալ այդ դիրքում:

Դրանով բնավ չեն ավարտվում ճիճվի եւ մեծ փլիսոփայության փոխշփման կետերը: Օրինակ, ճիճվի եւ գրքերի միջեւ եղած սերը դարերի խորքից է գալիս, երբ դեռ գրքի կազմերը փայտյա էին: Հետո պարզվեց, որ ճիճուն կարող է ուտել այն ամենը, ինչ կրում է թուղթը: Ճիճուները նույն ախորժակով հյուրասիրվում են թե ամենամեծ զազրախոսների եւ ցինիկների, եւ թե այն գրքերով, որ գրել են նրբին եւ քնքուշ հոգիները: Գրքի արտաքին տեսքը նույնպես նրանց համար ինչ-որ վսեմ իմաստ չունի, ճիշտ այնպես, ինչպես հազիվ թե էական տարբերություն կա կլլելու եւ ընթերցելու միջեւ: Քյոնինգսբերգում ճիճուները կերել էին Կանտի «Զուտ բանականության քննադատության» մի քանի օրինակները, որպես հիմնական ճաշատեսակ, եւ դեսերտի համար միեւնույն հեղինակի` չափով ոչ մեծ, բայց հիասքանչ ստեղծագործությունը երկնքի մեխանիկայի մասին: Դե, իսկ ճիճուները կասկածի ճիճվի տեսքով ամենատարատեսակ միջոցներով տանջում էին նրան: Ժամանակակիցները Կանտով ստուգում էին իրենց ժամացույցները, քանի որ նա ամեն օր միեւնույն ժամին հայտնվում էր գլխավոր քաղաքային հրապարակում, ասես գրազ եկած կամ ինչ-որ ուխտ կատարելով: Բացի դրանից, կարելի էր ենթադրել, որ խոսքը ինչ-որ մռայլ խաղի մասին է, որը Կանտի համերկրացիներին տեսանելի էր միայն իր արտաքին դրսեւորույթով, որպես երեւույթ: Ecce homo, դուք մտածեք, ահա մարդը, որ լարում է ինքն իրեն որպես նյուրնբերգյան խաղալիք, որն այդուհանդերձ իր հստակ շարժումներով մասնակցում է Աստվածային կարգ ու կանոնին:

Իսկ հետո ինչ…

Դեռեւս Կանտի կենդանության օրոք ճիճուները սկսեցին ուտել նրա լավագույն գրքերը, իսկ իրեն կրծում էր կասկածի ճիճուն, ինչը ստիպում էր մտորել, թե արդյո՞ք իրական է գոյությունը Քյոնինգսբերգի, հրապարակի մարդկանց, որ ի նշան ողջույնի՝ բարձրացնում են իրենց գլխարկները, գրպանի ժամացույցների, որոնք նրանք հենց այդ պահին լարում էին, եւ, ինչն, իհարկե, ամենից վատ է, արդյո՞ք իրական է հենց իր` Իմանուիլ Կանտի գոյությունը, գրքի ճիճվի եւ պրոֆեսորի՞:

Քյոնինգսբերգի քաղաքացիները իրենց պրոֆեսորին համարում էին համաշխարհային կարգուկանոնի երաշխիքը եւ չէին նկատում այն հուսահատությունը, որով նա, Իմանուիլ Կանտը, ժամացույցը լարող նրանց մատների շարժումներում, նրանց հայացքներում, երբեմն ծաղրական, սակայն ավելի հաճախ ակնածանքով լեցուն, փնտրում էր իր գոյության հաստատումը:

Այսպիսով, ճիճուները քայքայում են այն տարածությունը, որոնց շրջանակները ուրվագծում է հավատարմագրերի այդպիսի փոխանակությունը: Նրանք մշտապես կրծում են քաղաքակրթության հիմքերը, լինի դա այն հիմքը, որի վրա կեցած է Վենետիկը, կամ թանգարանային կահույքը հինավուրց ամրոցում, գրքերը կամ թե դրանք գրած գրողները: Զարմանալի արարածներ` ոչ մի արարված բան նրանց բավականաչափ կատարյալ չի թվում, բայց եւ քայքայվողներից եւ ոչ մի բան նրանք մինչեւ վերջ չեն քայքայում: Կրլեժան ճիճվին դրամայի գործող անձ լինելու պատվին է արժանացրել, ընդ որում, նույնիսկ մի քանի ռեպլիկներով: Ճիշտ է, այդ հպարտ արարածը չգնահատեց այդչափ մեծ պատիվը եւ շարունակում էր սնվել մեծ գրողի գրքերով, ինչպես նաեւ նրա ընդդիմախոսների եւ երկրպագուների աշխատություններով: Օ, խեղճ Յորիկ: Որտե՞ղ է այժմ քո Էլսինորը:

Նույնիսկ ճիճուների բաժին դարձած, հաղթում է Պոլոնիուսը: Ո՞վ կարող էր մտածել: Համարվում է, որ ճիճվի ճռճռոցը սեղանի փայտի կամ պահարանի մեջ մահ է կանխագուշակում: Սակայն, այդ առանձնահատուկ ձայնը տեղի է ունենում այն պատճառով, որ ճիճուն իր գլխով խփվում է իր կերած ելքին, որպեսզի գրավի իր սրտի ընտրյալի ուշադրությունը: Սակայն այդուհանդերձ, ինչո՞ւ այն արարածը, որ մարսում է «Զուտ բանականության քննադատությունը», ավետում է մի բանի մասին, ինչն առանց այդ էլ անխուսափելի է:

Արդյոք խոսքը Կայսրության անկման կամ տերության քայքայման մասին է, լեզվի եւ գրականության պառակտման, կամ այն մասին է, որ ժամացույցի մեխանիզմի զսպանակը` ահա այն չէ` պայթել է քյոնինգսբերգյան հրապարակի կենտրոնում… ճիճուն իրենով ներկայացնում է անփոփոխության եւ մշտակայության նմուշօրինակը, առ լավը թե վատը` հոգ չէ:

Ճոքր-ինչ շփոթեցնում է այն պատկերը, որ թաքնված է «չնչին ճիճու» բառերի տակ: Դա նրանց քայքայիչ գործունեության համար ճիճվից վրեժ լուծելու լեզվի փորձն է: Ապարդյուն: Թերեւս, չկա մի այնպիսի խոսք, բացառապես դեռեւս չծնվածից, որը չունենար իր սեփական ճիճուն: Եվ որքան էլ հիասքանչ լինի այդ բառը, ներսում այն, միեւնույն է, ճիճվոտած է: Իհարկե, կարելի է ընդհանրապես լռել: Բայց այդ ժամանակ, լռության մեջ, լսելի են, միանգամայն պարզորոշ, միայն ճիճուները:

Այդպես լինում է միշտ, երբ ինչ-որ բան մոտենում է իր ավարտին՝ հույսերը չարդարացնելով:

Մրջյունը

Մանրի ֆենոմենոլոգիայի մինչեւ այս պահը ստեղծված ամենափայլուն էջերը վերաբերում են մրջյունի նկարագրությանը: Իսկապես, Կիշպատիչի ապշանքի հասնող զարմանքը այդ առթիվ հիրավի անսահման է: Հարցը, ճիշտ է, այն է, արդյո՞ք դա չի վնասել գիտական մոտեցման օբյեկտիվությանը: Ամեն դեպքում՝ Կիշպատիչի գրած մրջյունների ջատագովությունը ամենայն հարգանքի արժանի է: Սակայն մեզ շատ ավելի քիչ է ուրախացնում այն, ինչն այդպես հիացնում էր Կիշպատիչին: Այդ հեղինակն անդադրում թվարկում էր փաստերն ու երեւույթները, որոնք նրան ընդհանրական էին թվում մարդկային հասարակության եւ մրջնանոցի համար, անկախ այն բանից, թե խոսքը կարմիր կամ շիկահեր մրջյունների կամ նույնիսկ անողոք տերմիտների մասին է։ Իսկ մեզանում ադ նմանությունը, որը չի կարող ժխտել ֆենոմենոլոգիաներից եւ ոչ մեկը, ավելի շուտ մելամաղձ է առաջացնում: Անշուշտ, այդ զգացողությանը, ինչպես մեզ ուսուցանում են հին ֆենոմենոլոգները, պետք չէ տրվել: Մանրի ֆենոմենոլոգիան զբաղվում է մանրով այնպես, կարծես թե այն խոշոր է, սակայն մանրի ֆենոմենոլոգը միշտ պահպանում է հստակ ըմբռնումն այն բանի, որ մրջյունները, անձրեւորդերը, մեղուները, կայծոռիկները, խխունջները եւ զատիկները, ինչպես նաեւ նրանց խմբակցությունները, գոյություն կունենային երկրի երեսին նաեւ առանց մեզ՝ ֆենոմենոլոգների: Այո, այո, եւ եթե մարդիկ չլինեին, ապա մրջյունները ճիշտ նույնպես կվարեին իրենց երեսնամյա կամ հարյուրամյա փառավոր պատերազմները, ստրուկներ կպահեին, ճանապարհներ ու կամուրջներ կկառուցեին, անասուններ կբուծեին, այնպես որ, ինչպես տեսնում ենք, առանց մարդու էլ հնարավոր է ոչ միայն քաղաքների, այլեւ պետությունների գոյությունը: Եթե այդ, ամեն ինչում այդչափ մանրախնդիր ֆենոմենոլոգիան դույզն-ինչ կասկածամտություն ներմուծեր այդպիսի սրբազան բաների վերլուծության մեջ, ինչպես, օրինակ, պետությունը, նրա խնդիրը, հնարավոր է, ի կատար ածվեր:

Այն փաստը, որ միշտ հավասարակշռված Արիստոտելը բավական վշտացավ՝ իմանալով, որ մրջյուններն աշխատում են նաեւ լուսնի լույսի ներքո, տվյալ դեպքում մենք հիշատակում ենք՝ որպես հանրահայտ մի բան: Ստագիրի բնակիչն այնպես էր ապշել այդ գիշեր, երբ տեսավ դա, որ երեք օրով հետաձգեց իր «Հոգու մասին» աշխատության ավարտը, չնայած այն լիովին եւ վերջնականապես ավարտելու իր պատրաստականությանը: Պլատոնը հետազոտում էր դասային բաժանումը, որն իր արտացոլանքը գտավ իր «Պետությունը» տրակտատում, սկզբում՝ մրջյունների օրինակով, սակայն իր տեսությունը Սիցիլիայի վրա պրակտիկայի վերածել ջանալուց ինքն իսկ գերության մեջ ընկավ: Դժվար է ասել, թե գիտե՞ր նա արդյոք, որ սեռական պատկանելության տեսանկյունից բոլոր աշխատավոր-մրջյունները հետամնաց արուներ էին։ Կարելի է ենթադրել, որ մեծ մեղքն այդպիսի փաստը կընկալեր որպես գոտկատեղից ցած էրոտիկ հարված:

Պլինիոսն այնինչ գովասանքով էր խոսում մրջյունների հանրապետական արժանիքների մասին, նշելով, որ նրանք բոլորը հավասար են, ճիշտ է, միշտ այս կամ այն դասի շրջանակներում, պատկանելությունը որին նախատեսված է բնությամբ: Ինչ վերաբերում է Կիկերոնին, ապա նա երկու անգամ գովասանքով է արտահայտվել մրջյունների խելքի մասին:

Նույնիսկ ֆենոմենոլոգիային չիրազեկ զննողի աչքից չի վրիպի Նյու Յորքի եւ մրջնանոցի նմանությունը: