Հայի վախը

07/09/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ահագին անվախ ազգ ենք: Մեզ չի վախեցնում այն, որ Ադրբեջանն անընդհատ
մեծացնում է իր ռազմական բյուջեն: Հավանաբար աշխարհի ամենաքաջարի ազգը
կլինեինք, եթե չլիներ սեփականաշնորհումը: Հասարակական ունեցվածքի
լայնամասշտաբ սեփականաշնորհումը սկսվել է 1994թ.: Անցած 10 տարիների
ընթացքում, թվում է, հասարակությունը պետք է որ սեփականաշնորհմանը վարժված
լիներ: Մինչդեռ մենք ցնցվում ենք` հենց խոսք է բացվում որեւէ նկատելի
օբյեկտի, շինության, տնտեսական համակարգի սեփականաշնորհման մասին: Հիմա
երեւանցիների խոսք ու զրույցի թեման մարզահամերգային համալիրի
սեփականաշնորհումն է: Մի կողմից հասարակական վախը փորձառության արդյունք
է: Սեփականաշնորհման առաջին փուլն աղետալի տնտեսական հետեւանքներ ունեցավ:
1996-97 թթ. հրապարակվեցին առաջին լուրջ վերլուծությունները: Պարզվեց`
սեփականաշնորհումը դարձել է բիզնեսի ինքնուրույն ճյուղ: Հարուստների
ձեւավորվող դասը ձեռք էր բերում որեւէ ձեռնարկություն կամ օբյեկտ, արագ
ապամոնտաժում եւ վաճառում սարքավորումները: Աշխատած գումարները կրկին
ուղղորդվում էին սեփականաշնորհում: Հաջորդ խոշոր բացթողումն այն էր, որ
սեփականատերը որեւէ պարտավորություն չուներ իր սեփականության նկատմամբ:
Հենց այդ պատճառով էլ կարող էր ապամոնտաժել ու մաս-մաս վաճառել այն:

Առաջին փուլում ունեցած լուրջ ձախողումից հետո իշխանությունները
վերանայեցին սեփականաշնորհման օրենքն ու կարգը: Խոշոր արտադրական
ձեռնարկությունները եւ տնտեսական համակարգերը սկսեցին սեփականաշնորհել
հատ-հատ եւ, որ ամենակարեւորն է, առանձին պայմանագրերով: Այդ պայմանագրերը
որոշակի պարտավորություններ էին դնում ապապետականացված հիմնարկների նոր
տերերի առջեւ: Ասել, որ նոր մեթոդը կատարյալ էր, սխալ կլինի, բայց դրական
հետեւանքներ ունեցավ: Ապացույցը հեռախոսահամակարգի սեփականաշնորհումն է,
որի բացասական հետեւանքները հանրահայտ են եւ կարիք չկա դրանք առանձին
ներկայացնել: Փոխարենը հիշեցնենք, որ կառավարությանը երկու անգամ հաջողվեց
օգտագործել պայմանագրի գոյության փաստը: «ԱրմենՏելը», խուսափելով
Միջազգային տնտեսական դատարանից՝ զիջումների գնաց: Սակայն միեւնույն է,
հենց որեւէ նկատվող ոլորտ կամ օբյեկտ է հանվում սեփականաշնորհման,
քաղաքական ուժերի մեծ մասը սկսում է շահարկել այդ փաստը: Այսպես դիվիդենտ
ձեռք բերելը դժվար չէ, որովհետեւ հասարակությունը վախենում է: Ցանկացած
սեփականաշնորհման փաստ Հայաստանում ընկալվում է որպես քցոցի ու
խաբեություն: Քաղաքական պոպուլիստական ուժերը հակված են ամեն ինչ ազգային
արժեք կամ ստրատեգիական երեւույթ համարել: Օրինակ հիմա մարզահամերգային
համալիրը ազգային արժեք որակելով՝ համեմատում են Մատենադարանի եւ Ազգային
պատկերասրահի հետ: Բլեֆն ակնհայտ է: Ոչ մի երկրում Ազգային պատկերասրահը
կամ խոշորագույն գրադարանը մասնավոր սեփականություն չէ: Բայց մասնավոր
սեփականություն կարող է լինել տնտեսության ցանկացած ոլորտ: Յուրաքանչյուր
երկիր ինքն է որոշում իր արգելքների եւ կարգավորիչ միջամտության սահմանը:
Ֆրանսիայում, օրինակ, ջրային տնտեսության ոլորտում եւ պետական, եւ
մասնավոր սեփականություն կա: Միակ օրենսդրական սահմանափակումն այն է, որ
ջրամբարների, ջրային համակարգերի սեփականատերը երկրի քաղաքացի պիտի լինի:

Տնտեսության մեջ հիմնական շահը տնտեսական արդյունավետությունն է: Եթե
օդային երթուղիների գները մատչելի են, եւ ինքնաթիռները չվերթեր կատարում
են, ամենեւին էլ կարեւոր չէ՝ դրանք պետակա՞ն են, թե՞ մասնավոր: Հանրահայտ
է նաեւ, որ պետությունը վատ տնտեսվարող է: Այս պատճառով շուկայական
տնտեսության երկրներում իշխանությունները գերադասում են ապապետականացնել
բոլոր այն ոլորտները, որոնք պահանջարկ ունեն մասնավորի մոտ: Լավագույն
օրինակը, թերեւս, անգլիական երկաթուղիների պատմությունն է: Հենց ոլորտը
դառնում է շահութաբեր, այն մասնավորեցվում է, վնասով աշխատելու շրջանում
կառավարությունը ետ է գնում եւ ինքը շահագործում: Պետության վատ
տնտեսվարելու ինքնատիպ օրինակի կարելի է հանդիպել Ռուսաստանում: Նման
«խմող» երկրում, ուր օղին հանապազօրյա հացի պես բան է, պետական
«ՀՏրրտՌՐՑտՐՏՎ» ընկերությունը, որին պատկանում է Ռուսաստանում արտադրվող
սպիրտի 60 եւ օղու 40 տոկոսը, աշխատում է վնասով: 2005-ի մայիսի 1-ի
դրությամբ այս ընկերության պարտքը կազմել է 1 մլրդ ռուբլի։ Նման
ցուցանիշներ ունեցող ոլորտներն ապապետականացնելով՝ պետությունն ազատվում է
բազում վերահսկողական գլխացավանքներից: Փոխարենը՝ իրեն վերապահելով միայն
հարկեր գանձելու հաճելի պարտականությունը: Այս պարագայում անգամ խիստ
կարեւոր է մնում այն պայմանագիրը, որը կնքվում է սեփականաշնորհելիս: Ճիշտ
պայմաններ պարտադրելը մեր չինովնիկները սովորեցին բազում սխալներ թույլ
տալով: Օրինակ, Երեւանի կոնյակի գործարանի սեփականաշնորհումը պատահաբար
հաջող ստացվեց: Ֆրանսիական ընկերությանը ճիշտ պայմաններ չպարտադրվեցին` ոչ
խաղողի մթերման, ոչ շշալցման նվազագույն ծավալ, եւ այլն: Իսկ «Զվարթնոց»
օդանավակայանի կառավարումն արգենտինահայ Է. Էռնեկյանին հանձնելու
պայմանագիրն այլ պարտավորությունների հետ արձանագրում է, որ օդանավակայանը
ոչ բնակլիմայական պատճառներով չի կարող փակվել յոթ օրից ավելի: Այլապես
պետությունն իրավունք ունի չեղյալ հայտարարել պայմանագիրը, առանց
վարձակալի ներդրումները վերադարձնելու:

Այսինքն, եթե սեփականաշնորհումը կամ ապապետականացումը կատարվում է ճիշտ ու
մանրամասն մշակված պայմանագրով` պետությունը միշտ շահում է: Խնդիրը
պարզապես այն է, որ ապագա սեփականատերը Հայաստանում միշտ հաջողում է
շահագրգռել պետական պաշտոնյաներին եւ ստորագրել տալ իրեն ձեռնտու
պայմանագիր: Այլապես հասարակությունը այդքան չէր վախենա
սեփականաշնորհումից: Անիմաստ չէր դողա ամեն մի օբյեկտի համար:
Մարզահամերգային համալիրն ի վերջո Երեւանի դիմանկարը կերտող կառույցներից
չէ: Հատկապես, որ նոր սեփականատերը խոստանում է չփոխել շինության արտաքին
տեսքը եւ գործունեության պրոֆիլը: Ասածից պետք չէ ենթադրել, որ ես
գովերգում եմ այս սեփականաշնորհումը: Նախ՝ չի հրապարակվել գործարքի
պայմանագիրը: Երկրորդ` սա սեփականաշնորհման հերթական գաղտնի օրինակ է: Եվ
կարծում եմ, որ վախենալ պետք է միայն ոչ հրապարակային եւ ոչ մրցութային
սեփականաշնորհումներից: