Միայն խաղաղ պայմաններում

26/01/2010

Երեկ Երեւանի պետական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ուսանողի այն հարցին` ԼՂՀ բանակցային գործընթացում այս տարի առաջընթաց կնկատվի՞, թե՞ ոչ, ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է. «ԼՂՀ բանակցային գործընթացն ընթանում է բնականոն հունով: Քանի որ նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, գործընթացում առաջընթաց ունենալու երկկողմանի ակնկալիքներ էլ պիտի լինեն: Յուրաքանչյուր կողմ բանակցային գործընթացում մեկ ակնկալիք ունի, որ իր տեսակետները եւ իր նպատակները կարողանա հիմնավորված ձեւով ներկայացնել»: Նրա կարծիքով, 2010թ. ՀՀ ղեկավարությունը համապատասխան աշխատանք կտանի, որպեսզի բանակցային գործընթացը առաջ գնա: «Ես գտնում եմ, որ այս բանակցային գործընթացի հիմքում պետք է արվի ամեն ինչ, որպեսզի ԼՂՀ հարցը լուծվի միայն երկխոսության եւ խաղաղ պայմաններում: Սակայն ես ունեմ իմ կարգախոսը. եթե ուզում ես հասնել խաղաղության, միշտ պետք է պատրաստ լինես պատերազմի»,- հավելել է նա: