Համաձայնեցրել են ներածությունը

26/01/2010

Երեկ Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հանդիպումն անց է կացվել ՌԴ նախագահի` Սոչիի կեցավայրում, դրան մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները: Շուրջ երկու ժամ տեւած հանդիպումից հետո երեք երկրների նախագահները այն, ըստ պաշտոնական հաղորդագրության, շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում. նրանք միասին ճաշել են: Երեկ օրվա վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սոչիի օդանավակայանում առանձին-առանձին հանդիպել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Երեկվա հանդիպումների արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Լավ է դա, թե վատ, պարզ կդառնա առաջիկա զարգացումների արդյունքում: Հիշեցնենք միայն, որ հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ կանխատեսումներ էին հնչում այն մասին, որ Սոչիում կողմերի միջեւ որեւէ փաստաթուղթ կստորագրվի: Իսկ Սոչիում կայացած հանդիպման մասին որոշակի տեղեկատվություն է պարունակում միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը «դրական» գնահատելով երեկվա հանդիպումը, ասել է, թե կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած փաստաթուղթը եւ համաձայնել են լրացնել իրենց դիրքորոշումը այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ պայմանավորվածություն կամ համաձայնություն դեռեւս ձեռք չի բերվել:

«Հայաստանը եւ Ադրբեջանը կպատրաստեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի շուրջ իրենց առաջարկությունները: Այդ փաստաթղթի ներածական մասն արդեն համաձայնեցված է»,- հայտարարել է Լավրովը: