Չեն վերահաստատել

26/01/2010

ԵԽ ԽՎ-ի երեկ մեկնարկած ձմեռային նստաշրջանի առաջին նիստում չեն վերահաստատվել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մանդատները: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին փոխանցեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հայկական պատվիրակության մանդատները վիճարկվել են ԵԽ ԽՎ-ում ամենամեծ կուսակցության` Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) բյուրոյի կողմից: «Մանդատների կասեցման պատճառը ՀՀ ԱԺ ղեկավարության կողմից իրականացված ձեռնածությունների արդյունքում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության` «Ժառանգության» ներկայացուցչին ապօրինաբար պատվիրակության մշտական կազմից հեռացնելու եւ տիկ. Փոստանջյանի մասնակցությունը ԵԽ ԽՎ նիստին արգելափակելու գործողություններն են»,- ասված է «Ժառանգության» երեկ տարածած հաղորդագրության մեջ: Ի դեպ, թեեւ Զ. Փոստանջյանը զրկվել էր ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հիմնական անդամի կարգավիճակից, նա մեկնել է Ստրասբուրգ ԵԽ ԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով, ինչպես տեղեկացրել է «Ժառանգությունը»` Ստրասբուրգից կատարված անմիջական ֆինանսավորմամբ: Երեկ ավելի ուշ հայկական պատվիրակության մանդատները չվերահաստատելու փաստը հաստատել է նաեւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա ասել է, որ հայկական պատվիրակության անդամները կմասնակցեն Վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին, մինչեւ ԵԽ ԽՎ-ի ընթացակարգերի, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի կողմից տվյալ հարցով վերջնական որոշում կայացնելը: Դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա հունվարի 28-ին: Նշենք, որ երեկ ԵԽ ԽՎ նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչ Մովլուդ Չավուշօղլուն: