«Որոշողը Թուրքիան է»

26/01/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտը դրական գնահատեց հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը շաբաթ օրը հայտարարել էր, թե դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման, արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից:

«Դատարանի վճիռը թույլ է տալիս արձանագրություններն, այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների եւ ստորագրման պահին, տանել խորհրդարան` վավերացման: Որեւէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ-որ կերպ բնորոշում է արձանագրությունները: Մեր դիրքորոշումը անփոփոխ է մնում: Մենք աջակցում ենք հարաբերությունների նորմալացման գործընթացին, որը, կարծում ենք, կօգնի Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եւ վստահություն հայտնել, որ Թուրքիան ու Հայաստանը լրջորեն են մոտենում իրենց պարտավորություններին:

Ֆ.Գորդոնը նաեւ կողմերին կոչ է արել արձանագրությունները «ժամանակին վավերացնել»: «Ժամանակին» ասելով` հավանաբար Գորդոնը նկատի է ունեցել մինչեւ ապրիլի 24-ը, որ իր նախագահ Բարաք Օբաման դժվարություն չունենա «ցեղասպանություն» բառից խուսափելու համար: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյայի այս հայտարարությունն անմիջապես արձագանք ունեցավ մեր երկրի քաղաքական դաշտում: ՀՀ իշխանություններին, բնականաբար, ցնծություն պարգեւեցին Գորդոնի խոսքերը: Նրանք Թուրքիայի համար «ապտակ» ու «սառը ցնցուղ» համարեցին ԱՄՆ պաշտոնյայի գնահատականները: ՍԴ որոշման նկատմամբ ԱՄՆ դրական գնահատականը, սակայն, միմյանցից տարբեր մեկնաբանությունների արժանացավ ընդդիմադիր ուժերի կողմից: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն, օրինակ, գտնում է, որ հայ-թուրքական հաշտեցման քաղաքական գործընթացին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է միացել, եւ դա կարեւոր է նաեւ իր հեղինակության համար: Ուստի բնական է, որ այդ երկիրն ամեն ինչ անում է գործընթացն ավարտին հասցնելու համար: «Գորդոնի հայտարարությունը միայն նշանակում է, թե ԱՄՆ-ը չի ցանկանա, որ Թուրքիան օգտվի առիթից ու փորձի տորպեդահարել հաշտեցման գործընթացը` պայմանավորելով դա ՍԴ որոշմամբ: Խնդիրն այն է, որ այս պրոցեսում որոշողը միայն Թուրքիան է: Այսինքն՝ այստեղ մենք պետք է շատ հստակ մի պարզաբանում տանք. սահման բացողը կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատողը Թուրքիան է: Եվ Թուրքիան է որոշում, թե երբ վավերացնի արձանագրություններ, երբ իրականացնի դրան հետեւող` սահմանի բացման ու այլ գործընթացները»,- մեկնաբանում է Լ.Զուրաբյանը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը Թուրքիայի վրա լուրջ ճնշումներ գործադրելու հնարավորություն չունի, որովհետեւ զուտ աշխարհաքաղաքական առումով լուրջ խնդիրներ ունի Միջին Արեւելքում` հատկապես իսլամական աշխարհում: Իրաքում եւ Աֆղանստանում իրականացրած ռազմական օպերացիաներն, ըստ էության, անհաջողության են մատնվել: ԱՄՆ-ը լուրջ մարտահրավերներ ունի իսլամական ահաբեկչության հետ կապված, եւ այդ առումով Թուրքիայի դաշնակցությունն այդ երկրի համար շատ կարեւոր է: Այսինքն՝ որքան Թուրքիան կարող է կախված լինել ԱՄՆ-ից, նույնքան էլ ԱՄՆ-ը կախվածություն ունի Թուրքիայից: Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ հաղորդակցվելու մեղմ կեցվածք է ընդունել:

«ԱՄՆ-ը որքան էլ շահագրգռված լինի այս գործընթացի (հայ-թուրքական հաշտեցման) համար, երբեք կասկածի տակ չեն դնի եւ չեն փորձի վտանգել ամերիկաթուրքական դաշնակցությունը: Թուրքիայի հետ գործընկերության կարեւորությունը կապված է ոչ միայն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հետ, այլ նաեւ նրա հետ, որ Թուրքիան կարեւոր կապող օղակ է իսլամական աշխարհի հետ: Մենք մտադիր ենք խորացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք համաձայնության ենք հասել, եւ հակառակը: Սակայն, չնայած որոշ տարակարծությունների, ԱՄՆ-ը ու Թուրքիան միշտ գերազանց հարաբերություններ են ունեցել»,- Ֆ.Գորդոնի գնահատականին հետեւել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մայք Համերի հայտարարությունը:

Այդպիսով ԱՄՆ-ը ակնկալում է, որ Հայաստանի ՍԴ-ի որոշումը Թուրքիայի համար չպետք է պատճառ դառնա հաշտեցման գործընթացը կասեցնելու համար: Ֆ.Գորդոնի հայտարարությունը ուղղված է միայն Թուրքիային, կարծում է ՀԱԿ համակարգողը: «ՀՀ-ի հետ կապված կարեւոր մեսիջ չեմ տեսնում: Նրանք պարզապես փորձում են ՀՀ-ին գոտեպնդել այս գործընթացի մեջ»,- ավելացնում է Լ.Զուրաբյանը:

Վերջինս գտնում է, որ ՍԴ հունվարի 12-ի որոշումը «որպես այդպիսին՝ ճիշտ վճիռ է»: «Բայց իր հիմնավորման մասով ՍԴ-ն տվել է բացարձակ տգետ, անգրագետ մի հիմնավորում: Դա ոչ թե իրավական փաստաթուղթ է, այլ կոչված է ներքին քաղաքական խնդիրները, քարոզչություն իրականացնելու գործով: Հենց դա էր, որ Թուրքիային թույլ տվեց պատրվակ բռնել այդ տեքստը գործընթացը մերժելու նպատակով: Իսկապես Թուրքիայի հիմնավորումներն այս մեկնաբանության առումով անհիմն են»,- ասում է Լ.Զուրաբյանը:

ԱԺ ընդդիմության` «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ՍԴ որոշումը ծուղակ է, եւ դա հմտորեն օգտագործվում է: «Ֆ.Գորդոնն իր հայտարարությամբ գրեթե հասկացրել է, որ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության մի հատվածի համար արդեն իսկ այդ արձանագրությունների հետ կապված վիճելի հարցեր չկան: Նաեւ գիտակցում են, որ որեւէ վերապահում հայկական կամ թուրքական կողմից կարող է առաջ բերել մյուս կողմի դժգոհությունը: Ես կարծում եմ, որ ուղերձը շատ հստակ է ասված. երկու կողմերը պետք է վավերացնեն արձանագրություններն այն տեսքով, ինչ տեսքով ստորագրել են»,- ասում է Ս.Սաֆարյանը: «Այսինքն` ամերիկյան կողմը հստակ նշել է, որ այդ տեքստերին որեւէ բառի ավելացում չի լինելու: ՀՀ իշխանությունները, որ հույսեր էին փայփայում, թե վավերացումների միջոցով կարող են որոշակի երաշխիքներ ստեղծել առաջ չգնալու հարցում կամ առաջացնելու թուրքական կողմի զայրույթը, ես կարծում եմ, որ հերթական անգամ պետք է հիասթափություն ապրեն իրենց սխալ հաշվարկների պատճառով: Իմ կարծիքով` եւ՛ Թուրքիային, եւ՛ ՀՀ-ին կպարտադրվի վավերացնել արձանագրություններն այս տեսքով»,- հավելեց պատգամավորը:

«Անհասկանալի հայտարարություն»,- իր հերթին Ֆ.Գորդոնի հայտարարությունն այսպես բնորոշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ հենց ՀՅԴ-ն է ցանկանում ԱԺ-ում վավերացման ժամանակ վերապահումներ կցել այդ արձանագրություններին: ՀՅԴ խմբակցությունն արդեն օրենքի նախագիծ է մշակում, որ ՀՀ նախագահից բացի՝ ԱԺ-ն նույնպես ունենա վերապահումներ ընդունելու իրավունք: Դժվար թե Ֆ.Գորդոնի հայտարարությունը ՀՅԴ-ի համար արված լիներ, սակայն դա մեկ անգամ եւս վկայում է, որ ՀՀ խորհրդարանը արձանագրությունները կվավերացնի այն տեսքով, ինչ տեսքով որ Ցյուրիխում դրանց տակ ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ի՞նչ է նշանակում, թե մի պետությունը մեկ այլ պետության որոշումը դրական է գնահատում: Մի խնդիր, որի մեջ ինքն ուղղակիորեն չի առնչվում: Այդ հայտարարության նպատակը, կարծում եմ, մի քիչ պատշաճության սահմաններն անցել է եւ սկսել է արդեն ՀՀ-ի ներքին հարցերին խառնվել: Այն, որ ասում է, թե չի նախատեսում որեւէ վերապահում, դա արդեն այդ չափն անցնելու կետն է, որվհետեւ այդպիսով իրենք փաստորեն ուզում են, որ ՀՀ-ի ԱԺ-ում հանկարծ վերապահումներ չներկայացվեն»,- ասում է Կ.Մանոյանը: ՀՅԴ-ական գործիչը գտնում է, որ այդպիսով ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՀՀ-ի վրա, սակայն Թուրքիայի համար ճնշում չկա: «Բան չի ասում Թուրքիայի մասին»,- եզրափակեց Կ.Մանոյանը: