Ամենամեծ անկումը անկախ Հայաստանում

26/01/2010 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Եվ այսպես` կառավարության կանխատեսումները, թե 2009 թվականը կամփոփվի շուրջ 15 տոկոս տնտեսական անկմամբ, իրականություն դարձան: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի

ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2009 թվականին Հայաստանի Համախառն ներքին արդյունքը` 2008 թվականի ՀՆԱ-ի համեմատ կրճատվել է 14.4 տոկոսով:

Հիշեցնենք, որ 2008թ. արձանագրվել է 6.8 տոկոս տնտեսական (այսինքն` ՀՆԱ) աճ, իսկ 2002-2007թթ. տնտեսական աճը միջինում կազմել է տարեկան 13 տոկոս: Ուշագրավ է նաեւ, որ բացարձակ թվով 2009թ. արձանագրված ՀՆԱ-ի անկումը գերազանցում է անկախ ՀՀ-ում արձանագրված նույնիսկ ամենամեծ երկնիշ աճին (2003 թվականին պաշտոնական վիճակագրությունը արձանագրել էր ՀՆԱ-ի 14 տոկոսանոց աճ, ինչը անկախ Հայաստանի երբեւէ գրանցած ամենաբարձր տարեկան տնտեսական աճի ցուցանիշն է): Ինչեւէ, այն, որ 2009թ. ամփոփվեց հենց 14.4 տոկոսանոց անկմամբ, եւ ոչ թե ավելի մեծ թվով, պայմանավորված է նրանով, որ 2008թ. նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն բավականին մեծ անկում էր արձանագրել: Օրինակ` 2008թ. նոյեմբերին համախառն ներքին արդյունքը հոկտեմբերի համեմատ նվազեց ավելի քան 30%-ով` կազմելով 280.3 միլիարդ դրամ: Եվ բնական է, որ այս անկման ֆոնին` 2009թ. վերջին ամիսների ՀՆԱ-ն պետք է ավելի փոքր անկում արձանագրեր, քան 2009թ. առաջին երեք եռամսյակներին: Հիշեցնենք, որ 2009թ. տնտեսական անկման ամենաբարձր ցուցանիշը արձանագրվեց հունվար-հուլիս ժամանակահատվածի համար, երբ պաշտոնական վիճակագրությունը գրանցեց ՀՆԱ-ի 18.5 տոկոսանոց կրճատում: Այնուհետեւ հունվար-օգոստոս, հունվար-սեպտեմբեր, հունվար-հոկտեմբեր եւ հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՆԱ անկման ցուցանիշը գնալով նվազեց` կազմելով համապատասխանաբար 18.4, 18.3, 17.5 եւ 16 տոկոս: Ինչ վերաբերում է 2009թ. դեկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների ՀՆԱ-ի ցուցանիշների դինամիկայի համեմատությանը, ապա նշենք, որ եթե նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել էր 6.6 տոկոս անկում, ապա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվեց 18.3 տոկոս աճ: Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ոլորտներին, ապա 2009թ. տարեկան կտրվածքով անկում է արձանագրվել գրեթե բոլոր ասպարեզներում: Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2009թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության անկումը կազմել է 0.1 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է ավելի քան 7 տոկոսով: Ծառայությունների ծավալը աճել է 1.3 տոկոսով: Շինարարության ոլորտում, չնայած, ամսական կտրվածքով գրանցվել է 14.8 տոկոս աճ (դեկտեմբերը` նոյեմբերի նկատմամբ), այդուհանդերձ, 12 ամիսների համար անկումը գերազանցել է 34%-ը: Արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 27%-ով` կազմելով շուրջ 4 միլիարդ դոլար: Արտահանումը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 34 տոկոսով եւ կազմել շուրջ 700 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են ավելի քան 25 տոկոսով` կազմելով 3.3 միլիարդ դոլար: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այսպիսով կազմում է շուրջ 2.6 միլիարդ դոլար: Ուշագրավ է, որ արտահանման եւ ներմուծման նվազման, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ծավալների կրճատման ֆոնին` պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է մանրածախ առեւտրաշրջանառության 1 տոկոս աճ 2009թ. տարեկան կտրվածքով: Իսկ 2009թ. դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը արձանագրել է գրեթե աներեւակայելի` ավելի քան 70 տոկոսանոց աճ: Անշուշտ, այստեղ մեծ նշանակություն է ունեցել ՀԴՄ կտրոններով խաղարկության եւ բոնուսային մեխանիզմը: Այսպիսով` 1994թ.-ից ի վեր առաջին անգամ Հայաստանի Համախառն ներքին արդյունքը 2009թ. գրանցեց բավականին մեծ անկում, թեեւ առանձին վերցված դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, լավատեսական հույսեր ներշնչում են: