Երեկ ԵԽ հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել Մարտի 1-ի զոհերի հարազատները: Քանի որ երեկ մեկնարկել է ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանը, Մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքի ակցիայի նպատակն այն էր, որպեսզի ԵԽ ԽՎ-ի քննարկման ժամանակ այս հարցը նույնպես բարձրացվի եւ տրվեն կոնկրետ պատասխաններ: Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին, որն ընդունել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանի մորը` Ռուզաննա Հարությունյանին, եւ Տիգրան Խաչատրյանի մորը` Ալլա Հովհաննիսյանին: Նամակում նշվում է, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները խորը վրդովմունքով են տեղեկացել ՀՀ իշխանությունների «անօրինական» հերթական որոշման մասին, որով վերջիններս փաստացի փորձում են լռեցնել իրենց ու ՀՀ լայն հասարակության ձայնը ԵԽ ԽՎ բարձր ամբիոնից, որն իրականացնում է ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամ Զարուհի Փոստանջյանը»: Նրանք նաեւ նշել են, որ զոհվածների ծնողները պահանջում են բացահայտել Մարտի 1-ի հանցագործության բոլոր մեղավորներին եւ խստագույնս պատժել նրանց: Ս.Զեհեն խոստացել է այդ նամակն ուղարկել Ստրասբուրգ: «Մեզ ասել էին` ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը պաշտպանելու է ձեր շահերը, իսկ մենք ասում ենք` ոչ, նա մեր շահերը չի պաշտպանի: Եթե նա մեր շահերը պաշտպանող լիներ, 2 տարի է` ինչ գնդակահարել են մեր զավակներին, ՀՅԴ-ն նույնիսկ չի ցավակցել մեզ, չի աջակցել, մի ճանապարհ ցույց չի տվել, մենք ինչպե՞ս կարող ենք վստահել Արմեն Ռուստամյանին»,- ասել է զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Իսկ զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, ասել է. «Գնացել են գործը փակելու, հատուկ ծրագրավորել են, որ հատուկ այդ տասը սպանված երիտասարդների գործը փակեն` Ա. Ռուստամյանը եւ նրա հետ գնացածները»: Նշենք, որ 10 զոհերի հարազատներից մի քանիսը երեկ այցելել են նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հանրային խորհրդից ոչինչ կախված չէ, սակայն ցանկանում էինք իմանալ, թե ի՞նչ է մտածում խորհուրդը մարտի 1-ի սպանությունների մասին»,- «Ա1+»-ին ասել է Ալլա Հովհաննիսյանը: Վ. Մանուկյանին նա ընդամենը մեկ հարց է տվել` ի՞նչ եք կարծում, իրավական երկրում ցուցարարին սպանո՞ւմ են: Ա.Հովհաննիսյանի խոսքերով` Վ. Մանուկյանը իրեն պատասխանել է. «Իսկ ի՞նչ է, դուք այստեղ իրավական երկիր եք տեսնո՞ւմ»: Զոհերի հարազատներին Վ.Մանուկյանն ասել է, թե չի տեսնում նրանց մտահոգող հարցի լուծումը: «Վ. Մանուկյանն ասաց, որ ելք չի տեսնում եւ չի տեսնում Մարտի 1-ի սպանությունների բացահայտում»,- Վ. Մանուկյանի խոսքն է փոխանցել զոհերից Տ. Աբգարյանի մայրը` Ռ. Խաչատրյանը: Զոհերի հարազատները պահանջում են նոր փաստահավաք խումբ ստեղծել կամ վերականգնել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված փաստահավաք խումբը եւ իրենց էլ ընդգրկել այդ խմբում։ «Իսկ Վ.Մանուկյանը եւ իր Հանրային խորհուրդը թող կարդան մինչ օրս Փաստահավաք խմբի կատարած աշխատանքներն ու զեկույցները: Գուցե դրանից հետո հասկանան, թե ինչով պետք է զբաղվի Հանրային խորհուրդը»,- ասել են նրանք` ավելացնելով, որ իրենց համար վիրավորական է, երբ իրենց որդիների սպանությունների հարցը կապում են իշխանության կամ ընդդիմության հետ, իսկ իրենց որդիների սպանությունների բացահայտմանն ուղղված իրենց քայլերը համարում ընդդիմադիր գործունեություն: