«2007թ. հասարակությունը ՀՅԴ-ին ձայն է տվել որպես իշխանություն, այսինքն` ՀՅԴ-ն իր տոկոսները չի հավաքել որպես ընդդիմություն»,- ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում արված վերջին փոփոխության մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: «Հիմա ինչ-ինչ պատճառներով ՀՅԴ-ն դարձել է ընդդիմություն եւ կարող է ներկայացնել ընդդիմության տեսակետը, բայց դա իրավունք չի տալիս ԱԺ նախագահին՝ ընդդիմություն հանդիսացող պատգամավորական խմբի անդամին, որը 2007թ. որպես ընդդիմություն է հանդես եկել ընտրողների առջեւ, պատվիրակությունից հանել»,- ասել է ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավարը: Հիշեցնենք, որ ՕԵԿ միջնորդությամբ եւ ԱԺ նախագահի որոշմամբ ԵԽ ԽՎ պատվիրակության մշտական անդամ Զարուհի Փոստանջյանը տեղափոխվեց փոխարինող կազմ` կորցնելով որոշակի իրավունքներ: «Զարուհի Փոստանջյանը ակտիվ գործունեություն էր ծավալում, որը դուր չէր գալիս իշխանությանը, եւ նպատակ կար ակտիվությունը պակասեցնելու, ու որոշեցին ՕԵԿ-ական Արծրուն Աղաջանյանին ուղարկել, որի գնալ-չգնալով ոչինչ չի փոխվելու ԵԽ ԽՎ-ում»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը, ավելացնելով, որ ԵԽ ԽՎ-ն էլ չի առարկի ներկայացվող փոփոխության դեմ: «Հիմնականում իրենք հարգում են ինքնիշխան պետություններին եւ ընդունում են այն կազմը, որ ներկայացնում է իշխանությունը` քիչ բացառություններով։ Կարծում եմ, առարկություն չի լինի, եւ ԵԽ-ն կհաստատի այդ փոփոխությունը»: Հ. Հովհաննիսյանը կարծում է, որ կազմի փոփոխությունը ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքում կբերի որակական փոփոխության, որովհետեւ իրականում ընդդիմության տեսակետները կամ իրական գնահատականը իրավիճակի, որ գոյություն ունի Հայաստանում, ներկայացնում էր Փոստանջյանը: «Մանավանդ Զ. Փոստանջյանն իր ամբողջ քաղաքական ակցենտը մարտիմեկյան եւ հետմարտիմեկյան իրադարձությունների վրա էր դրել. ուղղակի դրա մասին այլեւս չեն խոսի ԵԽ ԽՎ-ում: Որ անկեղծ ասեմ, երեւի ԵԽ ԽՎ-ն էլ Զ. Փոստանջյանի չափից դուրս ակտիվությունից ուզում էր խուսափել: Այնպես որ, կարծում եմ, ամեն ինչ արվում է ԵԽ-ում Մարտի 1-ի մասին քիչ խոսելու կամ չխոսելու համար: Ձեւեր են գտնում հենց այդ հարցը լուծելու համար»: