Արդեն տեւական ժամանակ է` գործում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ինտերնետային բլոգը (http://tigransargsyan.livejournal.com), որի նպատակը, ինչպես նախաբանում Տ. Սարգսյանն է գրել` իր մտածողությունը հանրությանը հասկանալի դարձնելն է: Նրա կարծիքով` մամուլը զրկում է իրեն ժողովրդի հետ անմիջական շփման հնարավորությունից` «պարտադրելով իր կարծիքը», ուստի նա ստիպված ընտրել է վիրտուալ շփման միջոցը:
«Անկեղծ ասած` ինձ համար կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում:
Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի եւ գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարեւոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ: Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու»,- բլոգի նախաբանում գրել է Տ. Սարգսյանը: Մեկ ամսվա ընթացքում «այս տարածության» մեջ սա նրա թողած միակ «խոհն ու գաղափարն» է: Իսկ թե ով է նրան խանգարում այստեղ նոր գրառումներ կատարել` պարզ չէ: Ու քանի որ Տ. Սարգսյանն այլեւս վիրտուալ աշխարհում շփման մեջ չի մտնում իր կայքի այցելուների հետ, բլոգում, ինչպես միշտ է լինում` երկխոսություն է ծավալվում այցելուների միջեւ: Եվ որոշ այցելուների մտավախությունը, թե այս կայքը կդառնա հերթական «չաթ» անելու վայր` կարծես իրականություն է դառնում: Չնայած սրան, հետաքրքիր է, թե մեր քաղաքացիներն ինչպիսի հարցադրումներով են դիմում ՀՀ վարչապետին: Եվ այսպես. անհայտ անունով մի այցելու ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի նախաբանի առիթով գրում է. «Դուք անշուշտ խելացի մարդ եք: Այս բլոգի ստեղծումն էլ է վկայում դրա մասին: Բայց ձեր ղեկավարած կառավարության գործողություններում խելքն ու խելամտությունը, կներեք, 4-րդ կարգի ու հաճախ չօգտագործվող գործոն է: Դուք ՀՀ կառավարության նիստերի ժամանակ շատ եք խոսում մեր կյանքի արատավոր կողմերի մասին: Լավ եք խոսում ու լավ եք անում: Բայց ինչո՞ւ խոսքին կոնկրետ գործողություններ չեն հետեւում»: «smbatlragrox» ծածկանունով այցելուն էլ հույս է հայտնում, որ բլոգում Տ. Սարգսյանն իրենց հետ կլինի «ազատ ու անկաշկանդ, կխոսեք մեր երկրի թերությունների, արատավոր երեւույթների եւ կներկայացնենք նրանց լուծման ձեր տեսլականը»: Անպատասխան են մնացել նաեւ «hasifai»-ի հարցադրումները. «Արդյոք Դուք պատրա՞ստ եք լսել շատ ու շատ բացահայտումներ կառավարության անդամների, նրանց գործունեության մասին: Արդյոք պատրա՞ստ եք հետեւողական լինել ու մեր օգնությամբ իրապես պայքար սկսել կոռուպցիայի, հովանավորչության դեմ»: Մի այցելու էլ կասկած է հայտնում, թե Տ. Սարգսյանը կկարողանա իրենց հետ շփվել ազատ. «Հարգելի վարչապետ, հավատում եմ Ձեր անկեղծ մտադրություններին, բայց մտավախություն ունեմ, որ դրանք կմնան չիրացված, քանի որ երբեք ազատորեն չեք կարողանա հայտնել, թե ինչի մասին եք իրականում մտածում, եւ դարձյալ կունենանք պարտադրված կարծիք, պարտադրված խոսքեր: Առաջին հերթին ճգնաժամային է կոռուպցիայի վիճակը երկրում: Կյանքի ընթացքում ավաղ ստիպված ենք լինում առնչվել այս կամ այն պետական մարմնի հետ, եւ իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ ՉԿԱ այնպիսի մարմին, որտեղ սովորական քաղաքացին ցանկանա գնալ: Առկա է ՀԱՄԱՏԱՐԱԾ կաշառքի շորթում եւ որքան էլ երկրում գործեն կոռուպցիայի դեմ գործողությունների մոբիլիզացիայի ծրագրեր եւ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող այլ ծրագրեր, նախաձեռնություններ, ես ուղղակի ապշում եմ, երբ տեսնում եմ՝ ինչ է կատարվում պետական մարմիններում: Ես հասկանում եմ, որ մարդկանց մտածելակերպն աղճատված է այն աստիճանի, որ իրենք պատրաստ են «մաղարիչ» անել, բայց ի՞նչ է նշանակում, երբ օրինակ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի աշխատողն անթաքույց կատարում է կաշառքի շորթում բոլոր գործընկերների մոտ, այն էլ քիչ թե շատ իրավագիտակցությունից ոչ զուրկ անձանցից, եւ ինչպե՞ս կարելի է հանդուրժել դրան: Իրավապահ մարմինները քրեական գործ հարուցում են միայն այն դեպքում, երբ արդեն առկա են ծանր հետեւանքներ»,- գրում է բլոգի այցելուն` դժգոհելով դատական համակարգի գործունեությունից: Մի այցելու էլ Տ. Սարգսյանին խորհուրդ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարելու մասին ոչ թե խոսել, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկել: «Ես առաջարկում եմ մի հետաքրքիր միտք, որը իրականություն կարող է դառնալ եւ վերացնել կամ գրեթե վերացնել կաշառակերությունը պետավտոտեսչության ոլորտում: Ես ռադիկալ փոփոխություն եմ առաջարկում-վերացնել ԳԱԻ համակարգը, փոխարենը ներդնել ավտոմատ կառավարման համակարգ, որը ամբողջությամբ կֆիքսի մեքենաների խախտումները, իսկ ԳԱԻ-ն կլինի բարձր որակավորմամբ 50-100 մասնագետների խումբ, որոնք կկառավարեն այդ համակարգը, իսկ մի ներկայիս ԳԱԻ-ն կդառնա հրշեջ ծառայության պես մի բան. եթե վթար է տեղի ունենում, նրանց կանչ է կատարվում»: Այցելուն նաեւ նշել է այն քայլերի հաջորդականությունը, որոնք, ըստ նրա` կապահովեն այս խնդրի լուծումը: «Եթե հաշվարկենք ԳԱԻ-ի վրա կատարվող տարեկան գործառնական ծախսերը, ինչպես նաեւ հիմնական միջոցների ձեռքբերումները` նկատի ունեմ մեքենաներ եւ այլն, ապա կարելի է այդ 1 տարվա ծախսերով իրականացնել իմ առաջարկը»,- գրում է այցելուն` առաջարկելով բոլոր մեքենաներում տեղադրել GPS համակարգ, որտեղ գրվում է առանձին սոֆթ, որը համատեղվում է ՀՀ էլեկտրոնային մանրակրկիտ քարտեզի հետ: Մի այցելու էլ Տ. Սարգսյանին անվանում է «փայլուն դեմագոգ», ով խոսում է հասարակության օրինակելի մոդել կառուցելու մասին, բայց իրականում անում է այն, ինչ իրեն թելադրում են իր ստվերային թիմակիցները, որոնց «տեսություններն ավելի շատ աբսուրդի տեսություններ են, քան ռեալիզմի եւ առողջ հասարակություն կառուցելու ուղիների մատնանշում»: «Ցնդաբանություններին վերջ տվեք եւ անցեք գործի…»,- վերջում վարչապետին հորդորում է բլոգի այցելուն: Մեկն էլ դժգոհում է, թե «բոլոր տեսակի բիզնեսի զարգացման եւ աջակցման ծրագրերը դատապարտված են ձախողման, քանի դեռ Հայաստանում կաշառակերությունը զարգանում է շատ ավելի նախանձելի տեմպերով, քան որեւիցե այլ բան: Երկիրը դարձել է մի քանի մարդկանց պատկանող մի մեծ ՍՊԸ, եւ այդ մարդիկ են որոշում, թե հարկերի որ մասը պետք է վճարվի պետբյուջե եւ որ մասը կաշառքի տեսքով յուրացվի, մինչդեռ պրն վարչապետը գլուխ է կոտրում, թե ինչպես ապահովել բյուջեի եկամտային մասը…»: Մեկ այլ այցելու էլ դիմելով բլոգը վարողին, քանի որ վստահ չէ, որ այն Տ. Սարգսյանն է վարում, գրում է. « Թույլ տվեք մատնանշել այն փաստը, որ բլոգոսֆերան չի ներկայացնում հայ հասարակությունը, որովհետեւ բլոգ ունենալը ենթադրում է, որ տվյալ մարդը տեխնիկապես գրագետ է, ունի ելք դեպի ինտերնետ եւ բավարար ազատ ժամանակ «ամբաղ-զամբաղ» խոսելու եւ ինտերնետում շփվելու համար: Այս ամենը նշանակում է, որ բլոգոսֆերան որոշակի ֆիլտր անցած հասարակական շերտ է: Թեեւ Դուք վերեւում խոսում եք «շփման» մասին, առայժմ Ձեր բլոգում երթեւեկությունը միակողմանի է: Առաջարկում եմ, գոնե ձեւի համար, պատասխանել 1-2 հարցի, դիտարկման: Բոլորի համար «շփումը» շատ ավելի հետաքրքիր կդառնա: Դուք պարբերաբար դժգոհում եք մամուլից: Կարծում եմ, հայաստանյան մամուլը բարելավելու իրական ճանապարհը ոչ թե բլոգ բացելն է, այլ թույլ տալը, որ այս ոլորտում իրական մրցակցային շուկա ձեւավորվի: Կարծում եմ, «Ա1+» անվանումը Ձեզ շատ բան կարող է ասել Հայաստանի մեդիա-շուկայի մասին: Գոնե Դուք շուկայական հարաբերություններից բոլորից լավ եք գլուխ հանում…»: Մի այցելու էլ գրում է. «Պարոն վարչապետ, էս բլոգը որ բացել եք, չե՞ք վախում, որ Ձեզ այստեղ նեղելու ենք: Որովհետեւ այստեղ սաղս գրում ենք, ոչ ոք դեռ բռնությամբ գոնե այստեղ աչքի չի ընկել 🙂 Այ օրինակ. էդ որ Փոստանջյանին բրթբրթում են ոստիկանները, գալիս ա, Ձեզ ա ասում… Դուք ասում եք, որ ընթացք եք տալու… Մյուս օրը էլի են բրթբրթում… Նորմալ ա՞»: Իսկ հետո նա անդրադառնում է Տ. Սարգսյանի` ամրագոտիներ կապելու շոու-ծրագրին. «Նենց տպավորություն ա, որ մեր երկրի բարեկեցությանը ռեմեններն (ամրագոտիներն) էին պակաս մենակ: Բայց պարոն վարչապետը ռեմեններով զբաղվում ա՞… Ուրեմն պրոբլեմ չկա: Ես չեմ ասում, որ վատ բան ա ռեմենը: Բայց դե գիտեք, որ տպավորություն ա, որ մենակ տենց հարցերով են Ձեզ թողնում զբաղվել… Նենց տպավորություն ա, ոնց որ Ձեզ պաշտոնով իջեցրել են: ԿԲ-ի նախագահը դարձել է ԳԱԻ-ի պետ: Իսկ ասենք «Փոքր եւ միջին բիզնես» կամ «Ժողովրդավարության չգիտեմ-ինչեր» կամ «Ֆինանսական Ճգնաժամ»… Տենց հարցերում, Վարչապետ ջան, սուս: Էս հարցը լուծում ենք կապիկներով»: «Կատարե՜ք խոստումը» վերնագրով էլ, «naki_zatik» ծածկանունով այցելուն հորդորում է վարչապետին կատարել երկու տարի առաջ տված խոստումն ու վերջապես վերանորոգել Խ.Աբովյանի անվան դպրոցը: «Սակայն հիմա էլ երեխաները վախը սրտերում, որ մի օր կարող է փուլ գա հրդեհված տանիքը, դաս են անցկացնում նախնադարյան մեթոդներով ջեռուցվող սենյակներում: Եվ դա մեր մայրաքաղաքի կենտրոնում: Մի՞թե կարգն է այդպիսին, որ միակ դպրոցը, որտեղ կաշառք իսպառ գոյություն չունի, պետք է անտեսվի: Այս դեպքում սկսում եմ հավատալ չար լեզուներին, որ դպրոցի շենքը ցանկանում է ճանկել հերթական չկայացած օլիգարխը»,- գրում է նա: Մեկ այլ այցելու էլ գրում է, թե բոլոր այն տնտեսական խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր պետական համակարգում, անուղղակիորեն կապված են հանրապետությունում ոչ ճիշտ, սխալ մարդկային ռեսուրսների կառավարման հետ, կամ էլ` ընդհանրապես դրա բացակայության հետ: Մի քաղաքացի էլ Տ. Սարգսյանից փորձում է պարզել հետեւյալը. «Միգուցե հարցս շատ միամիտ է հնչում, այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում` Դուք կարող եք Ձեր մեջ ուժ գտնել եւ ի պաշտոնե ներդնել ձեր փոքրիկ լուման, որպեսզի հայ մարդն իր երկրում պատանդի կարգավիճակից վերածվի արժանապատիվ քաղաքացու եւ կյանքի տարբեր ոլորտներում հաջողելու համար ստիպված չլինի տարբեր տիպի հովանավորներ փնտրելու»:
«kirkor axa» ծածկագրով այցելուն էլ Տ. Սարգսյանին հարցնում է, թե ինչո՞ւ է նա բացել այս բլոգը. «Եթե ուզում եք լսել ժողովրդի գաղափարը եւ միտքը, ապա ավելի լավ կլինի օրենքները հարգել: Նախքան ժողովրդին ստիպելը, օրինակներ են պետք մեծերի կողմից, բայց ոչ մի օրինակ չկա, ո՞ւմ նայելովգ ճանապարհային երթեւեկության օրենքներըգ Դուք տեղյա՞կ եք` ի՞նչ է կատարվում տնտեսությունում: Դուք տեղյա՞կ եք` ինչե՞ր են անում»: Մի այցելու էլ դարձյալ զարմանում է, թե ինչու է Տ. Սարգսյանը բացել այս կայքը` թերահավատորեն մոտենալով նախաբանում գրած նրա դիտարկումներին. «Ի՞նչ է տալու Ձեզ այս բլոգը: Մի՞թե տեղյակ չեք հասարակության, կառավարման թերությունների մասին, այն ամբողջ արատավոր երեւույթների, որը հիվանդացրել է այս երկիրը եւ ժողովրդին: Էս դատարկաբանությունները մի կողմ թողեք եւ գործ արեք, ԳՈՐԾ: Սրանով էժան դիվիդենտներ եք հավաքում, լավագույն դեպքում հնարավորություն եք տալիս որոշներին քծնելու եւ շողոքորթելու: Այն ժամանակը, թեկուզ օրը 10 րոպե, որ ծախսում եք այս բլոգի վրա, դուրս եկեք ու շփվեք հասարակ մարդկանց հետ, օգնեք այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, թե չէ` էս անիմաստությունն արդեն ծիծաղելի ու պարզամիտ խաղ է դառնում»: