Ուղարկել են Կանն

26/01/2010

«Սասունցի Դավիթ» էպոսի էկրանավորման համար պահանջվել է 350 մլն դրամ ու 9 տարվա աշխատանք: Սցենարը բեմադրիչ Արման Մանարյանի ձեռքում էր դեռ 1995-ից, սակայն նկարահանման աշխատանքները սկսվել են 2001-ից եւ ի վերջո ամփոփվել 2009թ., քանի որ տարեկան կարողացել են մուլտֆիլմի ընդամենը 10 րոպեանոց հատված ավարտել: 80 րոպե տեւողությամբ այս մուլտֆիլմը ներկայացնում է հայկական էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն էկրանավորումը: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի փոխանցմամբ` սա առաջին հայկական մուլտֆիլմն է, որը կներկայանա 5+1 ձայնային համակարգի հնչողությամբ: Ի դեպ, աշխատանքների ընթացքում փորձել են համագործակցել ռուսական «Սոյուզմուլտֆիլմի» հետ, բայց հասկացել են, որ դա «թանկ հաճույք է»: Այս նախագծի համար գնել են երկու նոր, տեխնիկապես հագեցած համակարգիչներ: Հայկական էպոսի հերոսներին անիմացիայի հնարքներով կերտել է մուլտիպլիկատոր Վարդան Զաքարյանը: Ֆիլմում հնչում է բեմադրիչի որդու` Հայկ Մանարյանի հեղինակած երաժշտությունը: «Սասնա ծռերի» հերոսների ձայները հնչյունավորել են հայ բեմի ծանոթ անուններ` Կարեն Ջանիբեկյան, Ժենյա Ավետիսյան, Երվանդ Մանարյան եւ այլք: Խորեն Աբրահամյանի ձայնն էլ է հնչում. Արման Մանարյանը նրա կենդանության օրոք ձայնագրել է ողջ տեքստը: Գ. Գեւորգյանը նշեց, որ արդեն մտածում են տարբեր միջազգային փառատոներում հայկական էպոս-անիմացիան ներկայացնելու մասին, առաջին հայտը ուղարկել են Կանն: