Առանց հայերի

28/01/2010

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության կազմկոմիտեն ընտրել է ոչ ամերիկյան կինոյի միակ անվանակարգի` «Օտարալեզու լավագույն ֆիլմի» 9 հավակնորդներին, որոնց շարքում այս անգամ էլ հայկական անուն չկա: Ընտրությունը կատարվել է տարբեր երկրներից ներկայացված 65 հայտերից, որոնց թվում էին երկու հայ ռեժիսորների` Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N6» (Ռուսաստան) եւ Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմերը, որը Մշակույթի նախարարության ընտրությամբ պետք է ներկայացներ Հայաստանը «Օսկարի» նշված անվանակարգում: Շահնազարովի «Հիվանդասենյակ N6»-ը նկարահանվել է Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա, իսկ Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» նվիրված է իտալացի աշխարհահռչակ կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ եւ քանդակագործ Տոնինո Գուերային: Անցած տարի «Օսկարի» «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում Ռուսաստանը ներկայացնելու հնարավորություն ուներ ռեժիսոր Աննա Մելիքյանը` իր «Ջրահարս» ֆիլմով, որը լավագույնն էր ճանաչվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: «Օսկարի» նախապատրաստություններում մինչ օրս հնչած հայկական միակ ազգանունը Չալդրանյանն է, որի «Լռության սիմֆոնիան» 2002-ին էր հավակնում հայտնվել համապատասխան անվանակարգում, իսկ 2008-ին «Քրմուհին» տեխնիկական պատճառով չէր հայտնվել հավակնորդների ցուցակում: